Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման թարմացված աղյուսակում դիրքը բարելավել է 3 տեղով։
22-ամյա թենիսիստուհին այժմ ունի 1435 միավոր և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 36-րդ տեղ։
Կանանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 9606)։ Լավագույն հնգյակում են նաև Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7375), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6063), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5361) և Մեդիսոն Քիզը (ԱՄՆ, 5004)։
Ինդիան Ուելսի «Մասթերս» շարքի մրցաշարը հաղթելու շնորհիվ առաջին անգամ 6-րդ տեղ է բարձրացել Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4710)։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն էլ ATP-ի թարմացված աղյուսակում ունի 2000 միավոր, պահպանել է դիրքն ու 23-րդ տեղում է։
Տղամարդկանց առաջին ռակետը Յանիկ Սիներն (Իտալիա, 11330) է, որին հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 7945), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 6910), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4900) և 5-րդ տեղ բարձրացած, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 3860)։
Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա) Ինդիան Ուելսի ATP-1000 շարքի մրցաշարի տիտղոսը նվաճելու շնորհիվ կարիերայում առաջին անգամ դարձել է 7-րդ ռակետը։ Նա ունի 3800 միավոր։


