Զինեդին Զիդանը մտադիր է ստանձնել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը և մերժում է ակումբներից ստացած բոլոր առաջարկները։
Mundo Deportivo-ն գրում է, որ Ֆրանսիայի հավաքականը գլխավորելը միակ տարբերակն է, որն այժմ դիտարկում է 51-ամյա մասնագետը։ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչն առաջարկի է սպասում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Ըստ աղբյուրի` Զիդանը, հանուն Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու, մերժել է մի շարք գրանդ ակումբների, այդ թվում` Փարիզի ՊՍԺ-ի առաջարկը։
Բացի այդ, ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստն այժմ ընտանիքի հետ բնակվում է Մադրիդում։ Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու դեպքում նա Իսպանիայի մայրաքաղաքը կլքի միայն հանդիպումների և հավաքների ժամանակ։
Ֆրանսիայի հավաքականն այժմ մարզում է Դիդյե Դեշամը, որը երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։
Զինեդին Զիդանի նախորդ աշխատավայրը եղել է Մադրիդի «Ռեալը», որը գլխավորել է նախ 2016-2018թթ․, ապա 2019-2021թթ.։ «Արքայական ակումբը» նրա գլխավորությամբ նվաճել է 11 տիտղոս, այդ թվում` երեք անգամ անընդմեջ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։


