Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» բրազիլական «Բոտաֆոգոյից» ձեռք է բերել վինգեր Լուիս Էնրիկեին, գրում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։
Transfermarkt-ի հաղորդմամբ` «Զենիթը» ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 33 միլիոն եվրո։ Գործարքը դարձել է Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբի պատմության մեջ չորրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։
«Զենիթը» նախկինում ավելի շատ վճարել է միայն Մալկոմի («Բարսելոնային»՝ 41,5 միլիոն եվրո), Հալկի («Պորտուին»՝ 40 միլիոն եվրո) և Աքսել Վիտցելի («Բենֆիկային»՝ 40 միլիոն եվրո) տեղափոխությունների համար։
Կողմերը կնքել են պայմանագիր, որի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2029թ. հունվարի 1-ը։
Լուիս Էնրիկեն «Բոտաֆոգոյում» հանդես էր գալիս 2024թ. փետրվարից, 55 խաղում խփել է 12 գոլ, կատարել 6 ասիստ։
Այս գործարքում ներառվել են նաև Ռուսաստանի չեմպիոնի երկու ֆուտբոլիստներ՝ բրազիլացիներ, վինգեր Արթուրն ու կիսապաշտպան Վենդելը։ Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող «Բոտաֆոգոն» Արթուրի տրանսֆերի համար վճարել է 10, իսկ Վենդելի տրանսֆերի համար՝ 15 միլիոն եվրո։ Վերջինը նոր ակումբին կմիանա հուլիսի 1-ին։