Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը մեկնաբանել է 19-ամյա ֆուտբոլիստի՝ հայկական անձնագիր ստանալու մտադրության մասին տեղեկությունը:
«Ինչ վերաբերում է անձնագրին, ապա, ճիշտն ասած՝ այս թեմայով մենք նրա հետ չենք խոսել։ Ես գիտեմ, որ Արսենի ծնողները հայ են, և նա կարող է ստանալ հայկական անձնագիր։
Բայց, եթե դա տեղի ունենա, Արսենի համար Եվրոպա մեկնելը ավելի հեշտ չի լինի: Կրկնում եմ՝ բանակցություններում երբեք անձնագրի հետ կապված խնդիրներ չեն եղել։ Ամեն դեպքում, իմ կարծիքով՝ ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանի անձնագիր ստանալը գիտակցված արարք է։ Շատ կարևոր է յուրաքանչյուրի կյանքում: Իհարկե, դա չպետք է արվի ինչ-որ պահի օգուտի համար։
Հնարավոր տրանսֆերի գումարը հայկական բանկ փոխանցելու մասին տեղեկությունը ճիշտ չէ: Հայկական բանկերն այս պատմության մեջ որևէ ձևով տեղ չեն գտնում»,- Անդրեևի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստը Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու գործընթացը հեշտացնելու համար կարող է դեկտեմբերին ստանալ հայկական անձնագիր, սակայն չի փոխի մարզական քաղաքացիությունը:
Հիշեցնենք, որ Զախարյանը 2021 թվականի սեպտեմբերից հրավիրվում է Ռուսաստանի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 5 հանդիպման: Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:


