Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (22-րդ ռակետ) հաջող է մեկնարկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»։
28-ամյա թենիսիստը մրցաշարի առաջին փուլում 6-3, 6(4)-7, 7(13)-6(11), 2-0 հաշվով հաղթել է Ասլան Կարացևին (Ռուսաստան, 99-րդ ռակետ)։ Խաչանովի մրցակիցը չորրորդ սեթի երրորդ գեյմում հրաժարվել է հետագա պայքարից։ Անավարտ մնացած մրցախաղը տևել է 3 ժամ 1 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը լինելու է աշխարհի 220-րդ ռակետ, ֆրանսիացի Կենտեն Գալին։
Մրցաշարում երկրորդ հաղթանակն է տարել իսպանացի Կառլոս Ալկարասը, որը 7-6(5), 6-2, 6-2 հաշվով 1 ժամ 51 րոպեում առավելության է հասել Ալեքսանդր Վուկիչի (Ավստրալիա, 69-րդ ռակետ) նկատմամբ։ Աշխարհի երրորդ ռակետը հաջորդ փուլում մրցելու է Ֆրենսիս Թիաֆոյի (ԱՄՆ, 29-րդ ռակետ) դեմ։
Պայքարը շարունակում է նաև աշխարհի 5-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան), որը երկրորդ փուլում 6(3)-7, 7-6(4), 6-4, 7-5 հաշվով կամային հաղթանակ է տարել Ալեքսանդր Մյուլերի (Ֆրանսիա, 102-րդ ռակետ) նկատմամբ։ Երրորդ շրջանում ռուս թենիսիստը մրցելու է Չժիչժեն Չժան (Չինաստան, 38-րդ ռակետ) - Յան-Լենարդ Շտրուֆ (Գերմանիա, 41-րդ ռակետ) մրցախաղի հաղթողի դեմ։