Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ։
Մարատ Աճեմյանը (45 կգ) կիսաեզրափակիչում 8-0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Իսգանդարլիին։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ Աճեմյանը եզրափակիչում մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Կոստոևի դեմ։
Կիսաեզրափակիչում ժամկետից շուտ հաղթել է նաև Յուրիկ Մխիթարյանը (51 կգ), որը 8-0 հաշվով առավելության է հասել Լուիս Վլադի (Ռումինիա) նկատմամբ։ Չեմպիոնի տիտղոսը Մխիթարյանը վիճարկելու է Թուրան Դաշդամիրովի (Ադրբեջան) հետ։
60 կգ քաշային Ալեքս Մարգարյանը կիսաեզրափակիչում համառ պայքարում 14-9 հաշվով հաղթեց Վադիմ Մատրոսի (Ուկրաինա) դեմ գոտեմարտում։ Հայ ըմբիշի մրցակիցը եզրափակիչում լինելու է ադրբեջանցի Այհան Ջավադովը։
Կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև Արթուր Ամոյանը (71 կգ), որը 3-3 հաշվով պարտվեց Կիրիլ Վալեուսլիին (Ռուսաստան)։ Ամոյանը հունիսի 26-ին կպայքարի բրոնզե մեդալի համար։


