Logo

Յուրիչիչը՝ եվրագավաթներում «Փյունիկի» պատմության լավագույն ռմբարկու, Մենեզեսը՝ հեթ-տրիկ գրանցած 2-րդ ֆուտբոլիստ. Կոնֆերենցիաների լիգայի 3 հանդիպումները՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:17 / 21.07.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Կոնֆերենցիաների լիգային մասնակցող հայկական երեք ակումբներն էլ հաջողությամբ հաղթահարեցին որակավորման առաջին փուլի արգելքը: Եթե «Փյունիկն» ու «Ալաշկերտը» մրցակիցներին հաղթեցին խոշոր հաշվով, ապա «Արարատ-Արմենիան» հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց ալբանական «Էգնատիայի» դեմ գերդրամատիկ մրցավեճում՝ հաղթելով հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում: 

VNews-ը հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Եվրագավաթների մրցաշարերի մասնակցության պատմության մեջ առաջին անգամ մեկնարկի դուրս եկած հայկական 4 ակումբներն էլ կշարունակեն պայքարը հաջորդ փուլում: Ճիշտ է, «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր նվաճեց գործող մրցակարգի համաձայն, իսկ մյուս երեք թիմերը հաջողությամբ հաղթահարեցին որակավորման առաջին փուլի արգելքը:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան 3 հանդիպումներից երկուսում հայկական ակումբները հաղթեցին, մեկում գրանցվեց ոչ-ոքի: Մեր թիմերն աչքի ընկան արդյունավետ խաղով՝ խփելով 13 գոլ:
Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական ակումբներն ընդհանուր առմամբ անցկացրած 8 հանդիպումներից 4-ում հաղթել են, 3-ն ավարտել են ոչ-ոքի, կրել են մեկ պարտություն, խփել են 20 գնդակ, բաց են թողել 10 գոլ: Հետաքրքիր է, որ եվրագավաթների նախորդ խաղարկությունում հայկական 4 ակումբներն ընդհանուր առմամբ անցկացրած 20 հանդիպումներում ընդամենը 18 գոլ էին խփել:

2. «Փյունիկը» եվրագավաթներում 13-րդ անգամ հաղթահարեց մրցակցի արգելքը ու մտավ հաջորդ փուլ: Հայաստանի փոխչեմպիոնը եվրագավաթներում խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը տարավ՝ 3 անպատասխան գնդակ խփելով էստոնական «Նարվա Տրանսի» դարպասը: Հետաքրքիր է, որ բոլոր հաղթանակներն էլ գրանցվել են մրցակցի դաշտում: Նախկինում փյունիկցիները խոշոր հաշվով հաղթել էին ֆիննական «Տամպերեին» (4-0)  և Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»  (4-1):

«Նարվա Տրանսի» հետ երկխաղյա դիմակայությունում փյունիկցիները հաղթեցին ընդհանուր 5-0 հաշվով: Ավելի մեծ առավելությամբ «Փյունիկը» հաղթել էր միայն «Տամպերեին»՝ երկու խաղում խփելով 6 անպատասխան գնդակ (4-0, 2-0): Հայաստանի բազմակի չեմպիոնը կարող էր կրկնել այդ արդյունքը, եթե եվրագավաթներում թիմի կազմում նորամուտը նշած Լևոն Վարդանյանը դիպուկ իրացներ 11մ հարվածը:

3. «Ալաշկերտը» եվրագավաթներում 8-րդ անգամ երկխաղյա դիմակայությունում առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Միայն երկու անգամ (2020/21թթ.՝ «Ռենովա» Հս. Մակեդոնիա՝ 0-1, 2022/23թթ.՝ «Համրուն Սպարտանս» Մալթա՝ 1-0, 1-4) ալաշկերտցիներին չի հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը:

«Ալաշկերտը» եվրագավաթներում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց: Մինչև այդ ալաշկերտցիները եվրագավաթներում խոշոր հաշվով երկու հաղթանակ էին տարել՝ 3 անպատասխան գնդակ խփելով Անդորրայի «Սանտա Կոլոմայի» (2016/17թթ. ՉԼ) և Հս. Մակեդոնիայի «Մակեդոնիայի» (2019/20թթ. ԵԼ) դարպասները: «Ալաշկերտի» հաղթանակը նաև ամենախոշորն էր հայկական ակումբների մեջ: Վահե Գևորգյանի գլխավորած թիմը դարձավ հայկական առաջին ակումբը, որը եվրագավաթների մեկ խաղում 6 գոլ խփեց: 

Նախկինում հայկական ակումբներից ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել էր «Փյունիկը»՝ 2002/03թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկելով ֆիննական «Տամպերեի» դարպասը:

4. «Արսենալ Տիվատի» հետ հանդիպումը նաև ամենագոլառատն էր «Ալաշկերտի» մասնակցությամբ կայացած եվրագավաթային խաղերում: Մինչև այդ առավելագույն քանակի գոլեր (6) խփվել էին ֆիննական ՀԻԿ-ի հետ 2021/22թթ. Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի խաղում, որում «Ալաշկերտը» պարտվել էր 2-4 հաշվով:

Հայկական մյուս ակումբների մասնակցությամբ հանդիպումներում 6 անգամ է մեկ խաղում առավելագույնը 7 գոլ գրանցվել (ՀԻԿ Ֆինլանդիա-«Փյունիկ»՝ 5-2, 1996/97թթ., ՈՒԳ, ՄՏԿ Հունգարիա-«Փյունիկ»՝ 4-3, 1997/98թթ., ՉԼ, «Դնեպր» Ուկրաինա-«Երևան»՝ 6-1, 1997/98թթ., ՈՒԳ, «Պրիմորիե» Սլովենիա-«Զվարթնոց»՝ 6-1, 2002/03թթ., ՈՒԳ, «Զալցբուրգ» Ավստրիա-«Բանանց»՝ 7-0, 2008/09թթ., ՈՒԳ, «Արարատ-Արմենիա»-«Ֆոլա» Լյուքսեմբուրգ՝ 4-3, 2020/21թթ., ԵԼ):

5. «Արարատ-Արմենիային» 5-րդ անգամ հաջողվեց հաղթահարել մրցակցի արգելքը: Ալբանական «Էգնատիայի» հետ մրցավեճում գրանցված 4-4 հաշիվը եվրագավաթներում հայկական ակումբների ամենաարդյունավետ ոչ-ոքին էր: Նախկինում 3 անգամ գրանցվել էր 3-3 հաշիվը («Շիրակ»-«Սանտա Կլարա» Պորտուգալիա, 2002/03թթ., ԻԳ, «Փյունիկ»-«Շկուպի» Հս. Մակեդոնիա, 2019/20թթ., ԵԼ, «Շլյոնսկ» Լեհաստան-«Արարատ», 2021/22թթ., ԿԼ): Հայաստանի կրկնակի չեմպիոնը եվրագավաթներում 4-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց:

Արդեն 5 խաղ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում հաղթանակ չի տարել: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2020/21թթ. Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի խաղում, որում հայկական ակումբը նվազագույն հաշվով հաղթել է Սլովենիայի «Ցելյեին»:

«Արարատ-Արմենիային» 3-րդ անգամ հարկ եղավ հաջորդ փուլի ուղեգիրը վիճարկել հետխաղյա 11մ հարվածաշարում: Նախորդ երկու փորձերն անհաջող էին թիմի համար: 2019/20թթ. Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11մ հարվածաշարում 4-5 հաշվով զիջել էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: Նախորդ մրցաշրջանում էլ էստոնական «Պայդեն» էր հաղթող դուրս եկել  հետխաղյա 11մ հարվածաշարում՝ 5-3:

 6. Լուկա Յուրիչիչը եվրագավաթներում 5-րդ գոլը խփեց ու դարձավ «Փյունիկի» պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Արսեն Ավետիսյանի արդյունավետության ռեկորդը:

Արտակ Դաշյանն էլ եվրագավաթներում գոլերի թիվը հասցրեց 5-ի և Արարատ Հարությունյանի, Մաիլսոն Լիմայի ու Լուկա Յուրիչիչի հետ գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը: «Փյունիկում» նրա հաշվին 3 գոլ է գրանցված: Իսկ եվրագավաթներում Դաշյանը գոլերի հաշիվը բացել է 2009թ. հուլիսի 9-ին՝ «Բանանցի» կազմում գրավելով Բոսնիայի «Շիրոկի Բրիեգի» դարպասը: 

Մինչև օրս Դաշյանը եվրագավաթներում «Ուրարտուի» կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է (19 տարեկան 231 օրական): Եվրագավաթներում իր երկրորդ գոլը «Փյունիկի» կիսապաշտպանը խփել է «Գանձասար-Կապանի» կազմում՝ 2013թ. հունիսի 4-ին գրավելով Ղազախստանի «Ակտոբեի» դարպասը:

Արսեն Ավետիսյանից (33 տարեկան 290 օրական) հետո Դաշյանը եվրագավաթներում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց երկրորդ ֆուտբոլիստն է: Նա «Նարվա Տրանսի» դարպասը գրավեց 33 տարեկան 242 օրականում:

7. Ագդոն Մենեզեսը բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Հայկական ակումբների ֆուտբոլիստներից մինչև այդ միայն նախկին շիրակցի Ֆոֆանա Բեկոյին էր հաջողվել մեկ խաղում 3 գոլ խփել: Իվուարցի ֆուտբոլիստն աչքի էր ընկել Սան Մարինոյի «Տրե Պենեի» հետ 2013/14թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի խաղում, որում «Շիրակը» հաղթել էր 3-0 հաշվով:

Մենեզեսն (30 տարեկան 175 օրական) ընդգրկվեց եվրագավաթներում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով Արթուր Եդիգարյանին (29 տարեկան 9 օրական): 

8. «Ալաշկերտի» ֆուտբոլիստներից  եվրագավաթներում գոլերի հաշիվը բացեցին նաև Յեիսոն Ռասինեսը, Սերոբ Գրիգորյանն ու Աննան Մենսահը: Ռասինեսն (24 տարեկան 286 օրական) ընդգրկվեց եվրագավաթներում «Ալաշկերտում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում: 

9. Եվրագավաթներում իրենց առաջին գոլերը խփեցին նաև «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ Ուիլֆրեդ Կուասի Էզան, Ադրիանո Կաստանյերան, Տենտոն Յենեն և Խոսե Ժունիոր Բուենոն: Տենտոնը դարձավ եվրագավաթներում «Արարատ-Արմենիայի» կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Էգնատիայի» դարպասը գրավելով 23 տարեկան 13 օրականում: Նա գերազանցեց թիմի նախկին խաղացող Պետրոս Ավետիսյանի ռեկորդային ցուցանիշը, որը գոլերի հաշիվը բացել էր 23 տարեկան 183 օրականում:

Ադրիանո Կաստանյերան (30 տարեկան 104 օրական), Խոսե Ժունիոր Բուենոն (26 տարեկան 320 օրական) և Ուիլֆրեդ Կուասի Էզան (26 տարեկան 204 օրական) ընդգրկվեցին եվրագավաթներում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում:

10. Ստանիսլավ Բուչնևը «Նարվա Տրանսի» հետ հանդիպումներում դարպասն անառիկ պահեց: Վերջին գոլը եվրագավաթներում «Փյունիկի» դարպասապահը բաց է թողել անցյալ տարվա օգոստոսի 9-ին Սերբիայի «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման 60-րդ րոպեին: Այնպես որ Բուչնևը եվրագավաթներում արդեն 210 րոպե շարունակ գոլ բաց չի թողել: Այդ ցուցանիշով նա ընդգրկվեց դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով դարպասապահների լավագույն տասնյակում: Ցանկը գլխավորում է Գևորգ Կասպարովը՝ 290 րոպե:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա