Logo

Ընտրելով ապագան. Դրաֆթի ամենախոստումնալից տաղանդները

Հեղինակ
Վահե Գևորգյան
20:20 / 25.06.2025• Բասկետբոլ
Բացառիկ
null

NBA-ի մրցաշրջանը պաշտոնապես ավարտվեց, «Օքլահոմա Սիթի Թանդերն» իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ դարձավ չեմպիոն, ու մինչ «Ամպրոպների» երկրպագուներն ու բասկետբոլիստները տոնում են հաղթանակը, լիգայի մյուս 29 թիմերը մտածում են հայտացուցակներն ուժեղացնելու, նոր գործարքների և դրաֆթում հաջող ընտրության մասին:

Դրաֆթ-վիճակահանությունն իսկական սենսացիա դարձավ, երբ «Դալաս Մավերիքսը» 1,8% հնարավորությամբ նվաճեց առաջինն ընտրելու հնարավորությունը: Ֆրանշիզան Դոնչիչի հեռանալուց հետո մրցունակ թիմ կառուցելու շանս է ստանում: Հատկանշական է նաև, որ 2-րդ ու 3-րդ ընտրության հնարավորությունները նույնպես բաժին հասան ամենևին ոչ ամենաթույլ թիմերին՝ «Սան Անտոնիո Սփըրսին» և «Ֆիլադելֆիա 76-ին»:

Այս դրաֆթը լի է խոստումնալից բասկետբոլիստներով: Ինչպես NBA-ի գլխավոր սկաուտներն ու փորձագետներն են նշում, սպասվում է վերջին տարիների լավագույն դրաֆթերից մեկը:

Fast News-ն առանձնացրել է նրանցից լավագույններին, թաքնված տաղանդներին ու հնարավոր ջոկերներին:

ԿՈՒՊԵՐ ՖԼԵԳ / «ԴՅՈՒԿ»

Միջինում՝ 19,2 միավոր / 7,5 ռեբաունդ / 4 ասիստ / 1,4 խլում / 1,4 բլոկ-շոթ / 48% արդյունավետություն խաղից / 38,5 % արդյունավետություն կորագծից

18-ամյա կատարյալ «տրանսֆորմեր», NCAA-ի լավագույն խաղացող, տարվա լավագույն ֆրեշմեն, լավագույն պաշտպանական հնգյակի ներկայացուցիչ կամ ուղղակի ֆրանչայզ, որին անհնար է բաց թողնել և չընտրել առաջին համարով: Երբ 2024-ին Ֆլեգը միացավ ԱՄՆ-ի Օլիմպիական հավաքականի մարզումներին, արդեն իսկ ակնհայտ դարձավ, որ նա ահռելի պոտենցիալ ունի: Բավական է հիշել Լեբրոն Ջեյմսի խոսքերը Ֆլեգի մասին.

«Կուպերն անհավանական է. նա 18 տարեկան է, բայց արդեն հավասարը հավասարի պես դիմակայում է լիգայի վետերաններին ու սուպերաստղերին: Այդ տղան յուրահատուկ է...»

«Դյուկի» համալսարանական թիմի հարձակվողն արդյունավետ է մանրահատակի երկու կողմում: Ֆլեգը դրաֆթի ամենաունիվերսալ խաղացողն է, կարող է փակել 2-ից մինչև 4-րդ համարի դիրքերը, գերարդյունավետ է «ներկի» գոտում, ունի իրացման բավական բարձր տոկոս թե՛ միջին տարածությունից, թե՛ կորագծից: Ֆլեգն այսպես կոչված փոյնթ-հարձակվող է, որը, բացի թիմի հարձակման մեջ ահռելի ներդրում ունենալուց, գերազանց է պաշտպանվում, ընդ որում՝ ոչ միայն «ներկի» գոտում, այլև մեկը մեկի դեմ պայքարում՝ ISO-ների ժամանակ: «Մեվսի» հնգյակում Ֆլեգը կարող է 3-րդ համար խաղալ՝ որպես թեթև հարձակվող՝ Էնթոնի Դևիսի կողքին:

Կասկածներ գրեթե չկան՝ Ֆլեգին ընտրելու է «Մավերիքսն» առաջին համարով:

ԴԻԼԱՆ ՀԱՐՊԵՐ / «ՌԱԹԳԵՐՍ»

Միջինում 19,5 միավոր / 4,5 ռեբաունդ / 4 ասիստ / 1,5 խլում / 48,5% արդյունավետություն խաղից / 34% արդյունավետություն կորագծից

Նյու Ջերսիի համալսարանական թիմի առաջատարներից մեկը, մեծ հավանականությամբ, դրաֆթի թոփ-3 ընտրություններից մեկն է լինելու: NBA-ի նախկին բասկետբոլիստ Ռոն Հարփերի որդին իր դրաֆթ-դասի լավագույն ֆրեշմեններից է:

Հարփերը NBA-ի չափանիշներով իդեալական պաշտպան է, որը կարողանում է ոչ միայն միավորներ վաստակել տարբեր եղանակներով, այլ նաև փոխանցումներ գտնել թիմակիցների համար ամենատարբեր իրավիճակներում: 1 մետր 98 սանտիմետր հասակով խաղարկողին կարելի է համեմատել «Փիսթոնսի» աստղ Քեյդ Քանինգեմի հետ: Դիլանը պատրաստ է աշխարհի լավագույն լիգայում խաղալուն և ճիշտ թիմում հայտնվելու դեպքում ապագայում կարող է դառնալ լիգայի լավագույն պաշտպաններից:

Հարփերն արագ է, ինքն իր համար կարող է պահեր ստեղծել ու եզրափակել դրանք թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով: Նա նաև կարողանում է խախտումներ գտնել ու դրանք իրացնել բարձր տոկոսային արդյունավետությամբ: Միակ խնդիրը ոչ այնքան կայուն 3-միավորանոցներն են, սակայն նետումային տեխնիկան հույս է ներշնչում, որ մարզումների շնորհիվ այդ հարցը նույնպես կլուծվի:

Հարփերին, մեծ հավանականությամբ, կընտրի «Սփըրսը», բայց Տեխասում Քեսլի ու Ֆոքսի կողքին ևս մեկ պաշտպանի առկայությունը տարօրինակ կլինի, ուստի հնարավոր է, որ «Սան Անտոնիոն» փոխանակի 2-րդ փիքը, և Դիլանը հայտնվի մեկ այլ թիմում:

ՎԻՋԵՅ ԷՋԿՈՄԲ / «ԲԵՅԼՈՐ»

Միջինում 15 միավոր / 5,5 ռեբաունդ / 3 ասիստ / 2 խլում / 44% արդյունավետություն խաղից / 34% արդյունավետություն կորագծից

Բահամյան կղզիներում թաքնված գանձերի մասին դարերով խոսել են շատ ծովահեններ, նավեր են պայքարել ու խորտակվել դրանց համար: Այժմ բահամացիների գլխավոր գանձը՝ Վիջեյ Էջկոմբն է՝ այս դրաֆթի ամենացատկունակ ու աթլետիկ խաղացողը: «Բեյլորի» ֆրեշմենը նախորդ մրցաշրջանում չէր նկատում մրցակիցներին. նրա ներխուժումներն ու անհավանական դանքերը յուրաքանչյուր շաբաթ հայտնվում էին համալսարանական գլխավոր լիգայի հայլայթներում:

Էջկոմբը, սակայն, միայն դանք կատարող չէ. նա ֆանտաստիկ պաշտպան է, ընդ որում՝ լավագույններից մեկը խլումների միջին ցուցանիշով: Վիջեյը 1 մետր 98 սանտիմետր հասակով հարձակողական պաշտպան է, որին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտը «Ֆիլադելֆիա 76»-ն է: Դրաֆթից մոտ 2 շաբաթ առաջ շատերը նրան ուղարկում էին «Հոռնեթս»՝ 4-րդ համարով:

Բայց «Ռաթգերսից» Էյս Բեյլին խառնեց բոլորի ծրագրերը: Նախ՝ Բեյլին, որի հասակը մինչև դրաֆթ-քոմբայնը 2 մետր 8 սանտիմետր էր, ձախողեց չափումները: Պարզվեց՝ Էյսի հասակը 2 մետր 1 սանտիմետր է: Դրանից բացի, հարձակվողը հրաժարվեց «Ֆիլայի» հետ մարզումներ անցկացնելուց, որպեսզի հայտնվի վերակառուցվող թիմում: Ուստի հնարավոր 3-րդ ընտրությունը կլինի Էջկոմբը, ոչ թե Բեյլին:

ԴՐԱՖԹԻ ՋՈԿԵՐՆԵՐԸ

ՋԵՐԵՄԱՅԱ ՖԻՐՍ / «ՕՔԼԱՀՈՄԱ»

Միջինում 17 միավոր / 4 ռեբաունդ / 4 ասիստ / 1,5 խլում / 44% արդյունավետություն խաղից / 29% արդյունավետություն կորագծից

«Սուներսի» խաղարկող Ջերեմայա Ֆիրսը կարող է դառնալ դրաֆթի գլխավոր ջոկերներից: Ֆիրսն արտակարգ սլեշեր է՝ բասկետբոլիստ, որը կտրում է մրցակցի պաշտպանական շերտերն ու արագության շնորհիվ ներխուժում «ներկի» գոտի: Ջերեմայան սթրիթ-բասկետբոլի սիրահար է, ֆանտաստիկ դրիբլինգ ունի և շատ լավ է նետում արագ անցումներից հետո:

Ֆիրսին առանձնացնում են նաև մանրահատակը տեսնելու կարողությունն ու խաղարկողին ոչ հաճախ բնորոշ աթլետիզմը: Խնդիրներ, իհարկե, նույնպես կան: Ֆիրսը բավական ցածր տոկոսով է նետում կորագծից, երբեմն ակնհայտ փոխանցումային դիրքերում փորձում է անցումներ կատարել ու կորցնում է գնդակը: Բայց առաջատարի կարողություններն ու բազային որակները կարող են օգնել՝ Ֆիրսից էլիտ-գարդ ստանալու համար: Ըստ դրաֆթ-փորձագետների՝ Ֆիրսին ընտրելու են 6-8-րդ համարների միջակայքում, գլխավոր հետաքրքրված թիմերը «Վաշինգտոն Ուիզարդսն» ու «Նյու Օռլեանս Պելիկանսն» են:

ԿՈՆ ԿՆՈՒՊԵԼ / «ԴՅՈՒԿ»

Միջինում 14,5 միավոր / 4 ռեբաունդ / 2,5 ասիստ / 48% արդյունավետություն խաղից / 40,5% արդյունավետություն կորագծից

Դրաֆթի լավագույն դիպուկահարը «Դյուկի» համալսարանական թիմից Կոն Կնուպելն է: 19-ամյա հարձակողական պաշտպանը 1 խաղում միջինում հինգ 3-միավորանոց է իրացնում՝ 40% արդյունավետությամբ: Ֆանտաստիկ սփոթ-ափ շութեր, որը գերազանց է իրացնում ընդունումից նետումները ոչ միայն կորագծից, այլև միջին հատվածից:

«Նոր Քլեյ Թոմփսոնը» վստահաբար կօգնի լիգայի յուրաքանչյուր թիմի՝ հաշվի առնելով, թե ինչ կարևորություն ունեն 3-միավորանոցները ժամանակակից բասկետբոլում:

ՆՈԱ ԷՍԵՆԳ / «ՌԱՏԻՈՖԱՐՄ ՈՒԼՄ»

Միջինում 12,5 միավոր / 5,5 ռեբաունդ / 1 ասիստ / 1,5 խլում / 56% արդյունավետություն խաղից

Վերջին տարիներին NBA-ում գնահատվում են երիտասարդները, որոնք արդեն խաղացել են պրոֆեսիոնալ լիգաներում՝ հասուն մակարդակում: Նոա Էսենգն այդպիսին է: 19-ամյա ֆրանսիացին նախորդ մրցաշրջանն անցկացրել է Բունդեսլիգայում՝ Ուլմ քաղաքը ներկայացնող «Ռատիոֆարմում»: Էսենգը երկար ձեռքերով, լավ նետումով ու 3&D խաղացողի պոտենցիալով վինգ է:

Պաշտպանությունում արդյունավետության տեսանկյունից Նոան այս դրաֆթում լավագույններից մեկն է: Եվրոպական ու մասնավորապես գերմանական բասկետբոլային դպրոցն անցած Էսենգը կարող է դրսևորվել յուրաքանչյուր թիմում, որը խաղը կառուցում է պաշտպանությունից: Էսենգը խաղաոճով հիշեցնում է «Նիքսի» հարձակվող Օ Ջի Անունոբիին և այս դրաֆթի լավագույն ֆրանսիացի պրոսպեկտն է:

ԵԳՈՐ ԴՅՈՄԻՆ / «ԲՐԻԳԵՄ ՅԱՆԳ»

Միջինում 10,5 միավոր / 4 ռեբաունդ / 5,5 ասիստ / 1,2 խլում / 41% արդյունավետություն խաղից / 27,5% արդյունավետություն կորագծից

Ռուսական բասկետբոլը շատ վաղուց ներկայացուցիչ չէր ունեցել դրաֆթում, այն էլ թոփ-15-ում: Դյոմինը դրաֆթում առաջադրված ամենաբարձրահասակ խաղարկողն է: «Ռեալի» ու «Բրիգեմ Յանգի» արդեն նախկին բասկետբոլիստն այս դրաֆթի լավագույն ասիստենտն է (միջինում՝ 5,5 արդյունավետ փոխանցում): Դյոմինի հասակը 2 մետր 8 սանտիմետր է: Այս տվյալներով խաղարկողի կողքով աննկատ անցնելը դժվար է: Ճիշտ է՝ թերություններ նույնպես կան, մասնավորապես նետումները կորագծից և ոչ այնքան հաջող պաշտպանական ունակություններն ու ֆիզիկական մասսան:

Տաղանդներն այս դրաֆթում բազմաթիվ են, շատ թիմեր վստահաբար անհամբերությամբ են սպասում դրան և գիտեն, որ ճիշտ ընտրությունով են պայմանավորված ֆրանշիզայի հետագա զարգացումն ու առաջընթացը: Մնում է սպասել NBA-ի 2025 թվականի դրաֆթին, իսկ հետո հետևել մոլորակի ամենատաղանդավոր բասկետբոլիստների զարգացմանն արդեն նոր մրցաշրջանում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ