Աշխարհի 42-րդ ռակետ, չեխ թենիսիստուհի Մարկետա Վոնդրոուշովան հաղթեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղում:
Եզրափակիչում Վոնդրոուշովան 6-4, 6-4 հաշվով առավելության հասավ Թունիսի ներկայացուցիչ Օնս Ժաբերի (6-րդ ռակետ) հետ պայքարում: Մրցախաղը տևեց 1 ժամ 22 րոպե:
24-ամյա Վոնդրոուշովայի համար սա առաջին հաղթանակն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, ինչպես նաև երկրորդ տիտղոսն ընդհանուր հաշվարկում: Ավելի վաղ նա 2017 թվականին հաղթել էր Բեռլինի մրցաշարը:
«Ուիմբլդոնում» հաղթանակի շնորհիվ չեխ թենիսիստուհին 32 նիշով կառաջադիմի և կդառնա աշխարհի 10-րդ ռակետը:
Հիշեցնենք, որ տղամարդկանց մենախաղի եզրափակիչում կմրցեն իսպանացի Կառլոս Ալկարասը (առաջին ռակետ) և սերբ Նովակ Ջոկովիչը (երկրորդ ռակետ): Մրցախաղը կկայանա հուլիսի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
36-ամյա Ջոկովիչը հաղթել է «Ուիմբլդոնի» նախորդ 4 մրցաշարերում, հաղթողի կոչումը նվաճել է նաև 2011, 2014 և 2015 թվականներին: Մրցաշարում տղամարդկանց մենախաղում ավելի շատ տիտղոս նվաճել է միայն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը՝ 8: