Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) մտադիր չէ մարիխուանան հանել սպորտում արգելված նյութերի ցանկից, որը պետք է հաստատվի հաջորդ շաբաթ, տեղեկացնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականը նշում է, որ կազմակերպության փորձագետների խորհրդատվական խումբը, անդրադառնալով թմրամիջոց համարվող այդ նյութի օգտագործման նպատակահարմարության վերաբերյալ հարցին, եզրակացրել է, որ առկա գիտական ուսումնասիրությունների արդյունքներով՝ սպորտում մարիխուանայի օգտագործումը չի կարող արտոնվել։ Խնդրի քննարկումը վերսկսվել է ամերիկացի վազորդուհի Շա’Քերի Ռիչարդսոնի որակազրկման հարցին անդրադարձից հետո։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի՝ ԱՄՆ-ի ազգային ընտրական մրցումների ընթացքում կատարած ստուգմամբ մարզուհու օրգանիզմում հայտնաբերվել էին մարիխուանայի հետքեր, և նա որակազրկվել էր մեկ ամսով։ Ռիչարդսոնի հեռացման ժամկետը լրանում էր մինչև Օլիմպիական խաղերում 100 մետր վազքի մրցումների մեկնարկը, սակայն մարզուհին իր արդյունքների չեղարկման պատճառով, միևնույն է, բաց թողեց Օլիմպիական մրցումները։
WADA-ի գործկոմը 2023 թվականին արգելված նյութերի ցանկի վերջնական տարբերակը հաստատելու է սեպտեմբերի 23-ին։ Ցանկը կիրառվելու է հաջորդ տարվա հունվարի 1-ից։


