UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն առցանց տարբերակով բացառիկ հարցազրույց է տվել Fast Sports հեռուստաալիքին:
Չեմպիոնական գոտին նվաճելու մասին
«Ինձ համար կարևորը չեմպիոնական գոտին է: Տարբերություն չկա, թե ում դեմ կմենամարտեմ: Վստահ եմ, որ բոլորին կհաղթեմ: Սեպտեմբեր-հոկտեմբերին պատրաստ կլինեմ հաջորդ մենամարտին»:
Իսլամ Մախաչևի դեմ հնարավոր ռևանշի և քաշային կարգի գործող չեմպիոնի դեմ 5 տարի առաջ անցկացրած մենամարտի մասին
«Հունիսի 1-ը շատ շուտ է Իսլամ Մախաչևի դեմ մենամարտի համար: Հաջորդ մենամարտին լավ պատրաստվելու համար 3,5-4 ամիս է անհրաժեշտ: 5 տարի առաջ էր Մախաչևի դեմ մենամարտը, 22 տարեկան էի: Այդ մենամարտն անցկացնելն օգնեց ինձ մնալ UFC-ի մեջ և առաջ շարժվել: Ես լավ մենամարտ անցկացրեցի այդ ժամանակ»:
Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտում իր կատարած տպավորիչ ոտքով հարվածի մասին
«Դա թաեքվոնդոյի հարված է, շատ սիրում եմ, սակայն մարզումների ժամանակ չեմ կարող շատ ուժեղ հարվածել։ Արդեն կատարում եմ այդ հարվածը, բայց ոչ այդքան լավ։ Ցանկանում եմ հաջորդ մենամարտերում շատացնել դա և փորձել այդ դիրքից նոկաուտի ենթարկել մրցակցին»։
Բենեիլ Դարիուշի դեմ վնասվածքով մենամարտելու մասին
«Դարիուշի դեմ մենամարտում ծնկի վնասվածք ունեի, ցավազրկողներով մենամարտեցի, լավ էր՝ առաջին ռաունդում նոկաուտով հաղթեցի: Այդ մենամարտից հետո վիրահատության ենթարկվեցի, այժմ ամեն ինչ կարգին է»:
«Ախալքալաքեց» կեղծանվան մասին
««Ախալքալաքեց» կեղծանունն ինձ տվել է ֆիզպատրաստվածության մարզիչը՝ Արտուրը: Ես Ջավախքից եմ»:
Հայաստան ժամանելու մասին
«Շուտով գալու եմ Հայաստան: Երեք տարի չեմ կարողանում գալ հայրենիք, քանի որ պարտադիր զնվորական ծառայությունից դեռ վերջնական չեմ ազատվել»:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում Արման Ծառուկյանը միավորների աառավելությամբ հաղթել էր թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի մարտիկ Չարլզ Օլիվեյրային: Մենամարտից հետո հայ մարտիկը մարտահրավեր էր նետել թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևին, որն ընդունել է այն:
UFC-ում 27-ամյա Ծառուկյանը տարել է 9 հաղթանակ, պարտվել երկու դիմակայությունում։ Ընդհանուր առմամբ՝ Արմանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, պարտվել երեք դիմակայությունում: