Հայաստանում տաղանդավոր ֆուտբոլիստների պակաս չի եղել և չկա։ Սակայն տաղանդը բավարար չէ: Այն պետք է զարգանա, և դրանում շատ մեծ է նաև մարզիչների աշխատանքի դերը:
Համակարգային խնդիրները բոլորը գիտեն: Հայաստանում տարբեր տարիքային խմբերում մրցակցությունը քիչ է, որովհետև նաև ակումբներն են քիչ: Սա ինքնին խնդիր է, ուստի տարբեր տարիքային հավաքականներում հայտնվելը, ցավոք, ավելի հեշտ է: Հիմնական խոչընդոտն առաջանում է պատանիներին պրոֆեսիոնալ ֆուտբոլ ճանապարհելիս: Շատերն «անհետանում» են, մի մասին նաև բանակային հարցն է խանգարում:
Այս պարագայում FastNews-ի ուշադրության կենտրոնում հենց այդ տարիքային խումբն ու արդեն պրոֆեսիոնալներն են: Խնդիրները շատ են, բազմազան, այստեղ նշվում է դրանցից առավել կարևորների մասին: Դրանք մեծամասնությանն են վերաբերում, և ոչ թե բոլորին: Իհարկե, որոշ հարցեր եվրոպական ֆուտբոլում էլ են արդիական, սակայն մեզ մոտ ուրույն դրսևորում են ստացել:
Մեծ երազելու բացակայությունը
Շատ ֆուտբոլիստներ շուտ են բավարարվում ձեռք բերածով: Մի մասն իր գործն «ավարտված» է համարում, երբ հասնում է որևէ ակումբի առաջին թիմ, կամ սկսում է քիչ թե շատ խաղալ այնտեղ: Այդպես աստիճաններով կարելի է բարձրանալ, մինչև որևէ պատանեկան հավաքականի ֆուտբոլիստ կամ արդեն ազգային հավաքականի խաղացող դառնալը:
Այստեղ գումարային հարցն էլ է կարևոր: Ֆուտբոլիստների մի խմբին բավարար է X աշխատավարձ ստանալը կամ ուղղակի մեքենա գնելը: Եվ կապ չունի, որ նա այդ թիմում պարզապես պահեստային խաղացող է: Սա քչով բավարարվելու հետևանքն է: Շատ ֆուտբոլիստներ կան, որ դրա պատճառով չեն օգտագործում իրենց մեծ ներուժը: Դրանից էլ առաջանում է շատ հարցերում կարգապահության պակասը, ինչն ամենակարևորն է ֆուտբոլում:
«Զղջում եմ, որ ժամանակին իմ առջև փոքր երազանքներ եմ դրել: Պետք էր երազել ոչ թե միջին եվրոպական առաջնությունում կամ թիմում խաղալու, այլ ավելի բարձր տեղերում հանդես գալու մասին: Վստահ եմ՝ մեծ նպատակներ դնեի, ավելի մեծ բաների կհասնեի»,- ասել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, որն իրենից ավելին է պահանջում, մինչդեռ շատերը կերազեի նրա պես եվրոպական կարիերա ունենալ:
Հենրիխ Մխիթարյանն ավելացնում է․ «Պետք է աշխատես, որ հասնես այդ միլիոններին: 15 տարեկանում եմ վաստակել առաջին 20 դոլարս: Երբեք չեմ դժգոհել, թե ինչու եմ այդքան ստանում, այլ պարզապես աշխատել եմ՝ իմանալով, որ 20-ը կդառնա 40, և այդպես շարունակ: Տեղացի խաղացողներին ասում եմ՝ մի մտածեք, թե եղածը բավական է, պայքարեք ավելիի համար, հաճույք ստացեք ֆուտբոլից, խաղացեք արտասահմանում․․․»:
Այդտեղ էլ սկսվում է «Կոմֆորտ զոնա» հասկացողությունը: Մեզ մոտ ընդունված է, որ հավաքականի խաղացող լինելը վերջին կետն է: Բայց այդ «Զբոռնու տղա» կոչվածը շատերի համար պետք է ավելիին ձգտելու միջոց լինի: Գնալ Եվրոպա ու ամրապնդվել, ոչ թե այնտեղ էլ հանձնվել առաջին իսկ դժվարությունից հետո: Մեծ նպատակներ ունենալու համար, նախևառաջ, պետք է շատ սիրել ֆուտբոլը, իսկ դա որոշների համար լոկ խոսքեր են:
Իսկ ովքե՞ր պետք է օգնեն ֆուտբոլիստներին
Իհարկե, մարզիչները: Հիմքը դնում են մանկապատանեկան ֆուտբոլում, բայց կրկին կենտրոնանանք ավելի բարձր տարիքայինների վրա: Ամենադժվարն անցումային տարիքի ֆուտբոլիստների հետ աշխատանքն է: Հայաստանում պատանիների, երիտասարդների հետ լավ աշխատող մարզիչներին մեկ ձեռքի մատների վրա հաշվելն էլ դժվար է:
Սա վերաբերում է թե՛ Առաջին խմբին, թե՛ Fastex Պրեմիեր լիգային: Անհատապես ուժեղ ֆուտբոլիստներին բոլորն էլ կնկատեն: Լավ մարզիչը նա է, ով կզարգացնի շատերի համար թերագնահատված խաղացողին: Դա ամեն մեկին վիճակված չէ: Եվ ամենակարևորը․ Հայաստանում մարզիչները հաճախ կենտրոնանում են ֆուտբոլիստի թերությունների վրա ու նրանց «մի կողմ թողնում», մինչդեռ հարկավոր է աշխատել օգտագործել ուժեղ կողմերը:
«Հայկական ֆուտբոլի գլխավոր խնդիրն այն է, որ մենք չենք ցանկանում սովորել: Ֆուտբոլիստները շատ ալարկոտ են, մարզիչները՝ ևս: Խոսքը մեծամասնության մասին է: Այն, թե ինչպես են մարդիկ աշխատում Հայաստանում ու Եվրոպայում, լրիվ տարբեր բաներ են»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:
Հաճախ հայ երիտասարդներին վստահելու հարցում արտասահմանացի մասնագետներն ավելի խիզախ են: Նրանց մտածողությունը կարծրացած չէ: Այդպես դեռևս Առաջին խմբում խաղացող 18-ամյա Ժիրայր Շաղոյանին ազգային հավաքական էր հրավիրում և վստահում Խոակին Կապառոսը: Իսկ մեկ այլ իսպանացի Դավիդ Կամպանյան «Արարատ-Արմենիայի» հիմնական կազմ էր ընդգրկում 17-ամյա Արթուր Սերոբյանին:
Այլ օրինակներ էլ կան: Այնպես որ, լավ մարզիչն իր աշխատանքով կարող է սարեր շուռ տալ անհատին զարգացնելու առումով: 16-17 տարեկան խաղացողների համար օբյեկտիվ պատճառներով դժվար է Հայաստանից արտասահման տեղափոխվելը, այլապես այդ տարիքում լավ ակումբներում հայտնվելը անհրաժեշտ լուծում կլիներ գոնե մի մասի համար:
Ինքնաքննադատության պակաս
Ֆուտբոլում անարդարություններ շատ կան: Պատահում է՝ այս կամ այն մարզիչն արժանի ֆուտբոլիստի խաղաժամանակ չի հատկացնում, որովհետև ուղղակի չի տեսնում նրա ներուժը: Կամ մանավանդ Հայաստանում լեգեոնականն առանձին դեպքերում մի քանի անգամ ավելի շանս է ստանում իրեն դրսևորելու, քան հայ խաղացողը: Մյուս կողմից, ամեն շանս պետք է օգտագործել՝ լինի 5, թե՝ 30 րոպե:
Բայց Հայաստանում ֆուտբոլիստները հաճախ պատրաստ են իրենց չխաղալը կամ վատ հանդես գալը «բարդել» ցանկացածի, միայն ոչ իրենց վրա: Ամեն մեկն առաջինն իրեն պետք է նայի: Ավելի շատ մարզվի, բարելավի այն, ինչ մարզիչն է ցանկանում: Մի մասին թվում է՝ եթե ինչ-որ պահի հրավիրվել են ազգային հավաքական, իրենց ակումբում պիտի միշտ հիմնական կազմում խաղան: Մինչդեռ ֆուտբոլում պիտի անընդհատ ապացուցես դա:
«Հայ ֆուտբոլիստները չպիտի կանգ առնեն մի կետի վրա, երբ դժվարություն տեսնեն: Ցանկացած դժվարություն մարդուն ավելի ուժեղ է դարձնում: Բայց մենք՝ հայերս, երբ հանդիպում ենք դժվարության, միշտ պատճառներ ենք փնտրում: Դրա փոխարեն պետք է ինքդ քեզ վրա աշխատես, հասկանաս, որ դա կարող ես հաղթահարել, ու շարժվես առաջ: Եթե կա խնդիր, ապա կա նաև լուծում»,- կարծում է Մխիթարյանը:
Շրջապատը, ինչ-որ բան զոհաբերելու պարտադիր լինելը
Ֆուտբոլիստը հասարակության մի մասն է: Իսկ հայաստանյան իրականությունում այն շատ դեպքերում կարող է բացասաբար անդրադառնալ ֆուտբոլիստի վրա: Խոսքն ընկերների, ընտանիքի, թեկուզ նաև գործակալների մասին է, ովքեր մի փոքրիկ հաջողությունից հետո կարող են իրենց «հեքիաթներով» ողողել խաղացողի գլուխն ու կործանել նրան:
Ծնողների, մանավանդ հայրերի խառնվելը հաճախ է վատ հետևանքների բերում: Դա վերաբերում է նաև ֆուտբոլում գտնվող կամ եղած ծնողներին: Նրանց՝ սեփական փորձի վրա հիմնվելը ոչ միշտ է ճիշտ որդու կարիերայի դեպքում: Իսկ ընկերները ֆուտբոլիստին առավելապես հորդորում են ոչ թե ավելի շատ աշխատել, կարգապահ լինել, այլ ստիպում են մտածել, թե արդեն շատ բաների է հասել․․․ Սառը դատողության պակաս է նկատվում:
Եվ եթե այդ ընկերները, իրոք, այդ ֆուտբոլիստի լավն են ցանկանում, պետք է հուշեն, որ նա շատ բաներից պետք է զրկի իրեն: Ինչպես Արաս Օզբիլիսն էր ասում․ «Չես կարող ասել՝ ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ, բայց ընկերների հետ ամեն օր քաղաքում լինես»։
«Ուրարտուի» ակադեմիայի ներկայիս տնօրենը նաև հետաքրքիր օրինակ էր պատմել․ «Կային 16-ամյա ֆուտբոլիստներ, որոնց որոշել էինք շանս տալ ակումբի երկրորդ թիմում խաղալու համար: Բայց նրանք, իմանալով դրա մասին, այսպիսի պատասխաններ տվեցին՝ «տոմսեր ենք վերցրել, պիտի գնանք հանգստանալու», «պապիկիս քառասունքն է, պիտի գնամ», «այսօր կնունքի եմ, ուշ եմ քնելու, վաղն առավոտյան չեմ կարող լինել»․․․
Ես բազմաթիվ ծնունդներ, հարսանիքներ եմ բաց թողել: Իրենց սա եմ ասում՝ պատրա՞ստ եք ձեզ զրկել ձեր անձնական կյանքից: Եթե պատրաստ եք, ապա՝ ֆուտբոլիստ կդառնաք: Բայց չեք կարող և՛ այն հասցնել, և՛ այն: Եթե մի բան ուզում ես, պիտի դրանով ապրես, ու դա միայն ֆուտբոլին չի վերաբերում»:
Հ․ Գ․ Մամուլը ևս պետք է ուշադիր լինի: Այլ երկրներում ֆուտբոլիստներն ավելի շատ են, շատերի մասին է խոսվում: Իսկ Հայաստանում ինչ-որ մեկը քիչ թե շատ լավ խաղաց հավաքականում, բոլորը նրա մասին կխոսեն: Այդ ֆուտբոլիստը կարող է կորցնել իրականության զգացումը: Ամեն դեպքում, խաղացողին դրան ևս պետք է պատրաստեն: Բոլոր գործոններն են կարևոր, ամեն ինչ մանրուքներն են որոշում: