Logo

Զրույց կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանի հետ միջազգային կինոփառատոնների և հայկական կինոյի մասին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 20.12.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Զրույց Դիանա Մարտիրսյանի հետ

Զրուցել ենք կինոքննադատ, կինոլրագրող Դիանա Մարիտրոսյանի հետ, որը վերջերս մասնակցում էր Cairo International Film Festival-ին, նա կինոլրագրողական ժյուրիի կազմում էր։

 – Դիանա, կպատմե՞ս Կինոփառատոնի մասին, ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ։

 – Գոյություն ունի FIPRESCI կինոքննադատների միջազգային ֆեդերացիան, որը բավական հին միջազգային կառույց է, հիմնադրվել է 1930 թվականին Բելգիայում: Այսօր աշխարհի շատ երկրներում գոյություն ունեն կինոլրագրողների, կինոքննադատների տեղային ասոցիացիաներ: Հայաստանը ևս ունի. ղեկավարը կինոգետ Սուսաննա Հարությունյանն է: Այս ասոցիացիայի միջոցով էլ մենք հնարավորություն ունենք դիմել փառատոններին մասնակցության համար: Լինում է, որ փառատոններն են հրավիրում կինոքննադատներին, սակայն ռեգիոնալ կինոփառատոնների պարագայում հիմնականում լինում է այսպես. դու դիմում ես մասնակցության համար, նրանք էլ քեզ հրավիրում են ընգրկվել կինոլրագրողական ժյուրիի կազմում, որը բաղկացած է լինում երեք անդամներից: Երեք անդամներից մեկը տեղացի է լինում, մյուս երկուսը՝ օտարերկարցի: Մենք «Ոսկե ծիրանին» ևս ունենում ենք FIPRESCI ժյուրի, որը տալիս է մեկ մրցանակ՝ սովորաբար հիմնական մրցույթից: Կահիրեում, օրինակ, մենք մրցանակ շնորհեցինք թունիսական «Վաղը» դրամային, ֆիլմի ռեժիսորը արաբախոս աշխարհում շատ հայտնի դերասան Դհաֆեր Լաբիդինն է, սա իր ռեժիսորական դեբյուտն է։

263768813 5117611728272682 8843391695936607779 n 960x960 - Զրույց կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանի հետ միջազգային կինոփառատոնների և հայկական կինոյի մասին
Կահիրեի կինոփառատոն. ժյուրիի նախագահ Էմիր Կուստուրիցայի հետ

 

– Այս կինոփառատոնից առաջ՝ ամռանը, ևս մի կինոփառատոնի էիր մասնակցում Օդեսայում։ Կպատմե՞ս նաև Օդեսայից։

– Օդեսայի փառատոնը, ի տարբերություն Կահիրեինի, չի համարվում A դասի կինոփառատոն, բայց շատ ակտիվ, զարգացող և հյուրասեր կինոփառատոն է, մեծ գումարներ են ներդրվում այնտեղ և՛ տեղական, և՛ միջազգային կազմակերպությունների կողմից՝ դարձնելով կինոփառատոնը բավական հաճելի և տոնական միջոցառում՝ ամառ, ծով, լավ ֆիլմեր… Այո՛, միցութային ծրագիրն էլ էր շատ լավը: Ի դեպ, և՛ Կահիրեում, և՛ Օդեսայում ծրագրերը բավական հարուստ էին և բազմազան, նայելու բան շատ կար:

239599801 4735987153101810 4949868857992726565 n 960x1440 - Զրույց կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանի հետ միջազգային կինոփառատոնների և հայկական կինոյի մասին
Օդեսայի կինոփառատոն

Տես ավելին՝

– Ի՞նչ կարևորություն ունեն նմանատիպ կինոփառատոնները կինոքննադատների, կինոլրագրողների համար, քեզ համար մասնավորապես։

– Ցանկացած մեծ կինոփառատոն, որն ունի գումար և ախորժակ՝ մեծ ֆիլմեր ցուցադրելու իր լսարանի համար, հրաշալի հնարավորություն է ընձեռում նաև այդ փառատոնին մասնակից կինոլրագրողների համար նայել մեծ ֆիլմեր, քննարկել այդ ֆիլմերը կոլեգաների հետ, լինել այդ ֆանտաստիկ ու ուժեղ կինոմթնոլորտի մասնիկը: Իսկ երբ փառատոնը նաև հնարավորություն ունի սեփական՝ ազգային կինոն ներկայացնել այդ փառատոնի շրջանակներում, ապա կինոլրագրողը հնարավորություն է ունենում ծանոթանալու նաև տվյալ երկրի կինեմատոգրաֆին և հետևաբար որոշակի պատկերցում կազմել տեղական կինոարտադրության մասին՝ գոնե այդ տարվա կամ նախորդող մեկ երկու տարիների կտրվածքով:

Այդուհանդերձ պետք է հիշել միշտ, որ փառատոնային կինոն հեղինակային կինեմատոգրաֆ է, և ոչ բոլոր ֆիլմերն են ունենում միջազգային կինովարձույթ, կամ շատ արագ հայտնվում համացանցում:

Ինձ թվում է, կինոփառատոնային ոլորտն ավելի աուտենտիկ է, դու առաջիններից ես, ով տեսնում է մասնակից ֆիլմերը, նստած ես կինոդահլիճում, կողքիդ կինո ստեղծող մարդիկ են, կինո սիրող մարդիկ են, ու այդ մթնոլորտը շատ ուրիշ է: Նման միջոցառումներին մասնակցությունը կարևոր է նաև շփումների, ծանոթությունների տեսանկյունից. դու ես ճանաչում մարդկանց, մարդիկ են ճանաչում քեզ:

240119974 10160228896089237 8306920792902075868 n 960x640 - Զրույց կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանի հետ միջազգային կինոփառատոնների և հայկական կինոյի մասին
Օդեսայի կինոփառատոն, FIPRESCI ժյուրին մրցանակ է հանձնում ռեժիսոր Տարաս Դրոնին՝ «Կապած աչքերով» դրամայի համար

– Հայաստանը, երկիր, որի կինոն այնքան էլ հաճախ չի հայտնվում կինոփառատոններում, ներկայանում է այդտեսակ կարևոր միջոցառումներին իր կինոքննադատների շնորհիվ․ կարելի՞ է ասել, որ դա իրոք պատվաբեր և կարևոր է մեր երկրի կինոարտադրության համար։

– Ըստ իս, որպես իմիջ, որպես, այսպես ասած, մարքեթինգ, Հայաստան անունն ավելի շատ զրույցի տեսքով է տեղի ունենում նման պարագայում. դու ծանոթանում ես, խոսում ես, կարծիքներ ես փոխանակում… Իհարկե ավելի մաշտաբային է, երբ ֆիլմի տեսքով ենք հանդես գալիս միջազգային կինոհարթակներում, բայց եթե չունենք նման հնարավորություն, հայկական ֆիլմը չի հայտնվում, օրինակ, Կահիրեում կամ Օդեսայում, ապա լավ է, որ մեզանից՝ մեր երկրից ինչ-որ մեկը գնում և ներկայացնում է մեր երկիրը:

239519540 4735987266435132 988460373065716715 n 960x1280 - Զրույց կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանի հետ միջազգային կինոփառատոնների և հայկական կինոյի մասին
Օդեսայի կինոփառատոնի հատուկ հյուր, գերմանացի դերասան և ռեժիսոր Դանիել Բրյուլի հետ

 

– Դիանա, մի պարզ և տրիվիալ թվացող հարց տամ․ ի՞նչն է, ըստ քեզ, պատճառը, որ մեր կինոն զգալի հաջողություններ չի գրանցում դրսերում։ Ի՞նչ կարող ես անել դու՝ որպես կինոգետ, կինոյի այսպես ասած մասնագետ, մարդ, որը նմանատիպ կինոփառատոնների մասնակցության, այն էլ այլոց ֆիլմերը գնահատելու փորձառություն ունի։

– Ցավոք, մեր այսօրվա կինեմատոգրաֆը համեստ և փոքր հաջողություններ է գրանցում, եթե համեմատենք մեծ ու ակտիվ երկրների հետ, որոնք ավելի շատ ու ավելի հաճախ են նկարահանում, կինոշուկայի իմաստով ավելի, այսպես ասած, ագրեսիվ են:

Մենք ունենում ենք ֆիլմեր փառատոններում, բայց ոչ շատ հաճախ և ոչ մեծ փառատոններում: Այո՛, Հայաստանցի կինոռեժիորների ֆիլմերը երբեմն հայտնվում են կինոփառատոններում, սակայն քանի որ մեր արտադրությունը համեստ է և փոքրաթիվ, սակավաթիվ են հայկական ֆիլմերը, հասկանալի է, որ բոլոր փառատոններում հնարավոր չէ ներկայացվեն ֆիլմեր, այսինքն, երբ ֆիլմերի քանակը քիչ է, այդ քչի մեջ որակյալ ֆիլմերի քանակն էլ է քիչ, և բնականաբար շանսերն էլ են ավելի փոքր, որ այդ ֆիլմերը հայտնվեն կինոփառատոններում, որովհետև ի տարբերություն, օրինակ, Վրաստանի կամ Իրանի, մենք ավելի համեստ ենք բոլոր տեսանկյուններից՝ և՛ ֆինանսական, և՛ ամբիցիաների, և՛ մրցունակության: Առհասարակ մասնագետների սակավաթիվ լինելու փաստն էլ է մեծ դեր խաղում, դա էլ պետք է օբյեկտիվ պատճառներով հասկանանք. մենք փոքր երկիր են, հետևաբար մեր շուկան փոքր է:

Ամեն դեպքում կարծում եմ, որ ցանկացած ձեռբերման մասին, որ դուրս է գալիս Հայաստանից, հասնում է ինչ-որ կետի, միջազգային քարտեզի վրա գրանցում է աշխարհագրական հաջողություն, պետք է ավելի բարձր ու շատ խոսել, ավելի ակտիվ խոսել:

Մենք ունեցանք որոշակի հաջողություններ այս տարի, անցած տարի ևս: Մի քանի անուն կարող եմ տալ. Օվսաննա Շեկոյան, Թամարա Ստեփանյան (որը, թեև, ապրում է Ֆրանսայում, բայց նրա ֆիլմերում Հայաստանը միշտ լինում է արտադրող երկրների ցանկում), Րաֆֆի Մովսիսյան (այս տարի Կրակովի կինոփառատոնում նրա ֆիլմն էր ներկայացված)… Պետք է հստակ փաստել, որ մենք որոշակի հաջողություններ գրանցում ենք, բայց այդ հաջողությունների, այդ ֆիլմերի մասին շատ չեն խոսում ու մարդիկանց լայն զանգվածները դրանց մասին չեն իմանում պարզապես:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա