Logo

«Ուրարտուի» անպարտելիության ռեկորդն ու հյուրընկալվելիս գրանցած ֆանտաստիկ ցուցանիշը. թիմի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:03 / 14.12.2022• Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Դեկտեմբերի 9-ին «Փյունիկ» - «Ուրարտու» հանդիպումով ավարտվեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության աշնանային հատվածը: VNews-ը սկսում է առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք առաջատար «Ուրարտուին»:

1. «Ուրարտուն» դարձավ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության աշնանային հատվածի հաղթող՝ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ անցկացրած 20 հանդիպումներում վաստակելով 47 միավոր (15 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 37-15), ինչը հնարավոր միավորների 78,3 տոկոսն է:

«Ուրարտուն» 4 միավորով գերազանցեց 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային»: Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Ուրարտուն» զգալի առաջընթաց է ունեցել՝ 21 միավոր ավելի վաստակելով: Հիշեցնենք, որ 2021-22թթ. առաջնության 20 հանդիպումներից հետո «Ուրարտուն» Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ 26 միավորով (6 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 21-18) ընթանում էր 6-րդ տեղում:

2. Հետաքրքիր է, որ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում էլ առաջնության աշնանային հատվածի հաղթող էր ճանաչվել «Արարատ-Արմենիան»՝ 8 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող «Փյունիկին»: Ռուս մասնագետը Հայաստանում մարզչական գործունեությունը սկսել է 2020թ. նոյեմբերից՝ գլխավորելով «Նոան», որը նրա օրոք 2020-21թթ. մրցաշրջանում նվաճեց Հայաստանի գավաթն ու դարձավ առաջնության արծաթե մրցանակակիր: Նախորդ մրցաշրջանում էլ Գունկոյի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» էր դարձել Հայաստանի փոխչեմպիոն:

«Փյունիկի» հետ ընթացիկ առաջնության աշնանային հատվածի ավարտական հանդիպումը Fastex ՀՊԼ-ում Գունկոյի գլխավորած թիմերի 70-րդ խաղն էր, որում 46-րդ հաղթանակը գրանցվեց: Մնացած հանդիպումներից 12-ում գրանցվել է ոչ-ոքի, նույնքան անգամ էլ Գունկոյի թիմերը պարտվել են: Ռուս մասնագետի թիմերը խփել են 114 գոլ, բաց են թողել 49-ը:

3. «Ուրարտուն» գերազանց խաղաց մրցակիցների խաղադաշտերում՝ անցկացրած 10 հանդիպումներում տանելով 9 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, խփելով 24 գոլ, սեփական դարպասը բաց թողնելով ընդամենը 4 գնդակ: Միայն «Ալաշկերտին» հաջողվեց սեփական դաշտում մեկ միավոր վաստակել «Ուրարտուի» հետ մրցավեճում: «Ուրարտուն» առաջնության միակ թիմն է, որը հյուրընկալվելիս չի պարտվել: Թիմի ցուցանիշը լավագույնն է ընթացիկ առաջնությունում:

Սեփական դաշտում անցկացրած 10 հանդիպումներում «Ուրարտուի» օգտին 19 միավոր գրանցվեց (6 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 13-11), ինչը հնարավոր միավորների 63,3 տոկոսն է: «Ուրարտուի» արդյունքը զիջում է միայն «Արարատ-Արմենիային» (23 միավոր) և «Փյունիկին» (21):

Սեփական դաշտում «Ուրարտուն» պարտվել է «Վանին» (0-1), «Լեռնային Արցախին» (2-3) և «Արարատ-Արմենիային» (0-3):

4. «Ուրարտուն» առաջնությունում 12 խաղ անընդմեջ անպարտելի մնաց՝ տանելով 10 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: 2 դեպքում էլ միայն «Ալաշկերտին» է հաջողվել միավոր վաստակել «Ուրարտուի» հետ խաղում: Այդ ընթացքում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 8 անընդմեջ հաղթանակ տոնեց: «Ուրարտուի» 2 ցուցանիշներն էլ լավագույնն են առաջնությունում:

Օգոստոսի 13-ին «Վանից» կրած պարտությունը 200-րդն էր Fastex ՀՊԼ-ում: Իսկ հոկտեմբերի 23-ին «Նոայի»-դարպասը Մաքսիմ Մայրովիչի խփած գոլը Fastex ՀՊԼ-ում թիմի հոբելյանական՝ 1250-րդ գնդակն էր:

20 հանդիպումներից 10-ում թիմի դարպասն անառիկ մնաց: Միայն 3 խաղում («Վան»՝ 0-1, «Ալաշկերտ»՝ 0-0, «Արարատ-Արմենիա»՝ 0-3) «Ուրարտուի» ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասը:

«Ուրարտուն» խոշոր հաշվով 3 հաղթանակ տոնեց («Նոա»՝ 6-0, ԲԿՄԱ՝ 4-1, «Փյունիկ»՝ 3-0), այդ կարգի միակ պարտությունը կրեց «Արարատ-Արմենիայից»՝ 3 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը:

5. «Ուրարտուի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ ընդամենը 2 հարված, որից իրացվել է մեկը: Երկու հարվածներն էլ նշանակվել են «Ուրարտուի» օգտին: Լեոն Սաբուան խոցել է «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովի պաշտպանած դարպասը: Իսկ Մարկոս Ժունիորը չի կարողացել հաղթող դուրս գալ «Շիրակի» դարպասապահ Պողոս Այվազյանի հետ մենամարտում: 

6. Առաջնության աշնանային հատվածում անցկացրած 20 հանդիպումներում «Ուրարտուն» 37 գոլ խփեց: Արդյունավետությամբ «Ուրարտուն» զիջեց միայն 40 գոլ խփած «Արարատ-Արմենիային»: Գոլերի հեղինակներ դարձան 12 ֆուտբոլիստներ: Մեկական անգամ էլ սեփական դարպասը գրավեցին փյունիկցի Միխայիլ Կովալենկոն և «Վանի» պաշտպան Համլետ Ասոյանը: Ժիրայր Մարգարյանը, Լեոն Սաբուան, Մաքսիմ Մայրովիչը, Մարկոս Ժունիորը, Դավիթ Խուրցիձեն և Եվգենի Ցիմբալյուկը բացեցին գոլերի հաշիվն «Ուրարտուի» կազմում:

Առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեց Դմիտրո Խլյոբասը՝ խփելով 7 գոլ: 28-ամյա Խլյոբասը 2022թ. օրացուցային տարում 10 գոլ է խփել: Նա գերազանցեց թիմի նախկին հարձակվող Եվգենի Կոբզարի արդյունավետության տարիքային ռեկորդը, որը 2020թ. 4 անգամ էր գրավել մրցակիցների դարպասները: Խլյոբասն ընդգրկվեց «Ուրարտուի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում:

Դմիտրո Խլյոբասը դարձավ ընթացիկ առաջնության առաջին հեթ-տրիկի հեղինակը՝ օգոստոսի 20-ին կայացած խաղում 3 անգամ գրավելով «Նոայի» դարպասը: Առաջնության մասնակիցներից նման հաջողության հասել են միայն նրա խաղընկերներ Մաքսիմ Մայրովիչն (ԲԿՄԱ-ի հետ խաղում) ու Նարեկ Գրիգորյանը («Շիրակի» հետ խաղում):

6 գոլ խփած 26-ամյա Մաքսիմ Մայրովիչն էլ կրկնեց թիմի նախկին հարձակվող Լաերսիոյի արդյունավետության տարիքային ռեկորդը, որը սահմանվել էր 2016թ.:

7. Օլեգ Պոլյակովն ընդգրկվեց «Ուրարտուի» կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Լեռնային Արցախի» դարպասը գրավելով 31 տարեկան 334 օրականում: Պոլյակովը ցանկից դուրս մղեց Արամ Բարեղամյանին, որը թիմի կազմում վերջին գոլը խփել էր 31 տարեկան 118 օրականում:

«Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը օգոստոսի 28-ին «Լեռնային Արցախի» հետ կայացած առաջնության խաղում յուրօրինակ հակառեկորդ սահմանեց՝ 2 անգամ գրավելով սեփական դարպասը: Նա դարձավ Հայաստանի առաջնությունների մեկ խաղում 2 ինքնագոլ գրանցած միակ ֆուտբոլիստը:

8. «Ուրարտուի» դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: Մեկնարկային 7 հանդիպումներում թիմի դարպասի պաշտպանությունը վստահվել էր Արսեն Բեգլարյանին, որը 6 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,85 գոլ), 3 անգամ դարպասն անառիկ պահեց: Նա ընթացիկ առաջնության մասնակից դարպասապահների մեջ ռեկորդակիր է Fastex ՀՊԼ-ում անցկացրած հանդիպումների (191) և դարպասն անառիկ պահած խաղերի քանակով (76):

Հաջորդ 13 հանդիպումներում թիմի դարպասը պաշտպանեց Ալեքսանդր Մելիխովը՝ բաց թողնելով 9 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0, 69 գոլ), 7 անգամ դարպասն անառիկ պահելով:

24-ամյա ռուս դարպասապահը 4 խաղ անընդմեջ, 451 րոպե շարունակ դարպասն անառիկ պահեց ու գերազանցեց «Փյունիկի» նախկին դարպասապահ Զլատան Ադրովիչի տարիքային ռեկորդը, որը 2007թ. առաջնությունում 330 րոպե գոլ բաց չէր թողել:

9. Առաջնության աշնանային հատվածում «Ուրարտուի» կազմում ամենատարեց ֆուտբոլիստը 32-ամյա Օլեգ Պոլյակովն էր: 18-ամյա Համլետ Սարգսյանն ու Դեյվիդ Օլիվեյրա դա Սիլվան ամենաերիտասարդ ֆուտբոլիստներն էին:

Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (191) «Ուրարտուի» ամենափորձառու ֆուտբոլիստը դարպասապահ Արսեն Բեգլարյանն էր: «Ուրարտուի» կազմում Fastex ՀՊԼ-ում անցկացրած խաղերի քանակով (122) թիմի ամենափորձառու ֆուտբոլիստը Կարեն Մելքոնյանն էր:

Լեգեոնականներից թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել Ուգոչուկվու Իվուն՝ 72: Նա հիանալի հնարավորություն ունի առաջնության գարնանային հատվածում գերազանցելու Նոա Կասուլեի ռեկորդային ցուցանիշը, որն «Ուրարտուի» կազմում 79 խաղի է մասնակցել:

Վադիմ Պարամոնովն ընդգրկվեց «Ուրարտուի» կազմում ելույթ ունեցած ամենատարեց լեգեոնականների տասնյակում: «Փյունիկի» հետ կայացած աշնանային հատվածի վերջին խաղում Պարամոնովը 31 տարեկան 266 օրական էր: Նա ցանկից դուրս մղեց Օլեգ Օստապենկոյին, որը 2009թ. թիմի կազմում իր վերջին խաղն անցկացրել էր 31 տարեկան 174 օրականում:

10. Դմիտրի Գունկոն առաջնության աշնանային հատվածի 20 հանդիպումներում ասպարեզ դուրս բերեց 26 ֆուտբոլիստների, որոնցից 14-ն այլազգի էին:

10 ֆուտբոլիստներ՝ Էվերսոն Պերեյրան, Մաքսիմ Մայրովիչը, Մարկոս Ժունիորը, Դավիթ Խուրցիձեն, Եվգենի Ցիմբալյուկը, Ալեքսանդր Մելիխովը, Լեոն Սաբուան, Եվգենի Նազարովը, Դեյվիդ Օլիվեյրա դա Սիլվան և Համլետ Սարգսյանը նորամուտը նշեցին «Ուրարտուի» կազմում Fastex ՀՊԼ-ում:

Առաջնության հանդիպումներում «Ուրարտուի» ֆուտբոլիստները 38 անգամ զգուշացվել են, Վադիմ Պարամոնովը, Նանա Կվամե Անտվին և Կարեն Մելքոնյանն էլ մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 7 անգամ դեղին քարտի է արժանացել Օլեգ Պոլյակովը:

VNews-ը ներկայացնում է «Ուրարտուի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում:

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Նարեկ Գրիգորյան

20

4

4

2. Ուգոչուկվու Իվու

20

1

3

3. Ժիրայր Մարգարյան

19

1

1

4. Սերգեյ Մկրտչյան

19

1

1

5. Մաքսիմ Մայրովիչ

18

6

-

6. Մարկոս Ժունիոր

18

4

1

7. Օլեգ Պոլյակով

18

3

7

8. Նարեկ Աղասարյան

18

-

4

9.Արման Ղազարյան

18

-

4

10. Կարեն Մելքոնյան

17

2

-(1)

11. Դմիտրո Խլյոբաս

15

7

3

12. Վադիմ Պարամոնով

15

-

1 (1)

13. Դավիթ Խուրցիձե

14

1

1

14. Եվգենի Ցիմբալյուկ

13

2

4

15. Ալեքսանդր Մելիխով

13

-9

2

16. Նանա Կվամե Անտվի

12

-

2 (1)

17. Լեոն Սաբուա

10

3

-

18. Էդգար Գրիգորյան

9

-

1

19. Խարիտոն Այվազյան

8

-

-

20. Արսեն Բեգլարյան

7

-6

1

21. Էվերսոն Պերեյրա

5

-

1

22. Եվգենի Նազարով

2

-

1

23. Էրիկ Փիլոյան

2

-

-

24. Տիգրան Այունց

1

-

-

25. Դեյվիդ Օլիվեյրա դա Սիլվա

1

-

-

26. Համլետ Սարգսյան

1

-

-

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ