VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում գրավելով «Գանձասար-Կապանի» դարպասը, ֆրանսիացի հարձակվող Յոան Գուֆրանը ոչ միայն բացեց գոլերի հաշիվն «Արարատ-Արմենիայում», այլև դարձավ պաշտոնական մրցումներում չեմպիոնի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը: Նա աչքի ընկավ 34 տարեկան 30 օրականում:
Գուֆրանը գերազանցեց Անտոն Կոբյալկոյի ցուցանիշը, որն իր վերջին գոլը թիմի կազմում խփել է 33 տարեկան 197 օրականում՝ աչքի ընկնելով անցյալ տարվա նոյեմբերի 27-ին «Սևանի» հետ կայացած VBet Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ խաղում: Խորհրդանշական է, որ Գուֆրանն իր առաջին գոլը խփեց գավաթի ընթացիկ խաղարկության ամենատարեց մասնակցի՝ Գևորգ Կասպարովի դարպասը, որը մեկ ամիս անց նշելու է իր 40-ամյակը:
Յոան Գուֆրանն «Արարատ-Արմենիային» է միացել առաջնության գարնանային հատվածում: Չեմպիոնի կազմում նա նորամուտը նշել է «Արարատի» հետ մարտի 2-ին կայացած խաղում՝ 64–րդ րոպեին փոխարինելով Ֆուրջել Նարսինգին: Փորձառու ֆուտբոլիստից պաշտոնական 11 խաղ պահանջվեց գոլերի հաշիվը բացելու համար: Ընդ որում Գուֆրանը միայն մեկ խաղում՝ «Ալաշկերտի» հետ առաջնության 21-րդ տուրում է մեկնարկից մինչև խաղավերջ մնացել խաղադաշտում:
VNews.am-ը ներկայացնում է պաշտոնական մրցումներում «Արարատ-Արմենիայում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակը:
| Ֆուտբոլիստներ | Տարիքը | Ամսաթիվն ու մրցակիցը |
| 1. Յոան Գուֆրան | 34 տ. 30 օր. | 24.06.2020 1/2 եզր. «Գանձասար-Կապան»՝ 2-0 |
| 2. Անտոն Կոբյալկո | 33 տ. 197 օր. | 27.11.2019 1/4 եզր. «Սևան»՝ 11-2 |
| 3. Ֆուրջել Նարսինգ | 31 տ. 360 օր. | 07.03.2020 «Շիրակ»՝ 1-0 |
| 4. Հրայր Մկոյան | 31 տ. 336 օր. | 04.08.2018 «Լոռի»՝ 2-0 |
| 5. Դմիտրի Գուզ | 31 տ. 163 օր. | 25.10.2019 «Նոա»՝ 3-1 |
| 6. Վլադիմիր Խոզին | 29 տ. 297 օր. | 26.04.2019 «Արարատ»՝ 6-2 |
| 7. Իվայլո Դիմիտրով | 29 տ. 243 օր. | 24.11.2018 «Արցախ»՝ 3-1 |
| 8. Ջիովանի Մարտինես Կորտես | 29 տ. 242 օր. | 06.03.2019 «Փյունիկ»՝ 3-0 |
| 9. Գեորգի Պաշով | 29 տ. 42 օր. | 15.04.2019 «Բանանց»՝ 1-1 |
| 10. Չարլզ Պերալտա | 28 տ. 165 օր. | 07.11.2018 1/4 եզր. «Գանձասար-Կապան»՝ 1-0 |

