«Անդերլեխտի» պաշտպան Յան Վերտոնգենը հայտարարել է մրցաշրջանի վերջում կարիերան ավարտելու մասին, հայտնում է բելգիական ակումբի պաշտոնական կայքը:
«Նախորդ շաբաթների ընթացքում հասկացա, որ անցկացնում եմ կարիերայիս վերջին խաղերը: Սա հեշտ որոշում չէր, բայց ժամանակի ընթացքում ավելի դժվար է դառնում պահպանել ֆիզիկական վիճակը և հանդիպումների ժամանակ լինել այն ֆուտբոլիստը, որը ցանկանում ես լինել:
Վերջին 11 խաղերում պատրաստվում եմ ներդնել բոլոր ուժերս: Հպարտ եմ այն ամենով, ինչին հասել եմ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այս տարիների ընթացքում աջակցել են ինձ», - ասել է 37-ամյա պաշտպանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:
Վերտոնգենը Բելգիայի հավաքականի պատմության մեջ ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է (157):
Անվանի պաշտպանը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Այաքսի», «Տոտենհեմի» ու «Բենֆիկայի» կազմերում:


