Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Օլի Ուոթկինսը կարծում է, որ Եվրոպայի առաջնությունում լավագույն խաղը ցույց է տվել Իսպանիայի թիմը:
«Գիտեմ, որ մենք շատ ուժեղ ենք։ Բայց Իսպանիան ծանր հանդիպումներ է անցկացրել և մեզնից ավելի բարդ ճանապարհ է անցել։ Նրանք մեծ թիմերի հաղթեցին։ Կարծում եմ` Իսպանիան Եվրո-2024-ի լավագույն հավաքականն է, ունի դինամիկ վինգերներ, որոնք, չնայած երիտասարդ տարիքին, շատ ինքնավստահ են։ Եթե խոսենք մեր թիմի մասին, բոլորը կարող են գոլի հեղինակ դառնալ։ Այդ պատճառով եզրափակիչը դիտողների համար հիանալի հանդիպում է սպասվում։ Հուսով եմ` մեզ կհաջողվի ավարտել աշխատանքը»,- անգլիական «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստի մեջբերում է Eurosport-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի ու Իսպանիայի հավաքականները դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Հանդիպումը կայանալու է Բեռլինում հուլիսի 14-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Անգլիացիները կիսաեզրափակիչում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարան Նիդերլանդների հավաքականի նկատմամբ, իսկ հաղթական գոլը վերջին վայրկյաններին խփեց Օլի Ուոթկինսը։


