Երևանի «Ուրարտուն» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլի դիմակայության պատասխան խաղում ևս հաղթեց էստոնական «Կալևին»:
«Ուրարտուն» տնային հանդիպումն անցկացրեց առավելությամբ և երկու անգամ գրավեց Տալինը ներկայացնող թիմի դարպասը՝ 2-0: Դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Միքայել Միրզոյանը:
12-րդ րոպեին 23-ամյա ֆուտբոլիստը հաշիվը բացեց դիմակայության առաջին խաղում դուբլ գրանցած Էդգար Մովսեսյանի փոխանցումից հետո, իսկ 49-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց թիմի մեկ այլ նորեկի՝ ռուս հարձակվող Իվան Իգնատիևի ասիստից հետո: Երկրորդ գոլի դրվագում ձախ եզրից սրող փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի թեկնածու Ժիրայր Մարգարյանը, Իգնատևն էլ տուգանային հրապարակում սահանկումով գնդակը հասցեագրեց Միրզոյանին, որը մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը:
«Ուրարտուի» կազմում 84-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը, որը ծնկի վիրահատությունից հետո չէր խաղում 2023թ․ փետրվարից։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ուրարտուն» կամային հաղթանակի էր հասել 2-1 հաշվով:
Երևանյան ակումբը որակավորման երկրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի չեխական «Բանիկ Օստրավայի» հետ: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին Չեխիայում, պատասխան մրցավեճը՝ օգոստոսի 1-ին «Ուրարտու» ստադիոնում:
Հայաստանն արդեն երեք ներկայացուցիչ ունի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայում, որտեղ որակավորման երկրորդ փուլից պայքարի մեջ կմտնի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան»: Քիչ անց էլ «Ուրարտուին», «Փյունիկին» և «Արարատ-Արմենիային» կարող է միանալ Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», որը պատասխան խաղը կանցկացնի հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» դեմ: Առաջին մրցավեճում Ռուի Մոտայի գլխավորած թիմն Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում 2-0 հաշվով առավելության էր հասել:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Ուրարտու» (Հայաստան) - «Կալև Տալին» (Էստոնիա)՝ 2-0 (առաջին խաղը՝ 2-1)
Միքայել Միրզոյան, 12, 49


