Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած շախմատի WR Chess Masters մրցաշարն ավարտվեց Լևոն Արոնյանի հաղթանակով:
Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը հաղթողի կոչումը նվաճեց թայ-բրեյքում:
Վերջին՝ 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով 18-րդ քայլին ոչ-ոքի խաղաց հնդիկ 16-ամյա գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշի հետ, որի հետ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Արոնյանը և Գուկեշը վաստակեցին 5,5-ական միավոր: Նրանց հավասարվեց նաև ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը վերջին տուրում հաղթեց գերմանացի Վինսենտ Կեյմերին:
Մրցաշարի հաղթողը թայ-բրեյքում որոշվեց երեք առաջատարների միջև: ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստերը ժամանակից շուտ ապահովեց հաղթանակը՝ առաջին երեք պարտիաներում մեկ անգամ հաղթելով Գուկեշին, երկու անգամ՝ Նեպոմնյաշչիին։
Այս հաղթանակի համար Լևոն Արոնյանը կստանա 40 հազար եվրո պարգևավճար: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո է:
Հիշեցնենք, որ նախորդ 8 տուրերում Լևոն Արոնյանը հաղթել էր հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին և նիդերլանդցի Անիշ Գիրիին, ոչ-ոքի էր խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի և ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ և պարտվել Յան Նեպոմնյաշչիին:


