
Շատ են դեպքերը, երբ ոչ ռուսական ազգանունով մարզիկները ներկայացնում են Ռուսաստանը։ Վիկտոր Անից մինչև Մարիո Ֆերնանդես, Արթուր Դալալոյանից՝ Գիլյերմե։ Հակառակ պատկերին այդքան էլ հաճախ չենք հանդիպում։ Բայց արի ու տես, որ կան մարզիկներ, նույնիսկ Օլիմպիական չեմպիոններ, որոնք ռուսական արմատներ ունեն, բայց ներկայացնում են բոլորվին այլ երկիր։ Այդպիսի մարզիկ է Գերմանիայի կազմում Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ նվաճած թենիսիստ Ալեքսանդր Զվերևը։
Սաշան փառահեղ մրցաշար անցկացրեց։ Կիսաեզրափակիչում նա պայքարից դուրս թողեց մրցաշարի գլխավոր ֆավորիտ Նովակ Ջոկովիչին։ Առաջին սեթում պարտվելուց ու երկրորդ սեթում կրիտիկական վիճակում գտնվելուց հետո Զվերևը հետ եկավ ու հաղթեց Նովակին։ Եզրափակիչում էլ նա մեկ գլուխ բարձր էր Կարեն Խաչանովից։
Չնայած երիտասարդ տարիքին՝ Զվերևը արդեն երկար տարիներ է, ինչ բարձր մակարդակի խաղ է ցուցադրում։ Նա տպավորիչ ցուցանիշներ ունի, որով քչերը կարող են պարծենալ, իսկ հիմա նա տղամարդկանց մենախաղի Օլիմպիական չեմպիոն է դառնում, որով չի կարող պարծենալ նույնիսկ Զվերևի կուռքը՝ հսկա Ռոջեր Ֆեդերերը։ Եկեք պարզենք, թե ով է Ալեքսանդր Զվերևը։
Թենիսն՝ ընտանիքում
Ալեքսանդր Զվերև կրտսերը թենիսիստներ Ալեքսանդր Զվերևի և Իրինա Զվերեվայի որդին է։ Զվերև ավագը Խորհրդային Միության ամենաուժեղ թենիսիստներից էր։ Նա Դևիսի գավաթում Խորհրդային Միության հավաքականի մշտական անդամներից էր։ Խորհրդային Միության տարիներին տեղացի մարզիկները չունեին հնարավորություն ակտիվորեն ներգրավված լինելու թենիսի միջազգային մրցաշարերին։ Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Զվերև ավագը ATP-ի վարկանիշային աղյուսակում լավագույն ցուցանիշն ունեցել է 1985 թվականին, երբ զբաղեցնում էր դասակարգման աղյուսակի 175-րդ հորիզոնականը։ Ալեքսանդր Զվերև ավագը Խորհրդային Միության սպորտի վարպետ է։

Թենիսով է զբաղվել նաև Զվերևի մայրը՝ Իրինա Զվերևան։ Նախկին թենիսիստ, թենիսի մեկնաբան Աննա Դմիտրևան մի անգամ պատմում էր, որ Իրինան որդու՝ Սաշա Զվերևի հանդիպումները երբեք չի նայում։ Նա այնքան է լարվում հանդիպումները դիտելիս, որ որոշել է այլևս չնայել խաղերը ու միայն հանդիպումից հետո է իմանում հաշիվը։ Կարծես թե, սա գալիս է ապացուցելու այն հայտնի տողերը, որ երկրպագուները սիրում են ասել թենիսի մասին․
«Թենիսն առողջարար սպորտ է, երբ խաղում ես, բայց այն հաստատ վնասում է առողջությանը, երբ այն դիտում ես»։
Զվերևի ավագ եղբայրը՝ Միշա Զվերևը, ևս պրոֆեսիոնալ թենիսիստ է։ Նա ATP-ի վարկանիշային աղյուսակում եղել է 44-րդը։ «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում հասել է առնվազն մինչև երկրորդ շրջան։ Հիմա Միշան հազվադեպ է խաղում։ Կրտսեր եղբոր հետ նա հաճախ է ճանապարհորդում։ Վերջերս էլ աշխատանքի է անցել Eurosport հեռուստաալիքում որպես փորձագետ։ Հիմա արդեն առանց կասկածի կարող ենք ասել, որ ընտանիքի ամենատաղանդավոր թենիսիստը ամենակրտսերն է՝ Ալեքսանդր Զվերևը։
Մեր ընտրանին
Լացկան Ռոջեր, հատուկ աթոռներ․ 5 դեպք, երբ Սաղավարտի եզրափակիչը «չավարտվեց» վերջին գնդակով
Այդպես էլ չհասնելով ոսկուն․ 5 աշխարհահռչակ մարզիկ, որ չեն նվաճել Օլիմպիական ոսկին
«Հիրոսիմայից փրկվածը». Տոկիոյի նախորդ Օլիմպիական խաղերի կրակը վառել է «ատոմային տղան»
Ինչու Գերմանիա

Մինչև Խորհրդային Միության փլուզումը՝ 1990-ական թվականների սկզբին, Զվերևների ընտանիքը տեղափոխվեց Գերմանիա։ Ավագ որդին՝ Միշան, ծնվել է Ռուսաստանում, մինչդեռ Սաշան ծնվել է Գերմանիայում՝ Համբուրգում։ 1991-1995 թվականների ընթացքում Զվերև ավագը գերմանական Մյոլն քաղաքի թենիսի ակումբում մարզիչ էր աշխատում։ 1995 թվականին նրանք ընտանիքով տեղափոխվեցին Համբուրգ։ Զվերև ավագն աշխատանքի անցավ Համբուրգի թենիսի ակումբում։ Միշան ու Սաշան թենիսի ճանապարհն ընտրելու դեպքում ներկայացնելու էին հենց Գերմանիան։
Բացառիկ նվաճումներ պատանեկան տուրում ու մուտքը պրոֆեսիոնալ տուր
Զվերևը սկսել է թենիսով զբաղվել երեք տարեկանում։ Նրա տաղանդն ու ունակությունները նկատելի էին մասնագետ ծնողների համար։ Ավագ Զվերևը իր որդիների մարզիչն է եղել։ Զվերևի առաջընթացը չափազանց արագ ու հեշտ է ստացվել։ Պատահական չէ, որ պատանեկան տուրում նա բացառիկ նվաճումների է հասել՝ լինելով նույնիսկ պատանիների շրջանում աշխարհի առաջին ռակետը։ Պատանեկան թենիսում նա իր նորամուտը նշել է 2011 թվականին, երբ 13 տարեկան էր։ Ընդամենը մեկ տարի անց Զվերևը նվաճել է առաջին տիտղոսը պատանեկան տուրում՝ հաղթելով թենիսի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից մեկը։

2013 թվականին Զվերևը, հաղթահարելով պատանեկան տուրի բոլոր փուլերը, ստացել է pro արտոնագիր, ասել է թե դարձել է պրոֆեսիոնալ խաղացող։ Ու այս ամենն ընդամենը 16 տարեկանում։ Սա իսկապես ֆանտաստիկ ցուցանիշ էր։ 2013 թվականի ամռանը Զվերևը առաջին անգամ մասնակցել է ATP Tour-ի պրոֆեսիոնալ մրցաշարի հիմնական ցանցի խաղի։ Դա Համբուրգում անցկացվող մրցաշարում էր, նրա մրցակիցը իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտն էր։ Զվերևը առաջին խաղում պարտություն է կրել։ 2014 թվականին Զվերևը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնության պատանեկան մրցաշարը։
Հաղթանակը թենիսում իր կուռքի դեմ խաղում․ բեկում
Զվերևի համար բեկումնային դարձան 2016 և 2017 թվականների մրցաշրջանները։ Նա տարվա միջնամասում սենսացիոն հաղթանակ տարավ թենիսում իր կուռքի՝ Ռոջեր Ֆեդերերի դեմ խաղում։ Դա Գերմանիայի Հալլե քաղաքի ATP 500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչում էր։ Հանուն արդարության պետք է նշել, որ այդ ժամանակ Ֆեդերերը ծնկի վնասվածք ուներ, ինչն էլ մի քանի օր անց Ուիմբլդոնում հանգեցրեց ցավալի պարտության ու մրցաշրջանի մնացյալ հատվածի բաց թողնելուն։ Ամեն դեպքում այս հաղթանակը Զվերևի կյանքում շատ բան է փոխել․
«Ես չէի կարող նույնիսկ մտքի ծայրով մտածել այդ մասին, որ այսօր հաղթողը ես եմ լինելու։ Ես չէի կարող պատկերացնել սա։ Սա անհավատալի է, հաղթել Ռոջերին, այն էլ խոտածածկի վրա»,-ասում էր Զվերևը։

Եթե 2015-ին Զվերևը մուտք էր գործել ATP-ի դասակարգման աղյուսակի թոփ-50՝ դառնալով այդ ցանկում ամենաերիտասարդ խաղացողը, ապա 2016-ին նա հայտնվել է թոփ-20-ում: 2016 թվականին Զվերևը նվաճել է իր առաջին տիտղոսը պրոֆեսիոնալ տուրում։ Մրցաշրջանն իսկապես լավն էր, նա արդեն թոփ-20-ում էր, սակայն հաջորդ տարին իսկապես հեքիաթային էր լինելու նրա համար։
2017 թվականին Զվերևի խաղն ուղղակի աննկարագրելի առաջընթաց է ապրում։ Նա հաղթում է 5 մրցաշարերում, որոնցից երկուսը Մասթերս շարքի՝ մեկը Մոնրեալում, մյուսը՝ Հռոմում։ Արդյունքում մրցաշրջանի վերջում նա ATP-ի դասակարգման աղյուսակում բարձրանում է երրորդ տեղ։ Սա մինչև հիմա Զվերևի լավագույն արդյունքն է։
Արդարացած ու չարդարացած սպասելիքներ
Զվերևը էլ ավելի հնչեղ կերպով լսեցնում է իր մասին, երբ հաղթում է 2018 թվականի ամփոփիչ մրցաշարում։ Եզրափակիչում նա առավելության է հասնում Նովակ Ջոկովիչի նկատմամբ։ Կարիերայի ամենամեծ նվաճումից հետո բոլորը սպասում էին աներևակայելի խաղ նրանից նաև «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Սակայն հաջողությունների այս տարափից հետո Զվերևը մի փոքր «նստեց»։ Հաջորդ տարի նա մեկը մյուսի հետևից ձախողում էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերն ու «մասթերսերները»։ Տարվա միակ հաջողությունը Ժնևի համեստ մրցաշարում հաղթանակն էր։
Մեկ տարվա դադարից հետո Զվերևը նորից սկսում է փայլել։ 2020-ին նա դուրս է գալիս Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ ու US Open-ի եզրափակիչ։ Երկու խաղերում էլ նրա ճանապարհին կանգնում է Դոմինիկ Տիմը։ Միացյալ Նահանգների բաց առաջնության եզրափակիչում նա շատ մոտ էր հաղթանակին։ Երկու սեթի առավելությունը Զվերևը կորցնում է սենսացիոն կերպով։ Տիմը հաղթում է այդ թրիլլերային մենաամարտում ու տանում կարիերայի «Մեծ սաղավարտի» առաջին տիտղոսը։
«Եթե նա առաջիկա տարիներին «Մեծ սաղավարտի» մրցաշարում չհաղթի, կարող եք ինձ ասել, որ ես թենիսից ոչինչ չեմ հասկանում»,-ասաց Ռաֆայել Նադալը Զվերևի դեմ խաղերից մեկից հետո։
Մեծ հաշվով երկրպագուներն ու փորձագետները Զվերևի սկզբնական հաջողություններից հետո սպասում էին մեծ նվաճումների նաև «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, սակայն մինչև օրս Սաշան Grand Slam-երում հաղթանակ չունի։ Այն, որ նա այսպիսի խաղամակարդակի թենիս է ցուցադրում, սպասելիքների արդարացում է։ Զվերևի մոտ կարևորագույն պահերին առաջ են գալիս հոգեբանական խնդիրներ։ Եթե նա հաղթահարեց նաև դա, նրան ոչինչ չի կարող կանգնեցնել ամենամեծ նվաճումներին հասնելու համար։
Օլիմպիական ոսկին՝ մեծագույն նվաճում

Օլիմպիական խաղերում հաղթանակը Զվերևի կարիերայի դեռևս մեծագույն նվաճումն է։ Նույնիսկ եթե նա հաղթի «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, այս հաղթանակը յուրահատուկ է լինելու նրա համար միշտ։ Նովակ Ջոկովիչին թրիլլերային պայքարում հաղթելուց հետո ոսկու արժեքը կրկնապատկվում է։
Զվերևը այս հաղթանակից հետո կարող է թևեր ստանալ ու վերջապես ճախրել նաև «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Սակայն սպորտում շատ հաճախ լինում է նաև հակառակը։ Մեծ նվաճումներից հետո գալիս է որոշակի անկման պահը։ Ի՞նչ է լինելու Զվերևի պարագայում, միայն ժամանակը ցույց կտա։

