Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուն» չկարողացավ հաղթահարել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը և ավարտեց ելույթները եվրագավաթներում։
Պատասխան խաղում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում 2-3 հաշվով պարտվեց ռումինական «Ֆարուլին», որը տարավ կամային հաղթանակ։ Առաջին խաղում ևս Ռումինիայի չեմպիոնը հաղթել էր 3-2 հաշվով։
Երևանի «Ուրարտու» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց գանացի պաշտպան Նանա Անտվին՝ առաջ մղելով դաշտի տերերին։ 47-րդ րոպեին «Ուրարտուի» երկրորդ գոլը խփեց ռուս հարձակվող Լեոն Սաբուան։ Ռումինացի լեգենդար ֆուտբոլիստ Գեորգե Հաջիի գլխավորած թիմը հաշիվը հավասարեցրեց 4 րոպեի ընթացքում։ 53-րդ և 57-րդ րոպեներին աչքի ընկան ռումինացի կիսապաշտպան Դրագոս Նեդելչուն ու հարձակվող Դենիս Ալիբեկը։ Ավելացված ժամանակում Դենիս Ալիբեկը դարձավ նաև դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով «Ֆարուլին»։
Ռումինական ակումբի հաջորդ մրցակիցը կլինի Էստոնիայի չեմպիոն Տալինի «Ֆլորան»։
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել Բոսնիա-Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4):
Ավելի վաղ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր էր նվաճել Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը», որը պայքարից դուրս էր թողել շվեդական «Կալմարին»։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում
«Ուրարտու» (Հայաստան) - «Ֆարուլ» (Ռումինիա)՝ 2-3 (առաջին խաղ՝ 2-3)
Նանա Անտվի, 11, Լեոն Սաբուա, 47 - Դրագոս Նեդելչու, 53, Դենիս Ալիբեկ, 57, 90+2


