Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է լուրջ պատժի ենթարկվել ՈՒեՖԱ-ի կողմից, հայտնում է Sportall.ge-ն:
Ազգերի լիգայի B/C լիգաների որակավորման փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումից (6:1) հետո տանտերերի տասնյակ երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ և վիրավորական ժեստեր ցույց տվել հայ ֆուտբոլասերների կողմն ու շշեր նետել նրանց ուղղությամբ: Այդ միջադեպի պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է հաջորդ տնային խաղում Վրաստանի հավաքականին զրկել երկրպագուների ներկայությունից: Վրացիների հաջորդ տնային խաղը Թուրքիայի հավաքականի դեմ է ԱԱ-2026-ի ընտրական փուլում և նշանակված է սեպտեմբերի 4-ին:
Այդպիսի խիստ պատիժը հավանական է հատկապես նախորդ տուգանքներից հետո: 2024-ին ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 56 հազար եվրոյով տուգանել էր Ազգերի լիգայի Վրաստան – Ալբանիա խաղում տարատեսակ կազմակերպչական խախտումների համար: Այդ տուգանքից 4 հազարը Միխայիլ Մեսխիի անվան ստադիոնի մուտքը փակելու պատճառով էր, 12 հազարը՝ վրացի երկրպագուների՝ լազերային ճառագայթներով մրցակցին շեղելու փորձի, իսկ 30 հազարը՝ պիրոտեխնիկա օգտագործելու համար:
Այդ ժամանակ նաև Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զգուշացում էր ստացել, որ անկարգությունների կրկնության դեպքում տրիբունաներից մեկի օգտագործումը կարգելվի տնային խաղի ժամանակ, սակայն այժմ հնարավոր է՝ որակազրկվի ամբողջ ստադիոնը:


