Logo

Վրացական երազանք. Ինչպես միջազգային բորսա մտնելու ուղեգիր վաստակել

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
17:07 / 27.06.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Եվրո-2024-ն աստիճանաբար ընթացք է հավաքում, սակայն խմբային փուլում ձանձրալի հանդիպումների չափաբաժինը շատ էր: Այնուամենայնիվ, այս ընթացքում կային թիմեր, որոնք գլխից բարձր ցատկեցին և ստիպեցին հիանալ իրենց ցուցադրած խաղով:

Այս պահին աշխարհամասի գլխավոր մրցաշարի գլխավոր սենսացիան Վրաստանի հավաքականն է: FastNews-ը գնացել է վրացիների տպավորիչ ելույթների հետքերով։

Շատերը վրացիներին պատահական ուղևոր էին համարում, բայց Վիլի Սանյոլն իր բանդայի հետ ապացուցեց, որ Գերմանիա չի ժամանել տեսարժան վայրերով հիանալու համար:

Թուրքիայի հավաքականի հետ խաղում վրացական կոլեկտիվը զարմացրեց կամային որակներով, խաղի վերջում կովկասյան տաքարյունությունը խանգարեց: Բաց թողած երրորդ գոլը կարող էր ճակատագրական լինել, սակայն մեր հարևանները ոչնչի մասին չէին մտածում, նրանք ֆուտբոլ էին խաղում, հաճույք էին ստանում և նույն հաճույքը պատճառում էին սեփական երկրպագուներին:

Երկրորդ տուրում Չեխիայի հավաքականը չկարողացավ լուծել վրացական արտադրության գլուխկոտրուկը: Այս անգամ Խվիչան և ընկերներն ավելի սառնասիրտ և հանգիստ էին: Հանդիպման վերջում անգամ շանս ունեին հաղթելու, բայց միջազգային փորձն ու լարվածությունը խանգարեցին:

Չեխերի հետ խաղի երկրորդ կեսում տպավորություն կար, որ անդերդոգը ֆիզիկապես չի ձգում: Հաջորդը ցուցակում Պորտուգալիան էր: Ամբողջ Եվրոպան այլ բան էր սպասում, սակայն ամենամեծ երևակայություն ունեցող դրամատուրգն անգամ չէր կարող նման սցենար պատկերացնել: Սանյոլն ու տղաները պատկերացնում էին:

Ինչ իմանար Կրիշտիանու Ռոնալդուն, որ ժամանակին Թբիլիսիի «Դինամոյի» ակադեմիա այցելությունն այդքան կարևոր ու այդքան պատմական արժեք կունենար վրացական աստղերի համար:

null

Ո՞րն է մեր հարևան երկրի հավաքականի հաջողության գրավականը:

Նախ պետք է ֆիքսենք, որ Վրաստանը տիպիկ մարզչական թիմ է: Սանյոլին հաջողվել է բալանսավորված անսամբլ կառուցել, այստեղ առաջին ջութակ չկա: Այո՛, գլխավոր աստղը Խվիչա Կվարացխելիան է, սակայն իտալական «Նապոլիի» եզրային հարձակվողը չէ համակարգի առանցքը: 

Վրացիների միջին գծում գլխավոր գործող անձը Գեորգի Կոչորաշվիլին է, որը ներկայացնում է իսպանական «Լևանտեն», բայց Գեորգին իր ակումբում հիմնական կազմի ֆուտբոլիստ չի համարվում: Չնայած դրան, Կոչորաշվիլին բոլորովին այլ դերակատարում ունի ազգային թիմում: 24-ամյա ֆուտբոլիստը թիմի շարժիչն է, ոգին: Բոլորը զբաղված են Կվարացխելիայի փիարով, սակայն «Նապոլիի» վինգերը չունի անհրաժեշտ խարիզմա, համենայնդեպս, հիմա: Այլ բան է Կոչորաշվիլին: Նա գրոհների կառուցման գլխավոր ճարտարապետն է: Ֆրանսիացի մասնագետի կառուցած համակարգի ողնաշարն այս տղան է: Հենց նա է գրոհներին խորություն հաղորդում, իսկ գնդակը կորցնելու դեպքում կազմակերպում է թիմակիցների կարգապահ նահանջը:

Կոչորաշվիլին խմբային փուլի 3 խաղում 23.92 կմ տարածություն է հաղթահարել, փոխանցումների ճշգրտությունը կազմում է 93.34 տոկոս, 15 երկար փոխանցում` 100 տոկոս ճշգրտությամբ: Այս ընթացքում Գեորգին արգելափակել է մրցակիցների կառուցած 18 գրոհ: Սա անհատական վիճակագրության մի մասն է, որն ամեն ինչի մասին խոսում է:

Միջին գծում Կոչորաշվիլիի հետ փայլուն զույգ է կազմում մեկ այլ Գեորգի՝ Չակվետաձեն: Վրացական նվագախմբի 10 համարը բազմաֆունկցիոնալ խաղացող է, կրեատիվի գլխավոր պատասխանատուն:

Վրաստանի այցեքարտը դարձած ֆիրմային հակագրոհների ժամանակ Չակվետաձեն հիանալի է բաժանում գնդակը, բայց նաև փայլուն է գործում մրցակցի պրեսինգի ժամանակ:

Թիկունքը նույնպես ապահով է գործում. Գուրամ Կաշիա, Լաշա Դվալի, Սոլոմոն Կվերկվելիա, Օթար Կակաբաձե: Խորքում անկասելի Գեորգի Մամարդաշվիլին է, որը ժամանակակից ստանդարտներին համապատասխան դարպասապահ դառնալու ճանապարհին է: Իսպանական «Վալենսիայի» 23-ամյա դարպասապահի խոցելի կողմերից մեկը ոտքով խաղն է, սակայն այս Եվրոյի ընթացքում հստակ երևում է, թե որքան են մարզիչներն աշխատել այդ ուղղությամբ: Հսկա հասակով Մամարդաշվիլին գերազանց է կառավարում մարմինը, իսկ նրա սառնասրտությունը վարակում է թիմակիցներին:

Առջևում սոլո կատարումներով աչքի է ընկնում Ժորժ Միկաուտաձեն: Ֆրանսիական «Մեցի» հարձակվողն այս պահին մրցաշարի գլխավոր ռմբարկուն է: Ժորժն արդեն 3 գոլ է խփել, իսկ Անգլիան, Ֆրանսիան և Բելգիան՝ 2-ական: Միկաուտաձեն չի վախենում գնալ պաշտպաններին ընդառաջ, հարուստ տեխնիկական զինանոց ունի և հաճախ դժվար ընթեռնելի է դիմացինի համար:

null

Պորտուգալացիների հետ խաղում համերգային ծրագրին վերջապես մասնակցեց Խվիչան: «Նապոլիի» վինգերը հաղթահարեց հոգեբանական խնդիրները (կամ մոռացավ), որն առաջացել էին հոր ու գործակալի պատճառով և փայլուն կատարեց գործը: Խաղից հետո Կվարան նաև բոնուս վաստակեց՝ ստացավ Կրիշտիանու Ռոնալդուի խաղաշապիկը:

Իրականում վրացական հեքիաթն այնքան էլ հեքիաթ չէ: Սա լուրջ աշխատանքի արդյունք է: Ի վերջո, վրացիները տարիներով եփում էին իրենց ճաշատեսակը, որպեսզի կարողանան մասնակցել եվրոպական ցուցահանդեսին:

Վրաստանի հավաքականը գերակատարեց խնդիրը: Հերոսները դժվար թե ավելին անեն իսպանացիների հետ 1/8 եզրափակիչի մրցավեճում, դրա կարիքն էլ չկա: Կարևորն այն է, որ միջազգային սկաուտները նոր շուկայի հասցե իմացան, մինչև այդ էլ գիտեին, բայց քիչ էին առևտուր անում, իսկ Եվրոյից հետո վրացիները միջազգային բորսա մտնելու ուղեգիր կունենան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա