Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 14-ին կայացել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Լուսային և ձայնային գեղեցիկ շոու ծրագրի ընթացքում ներկայացվել են հայկական մշակույթն ու արվեստը: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում հայ նշանավոր և անվանի գործիչներին:
Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը և այլք:
Մրցաշարին կմասնակցեն շուրջ 500 մարզիկ-մարզուհի ավելի քան 20 երկրներից` Հայաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան: Չեզոք մարզիկների դրոշի (FIAS) ներքո ելույթ կունենան ռուսաստանցի, բելառուս և ֆրանսիացի մարզիկները:
Կվիճարկվի մեդալների 55 հավաքածու: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը կներառի նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր: Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 16-ին:








