2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոշկո Գվարդիոլը Ֆասթ Սպորտի եթերում անդրադարձել է Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ 1-0 հաշվով արտագնա հաղթանակին։
«Սպասում էինք, որ Հայաստանի հավաքականը խաղալու է 100 տոկոսով և ամբողջովին նվիրվելու է այս հանդիպմանը։ Գիտեինք, որ բարդ հանդիպում եք ունեցել Թուրքիայի հավաքականի հետ, ու հիմա անհավանական էր տեսնել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ամբողջ խաղի ընթացքում այսպես վազում էին։ Շատ դժվար հանդիպում էր։ Բարդ է խաղալ ամեն 2-3 օրը մեկ, բայց դու պարտավոր ես լավ վերականգնվել ու քեզ պատրաստել հաջորդ խաղերին»,- նշել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորեկը, որը վերջերս դարձել էր ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը։
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի միակ գոլը 13-րդ րոպեին խփել էր գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը՝ աչքի ընկնելով անկյունայինի խաղարկման արդյունքում։
4 խաղ անցկացրած Խորվաթիայի հավաքականը երևանյան հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր և գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 12-ին՝ հյուրընկալվելով Լատվիայի հավաքականին։
Կամո Հովհաննիսյանն ու Ստյոպա Մկրտչյանը՝ Խորվաթիայի դեմ խաղի մասին
Ալեքսանդր Պետրակով․ «Հպարտանում եմ, որ մարզում եմ այս տղաներին»
Զլատկո Դալիչ․ «Հայաստանի հավաքականի դարպասապահը խաղի լավագույն ֆուտբոլիստն էր»


