ՈՒԵՖԱ-ն հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ թույլ է տալիս Լա լիգայի «Վիլյառեալ» - «Բարսելոնա» խաղն անցկացնել ԱՄՆ-ի Մայամի քաղաքում, իսկ Ա Սերիայի «Միլան» - «Կոմո» հանդիպումը` Ավստրալիայի Պերտ քաղաքում:
Միաժամանակ, ՈՒԵՖԱ-ն ակումբներին և ֆեդերացիաներին հորդորել է արտասահմանում խաղեր անցկացնելու համար հայտերը համակարգել եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցի հետ:
«Լիգայի խաղերը պետք է անցկացվեն տվյալ երկրում: Ցանկացած այլ որոշում կզրկի հավատարիմ երկրպագուներին իրենց սիրելի թիմի խաղը դիտելու հնարավորությունից:
Չնայած ցավալի է թույլ տալ, որ այս երկու խաղերը տեղի ունենան Եվրոպայից դուրս, որոշումը բացառիկ է և չպետք է դիտարկվի որպես նախադեպ։ Մեր հանձնառությունը հստակ է՝ պաշտպանել ազգային լիգաների ամբողջականությունը և ապահովել, որ ֆուտբոլը մնա իր տնային միջավայրում»,- հայտարարել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:
Ա Սերիայի և Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


