ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ ողջունում է Եվրոպական դատարանի գլխավոր փաստաբան Աթանասիոս Ռանտոսի դիրքորոշումն այն մասին, որ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կանոնադրությունն արգելում է Սուպերլիգայի ստեղծումը՝ ԵՄ օրենսդրությանը համապատասխան:
«ՈւԵՖԱ-ն ողջունում է գլխավոր փաստաբան Ռանտոսի միանշանակ կարծիքը, որը հուսադրող քայլ է եվրոպական ֆուտբոլային բուրգի ներկայիս դինամիկ և ժողովրդավարական կառավարման կառուցվածքը պահպանելու համար: Կարծիքն ընդգծում է ֆեդերացիաների կենտրոնական դերը սպորտը պաշտպանելու, սպորտային ներկայացման հիմնարար սկզբունքները պահպանելու և մեր անդամների համար բաց հասանելիության և ֆուտբոլը համատեղ պատասխանատվությամբ ու համերաշխությամբ անցկացնելու գործում:
Ֆուտբոլը Եվրոպայում մնում է միասնական և կտրականապես դեմ է եվրոպական Սուպերլիգային կամ ցանկացած նմանատիպ անջատողական առաջարկներին, որոնք սպառնում են ամբողջ եվրոպական սպորտային էկոհամակարգին:
Մինչև հաջորդ տարի Եվրոպական դատարանի վերջնական որոշումը, ՈւԵՖԱ-ն՝ որպես հասարակական շահույթ չհետապնդող կառավարող մարմին, ամբողջությամբ կկենտրոնանա բոլորի համար ֆուտբոլը զարգացնելու իր առաքելության վրա՝ սերտ համագործակցելով ազգային ասոցիացիաների, լիգաների, ակումբների, խաղացողների, երկրպագուների, ԵՄ կառույցների, կառավարությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ, որոնք իսկապես գնահատում են ֆուտբոլը»,- նշված է ՈւԵՖԱ-ի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ 2020 թվականի գարնանը եվրոպական 12 թոփ ակումբներ հայտարարել էին Սուպերլիգա ստեղծելու գաղափարի մասին, սակայն նախագիծն այդպես էլ կյանքի չկոչվեց։


