Կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը լուսանկարվել է բրազիլացի հարձակվող Նեյմարի` «Սանթոսի» մարզաշապիկով։
Բրազիլական լեգենդար ակումբը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում և գրել հետևյալը․ «Յամալ, այդ մարզաշապիկն իսկապես պատմական է, բայց մենք Ձեզ կարող ենք նորը նվիրել։ Եթե ուզում եք, կարող եք գալ և այն վերցնել մեր ստադիոն «Վիլա Բելմիրոյից»` օգտվելով Ձեր արձակուրդի ընթացքում համաշխարհային ֆուտբոլի «Սրբազան տաճար» այցելելու հնարավորությունից»։
Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու (79 գոլ) Նեյմարը «Սանթոսի» սան է, որի համակարգում հանդես է եկել 1999-2013 թթ.։ Նա բրազիլական ակումբի հիմնական թիմում նորամուտը նշել է 17 տարեկանում և 225 խաղում դարձել 136 գոլի ու 65 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողը 2013 թ. ամռանը 88 միլիոն եվրոյով տեղափոխվել էր «Բարսելոնա», իսկ այժմ խաղում է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» կազմումԼ
17-ամյա Յամալը վերջերս հայտարարել էր, որ պատմության լավագույն ֆուտբոլիստ համարում է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիին, սակայն իր կուռքը Նեյմարն է։


