Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտնել է, որ կբողոքարկի Իտալիայի վերաքննիչ դատարանի որոշումը, որով թիմից 15 միավոր էր հանվել Ա Սերիայում:
«Ակումբն ու նրա փաստաբանական թիմը ուշադրությամբ կարդացել և մանրամասն վերլուծել են Իտալիայի վերաքննիչ դատարանի որոշումը:
Այդ փաստաթղթի բովանդակության որոշ հատվածներ թերի են ու անտրամաբանական: Պատրաստվում ենք բողոքարկել այն իրավապես անհիմն և թերի լինելու պատճառով: Այնուամենյանիվ, հարգանքով ենք վերաբերվում այն կազմակերպությանը, որը որոշում է կայացրել»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» նախկին ղեկավարությունը մեղադրվում է հաշվապահական հնարքների միջոցով 4 քրեական հոդված խախտելու մեջ: Ամենալուրջ խախտումների համար նախատեսված է մինչև 8 տարի ազատազրկում:
Կորոնավիրուսի համավարակի ժամանակ «Յուվենտուսը» գաղտնի վճարել էր թիմի ֆուտբոլիստների ամբողջական աշխատավարձերը, սակայն հայտարարել էր, որ խաղացողները ժամանակավոր հրաժարվել են գումարի մի մասից: Վերջերս ակումբի ղեկավարությունը հրաժարական էր տվել ամբողջ կազմով։


