Logo

Ժամանակը չի խնայում նույնիսկ ամենաուժեղներին․ որտե՞ղ են տասնամյակի սկզբի լավագույն մարտիկները հիմա

Հեղինակ
Հակոբ Գևորգյան
11:40 / 29.09.2025Խառը մենամարտեր
Բացառիկ
null

Ինչպես կյանքի յուրաքանչյուր բնագավառում, սպորտում էլ ժամանակի թողած հետքն անջնջելի է։ Եթե, օրինակ, թիմային մարզաձևերում ժամանակի ընթացքում որոշակիորեն կարող են փոխվել կազմերը կամ ուժերի վերադասավորումը, ապա անհատական մարզաձևերում մարզիկն ունի խիստ սահմանափակ ժամանակ՝ իրեն դրսևորելու և իր անունը պատմության մեջ գրելու համար։

Այսպիսին են նաև խառը մենամարտերը, որտեղ մարզիկի պիկը կարող է տևել մեկ կամ մի քանի տարի։ Ցայտուն օրինակ է UFC-ի մարտիկների աղյուսակը՝ առանց քաշային կարգերի։ Ընդամենը 5 տարվա հաշվարկում լիգան ցույց է տալիս, որ ամեն ինչ հարաբերական է։ 2020 թվականին UFC-ի P4P վարկանիշն այլ տեսք ուներ, իսկ 5 տարի անց այս ցուցակի լավագույն տասնյակում «հնաբնակներից» գրեթե ոչ ոք չկա։ Պարզենք, թե որտեղ են հիմա ոչ վաղ անցյալի ուժեղագույն մարտիկները։  

1․ Ջոն Ջոնս

Տասնամյակի սկզբում լիգայի լավագույն մարտիկ էր համարվում Ջոն Ջոնսը։ Հենց նա էր վարկանիշի առաջատարը, իսկ տարիները միայն ավելի ազդեցիկ դարձրին Ջոնսի ժառանգությունը։ Նա երկար տարիներ գերիշխում էր կիսածանր քաշային կարգում՝ պարտություն կրելով միայն մեկ անգամ, ընդ որում՝ որակազրկման պատճառով։ 2020 թվականին Ջոնսը հրաժարվեց իր չեմպիոնական տիտղոսից՝ ծանր քաշային կարգ տեղափոխվելու մտադրությամբ։ Երկարատև դադարից հետո Ջոնսը 2023 թվականին վերադարձավ և դարձավ UFC-ի ծանր քաշային կարգի չեմպիոն առաջին ռաունդում Սիրիլ Գանին հաղթելուց հետո։ Այս հաղթանակը նրան դարձրեց պատմության մեջ 8-րդ կրկնակի չեմպիոնը։ Ջոնսը մեծ սպորտից հեռացավ բոլորովին վերջերս։ Նա կարիերայի վերջին մենամարտում գերծանր քաշային կարգի գոտին պաշտպանեց ոչ պակաս լեգենդար Ստիպե Միոչիչի դեմ ու կարճ ժամանակ անց ավարտեց կարիերան։ Ջոնսը շատերի համար խառը մենամարտերի պատմության մեջ լավագույն մարտիկն է, անգերազանցելին։ Բայց եթե նա օրինակելի վարքագիծ դրսևորեր նաև օկտագոնից դուրս, այս կարծիքը դժվար թե վիճարկման առարկա դառնար։

2․ Խաբիբ Նուրմագոմեդով 

Երկրորդն այդ տարիներին Խաբիբ Նուրմագոմեդովն էր: Խաբիբը թեթև քաշային կարգի անպարտելի չեմպիոնն էր՝ 28-0 ռեկորդով։ Գերիշխող ըմբշամարտի ոճը նրա մրցակիցներին թույլ չէր տալիս հաղթել։ Նա P4P ցուցակի ամենադոմինանտ մարտիկներից էր։ 2020 թվականի հոկտեմբերին Խաբիբը պաշտպանեց իր տիտղոսը՝ հաղթելով Ջասթին Գեյջիին, ինչից հետո անսպասելիորեն հայտարարեց կարիերան ավարտելու մասին՝ մնալով անպարտելի 29-0 ցուցանիշով։ Նա կատարեց մորը տված իր խոստումը՝ չշարունակել մենամարտել առանց իր հոր և մարզչի՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի։ Կարիերայի ավարտի մասին հայտարարելուց հետո Նուրմագոմեդովը որոշ ժամանակ գլխավորեց P4P վարկանիշը։ Այժմ նա հայտնի մարզիչ է, որի մարզած մարտիկները հասնում են մեծ հաջողությունների։ Խաբիբը նաև զարգացնում է իր սեփական մարտական կազմակերպությունը՝ Eagle FC-ն։

3․ Ստիպե Միոչիչ

Ստիպե Միոչիչը 2020թ. ծանր քաշային կարգի չեմպիոն էր և համարվում էր UFC-ի պատմության մեջ ամենահաջողակ ծանրքաշային մարտիկներից։ Նա ռեկորդ էր սահմանել՝ երեք անգամ պաշտպանելով տիտղոսը։ Անկասկած, Ստիպեն ևս հսկայական ժառանգություն է թողել ու ամենասիրված մարտիկներից է ամբողջ աշխարհում։ 2021թ. ամերիկացին չկարողացավ պաշտպանել գոտին Ֆրենսիս Նգանուի դեմ մարտում։ Դրանից հետո Ստիպեն մի քանի անգամ հետաձգեց իր վերադարձը օկտագոն, որպեսզի դա աներ 2024 թվականին Ջոն Ջոնսի դեմ։ Ստիպեն պարտվեց տեխնիկական նոկաուտով ու հենց օկտագոնում հայտարարեց կարիերայի ավարտի մասին։ Այժմ մարտիկը վայելում է ժամանակն ընտանիքի հետ։

4. Իսրայել Ադեսանյա

2020թ. Իսրայել Ադեսանյան միջին քաշային կարգի չեմպիոն էր՝ անպարտելի ռեկորդով։ Նա նոր էր նվաճել տիտղոսը և արագորեն դարձել P4P ցուցակի առաջատարներից իր եզակի հարվածային ոճի և տպավորիչ ելույթների շնորհիվ։

Իզին երկար ժամանակ պահպանեց իր տիտղոսը՝ հաղթելով ամենահայտնի մրցակիցներին։ Նա տիտղոսը կորցրեց 2022 թվականին իր վաղեմի մրցակից Ալեքս Պերեյրայի դեմ մարտում, սակայն 2023 թվականի ռևանշում հաղթեց և վերադարձրեց գոտին։ Առայժմ դա Իզիի կարիերայի վերջին հաղթանակն է։ Նույն թվականին նա կրկին կորցրեց տիտղոսը Շոն Սթրիքլենդի դեմ պայքարում և դրանից հետո հայտարարեց ժամանակավոր դադարի մասին՝ ասելով, որ ցանկանում է հանգստանալ և վերականգնել ուժերը։ Թեև այդ դադարը նախապես պլանավորված էր մինչև 2027 թվականը, այդուհանդերձ, կարճ ժամանակ անց Իզին վերադարձավ՝ այս անգամ ձեռնոց նետելով միջին քաշի չեմպիոն Դրիկուս Դյուպլեսիին։ Հարավաֆրիկացուն ևս Ադեսանյան պարտվեց, իսկ կարիերայի վերջին մենամարտում տեխնիկական նոկաուտով զիջեց Նասորդին Իմավովին։ Այժմ Ադեսանյան միջին քաշային կարգի վարկանիշում 5-րդն է, բայց դա էլ ավելի շատ վաստակի, ոչ թե ներկայիս մարզավիճակի շնորհիվ է։

5․ Կամարու Ուսման

2020թ. Կամարու Ուսմանը կիսամիջին քաշային կարգի չեմպիոնն էր։ Նա P4P ցուցակում բարձր դիրք էր զբաղեցնում իր հաղթական շարքի և անպարտելիության շնորհիվ։ Ուսմանը համարվում էր իր սերնդի լավագույն մարտիկներից։ Նա երկար ժամանակ մնաց չեմպիոն՝ պարբերաբար պաշտպանելով տիտղոսը, ինչի դրա շնորհիվ նիգերիացին նաև որոշ ժամանակով գլխավորեց անկախ քաշային կարգերից մարտիկների վարկանիշային ցանկը։ Նա գոտին կորցրեց Լեոն Էդվարդսի դեմ մարտում 2022 թվականին, իսկ 2023թ. պարտվեց նրան նաև ռևանշ մենամարտում։ Հետագայում Ուսմանը պարտվեց նաև Խամզաթ Չիմաևին, իսկ այս պահին վերջին մենամարտում հաղթել է Խոակին Բաքլիին։ Կամարուն կիսամիջին քաշում հիմա 5-րդ վարկանիշն ունի ու ցանկանում է նաև վերադառնալ P4P ցուցակ:

2020թ. լավագույն տասնյակում էին նաև Ալեքսանդր Վոլկանովսկին, Դասթին Պորյեն, Ջասթին Գեյջին, Թոնի Ֆերգյուսոնն ու Քոնոր Մաքգրեգորը։ Այդ տասնյակից հիմա վարկանիշում ներկայացված է միայն Վոլկանովսկին։ Նա կիսաթեթև քաշային կարգի գործող չեմպիոնն է, թեև մի պահ կորցրել էր գոտին Տոպուրիայից կրած պարտության արդյունքում։

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ