Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչներ չեն կարողացել օգտվել բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից։
Օգոստոսի 16-ին պայքարի մեջ մտած ու մեկնարկային գոտեմարտում պարտություն կրած Հայկ Աբրահամյանը (61 կգ) սփոփիչ գոտեմարտ է անցկացրել ադրբեջանցի Ջեյհան Ալահվերդիևի և պարտվել 1-3 հաշվով։ Ալահվերդիևը բրոնզե մեդալը կվիճարկի հնդիկ Կումար Մոհիտի հետ։
Գուրգեն Սիմոնյանն (86 կգ) առաջին սփոփիչ գոտեմարտում պետք է մրցեր հունգարացի Միլան Հայդուչի հետ, սակայն վնասվածքի պատճառով դուրս չի եկել մրցագորգ։ Միլան Հայդուչն էլ երկրորդ սփոփիչ գոտեմարտում պարտվել է ուկրաինացի Նազար Դոդին։
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մնացել միայն Սերգեյ Սարգսյանը (92 կգ), որն օգոստոսի 17-ին բրոնզե մեդալը կվիճարկի ամերիկացի Ջեքսոն Բրայանտ Սմիթի հետ։ Նախօրեին 3 հաղթանակ տանելուց հետո Սերգեյ Սարգսյանը կիսաեզրափակիչում պարտվել էր վրացի Անդրո Մարգիշվիլիին։
Օգոստոսի 16-ին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականին առաջին մեդալը պարգևել էր 79 կգ քաշային կարգում Մուշեղ Մկրտչյանը, որը եզրափակիչում 0-5 հաշվով պարտվել էր իրանցի Սոբհան Յարիին և նվաճել էր արծաթե մեդալ:
Օգոստոսի 16-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվել էր 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը:
Հիշեցնենք, որ Սոֆիայում մրցագորգ էին դուրս եկել նաև Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Արթուր Սարդարյանը (65 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ), որոնք հաջողության չէին հասել։


