ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի արդյունքներով լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի կոչման հավակնորդներին:
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակում են Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը և Մայամիի «Ինտերի» հարձակվող, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսին:
4-11-րդ տեղերը զբաղեցրել են Իլկայ Գյունդողանը (129 միավոր), Ռոդրին (110 միավոր), Կիլիան Մբապեն (82 միավոր), Լուկա Մոդրիչը (33 միավոր), Մարցելո Բրոզովիչը (20 միավոր), Դեկլան Ռայսը (14 միավոր), Ալեքսիս Մաքալիստերը (12 միավոր) ու Խեսուս Նավասը (6 միավոր):

Մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակին հավակնում են «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլան, «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, որի ղեկավարությամբ միլանյան ակումբը նախորդ մրցաշրջանում հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, և «Նապոլիի» հետ Իտալիայի չեմպիոնական տիտղոսը նվաճած Լուչանո Սպալետին:
4-10-րդ տեղերում են Ռոբերտո Դե Ձերբին (70 միավոր), Միկել Արտետան (67 միավոր), Զլատկո Դալիչը (49 միավոր), Խոսե Լուիս Մենդիլիբարը (28 միավոր), Դիդյե Դեշամը (26 միավոր), Դևիդ Մոյեսը (22 միավոր) ու Ֆրանկ Էզը (11 միավոր):

2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի մրցանակների հաղթողները հայտնի կդառնան օգոստոսի 31-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողության ժամանակ, որը կանցկացվի Մոնակոյում:


