FastNews-ը ներկայացրել էր 21-րդ դարում պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուներին: Հիշեցնենք, որ այդ ցուցանիշով լավագույնն իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, որի հաշվին 238 գոլ է գրանցված:
Այսօր կանդրադառնանք 21-րդ դարում անցկացված ՀՀ առաջնություններում խփած գոլերի քանակով ամենաարդյունավետ ֆուտբոլիստներին: Նշենք, որ Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունը 21-րդ դարում անցկացվող 24-րդ մրցաշարն է:
21-րդ դարում Բարձրագույն խմբի առաջնություններում բոլորից արդյունավետ է գործել Արամ Հակոբյանը, որը 93 գոլի հեղինակ է դարձել: Ընդ որում Արամը մասնակցել է 21-րդ դարում անցկացված ընդամենը 7 առաջնության (2001-2003, 2005-2008թթ.): Իսկ ֆուտբոլային կարիերան նա սկսել էր 1996/97թթ. առաջնությունում Երևանի ԲԿՄԱ-ում:
Հաջորդ մրցաշրջանում արդեն «Փյունիկում» Արամը բացեց գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում: 1998-2000թթ. Արտաշատի «Դվինի» և Արարատի» «Ցեմենտի» կազմում նա ընդհանուր առմամբ 16 գոլ խփեց:
21-րդ դարն Արամ Հակոբյանը դիմավորեց Երևանի «Սպարտակում»: 2001թ. առաջնությունում նա 15 գոլ խփեց՝ արդյունավետության անձնական ռեկորդ սահմանելով: Հաջորդ մրցաշրջանում Հակոբյանը կրկնեց իր ցուցանիշը: Տեղափոխվելով «Բանանց», Արամը եղբոր՝ Արայի հետ դարձավ թիմի հարձակողական բռունցքը: 2003թ. առաջնությունում Հակոբյանը գերազանցեց արդյունավետության անձնական ռեկորդը՝ դառնալով 21 գոլի հեղինակ:
Իսկ նրա ֆուտբոլային կարիերայի աստեղային ժամը 2005-2006թթ. մրցաշրջաններն էին: 2005թ. Արամ Հակոբյանը ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ հաջորդ մրցաշրջանում 25 գնդակով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու՝ արժանանալով «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:
Բարձրագույն խմբում Արամը ելույթներն ավարտեց 2008թ. «Ուլիսում», որի կազմում խփեց ՀՀ առաջնություններում իր կարիերայի վերջին՝ 110-րդ գոլը: Այդ գոլերից 62-ը նա խփել է «Բանանցում»՝ մինչ օրս հանդիսանալով թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն:
21-րդ դարի լավագույն ռմբարկուների ցանկում 85 գնդակով 2-րդ հորիզոնականում Արտյոմ Ադամյանն է: Նա իր կարիերայի բոլոր գոլերը խփել է 21-րդ դարի առաջնություններում, թեև Բարձրագույն խմբում Երևանի «Դինամոյի» կազմում նորամուտը նշել է 2000թ.: Այդ տարի թիմի կազմում անցկացրած 25 հանդիպումներում 20-ամյա ֆուտբոլիստին այդպես էլ չհաջողվեց վայելել խփած գոլի բերկրանքը:
Փոխարենն Ադամյանը ռմբարկուի հատկանիշներով աչքի ընկավ 2002թ. առաջնությունում՝ դառնալով 15 գոլի հեղինակ: Գոլերից 10-ը նա խփել էր առաջին շրջանում «Դինամոյում» անցկացրած 11 հանդիպումներում, 5-ը՝ երկրորդ շրջանում «Միկայի» կազմում մասնակցած 11 խաղերում: 2003 (10 գոլ) և 2005թթ. (13 գոլ) Արտյոմ Ադամյանը դարձել է «Միկայի» լավագույն ռմբարկու:
Նշենք նաև, որ Արտյոմ Ադամյանն ինքնատիպ ռեկորդի հեղինակ է: Նա Բարձրագույն խմբում ելույթ ունեցած իր 3 թիմերի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն է՝ «Դինամո»՝ 13 գոլ, «Միկա»՝ 43, «Ուլիս»՝ 29:
21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստների եռյակը 83 գնդակով եզրափակում է Արա Հակոբյանը: Մինչ նրա ֆուտբոլային կարիերային անդրադառնալը, համեմատության համար նշենք, որ 20-րդ դարում անցկացված ՀՀ 9 առաջնությունների և 1995թ. գարնանային-անցումային մրցաշարի ընդհանուր արդյունքներով լավագույն ռմբարկուների եռյակի ցուցանիշներն անհամեմատ բարձր են:
150 գոլով ցուցակը գլխավորում է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանը, որին հաջորդում են Արթուր Պետրոսյանն (125 գոլ) ու Գեղամ Հովհաննիսյանը (111 գոլ): Ընդ որում Ավետիսյանը 47 գնդակով նաև 21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում է: Եվ եթե նա 5 մրցաշրջան (2001-2005թթ.) չբացակայեր Հայաստանից՝ հանդես գալով Ռուսաստանի առաջին խմբի առաջնության մասնակից թիմերում, ապա 21-րդ դարում էլ առաջատար դիրքեր կզբաղեցներ:
Ի տարբերություն իր ավագ եղբոր և Արտյոմ Ադամյանի, Արա Հակոբյանը դեռևս 20-րդ դարավերջին, իր ֆուտբոլային կարիերայի սկզբում արդեն հասցրել էր աչքի ընկնել արդյունավետությամբ՝ ցուցադրելով ռմբարկուի ուրույն հատկանիշները: Նա երկու անգամ՝ 1998թ. Արտաշատի «Դվինում» (20 գոլ) և 2000թ. Արարատի «Արաքսում» (21 գոլ) խաղալիս ճանաչվել էր առաջնության լավագույն ռմբարկու: Ընդ որում 1998թ. 18-ամյա Արան դարձել էր ՀՀ առաջնությունների պատմության ամենաերիտասարդ լավագույն ռմբարկուն: Եվ միայն հետագայում՝ 2004թ. Էդգար Մանուչարյանին հաջողվեց գերազանցել Արա Հակոբյանի ռեկորդային ցուցանիշը՝ 21 գնդակով Գալուստ Պետրոսյանի հետ առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվելով 17 տարեկանում:
2002թ. առաջնությունում Արա Հակոբյանը 21 գնդակով դարձավ Երևանի «Սպարտակի» լավագույն ռմբարկուն, իսկ հաջորդ մրցաշրջանում արդեն «Բանանցում» աչքի ընկավ գերարդյունավետ խաղով՝ խփելով 45 գնդակ: Դա ոչ միայն ՀՀ առաջնությունների արդյունավետության բացարձակ ռեկորդ էր, այլև լավագույն արդյունքն էր եվրոպական երկրների առաջնությունների ռմբարկուների մեջ:
Արա Հակոբյանը գերազանցեց 1994թ. Արսեն Ավետիսյանի գրանցած արդյունավետության ռեկորդը՝ 39 գոլ: Ի դեպ, Արսենի այդ ցուցանիշն էլ լավագույնն էր Եվրոպայում: Եվ եթե այդ տարիներին «Ֆրանս Ֆուտբոլը» չդադարեցներ «Ոսկե խաղակոշիկի» խաղարկումը, ապա պատվավոր մրցանակը բաժին կհասներ հայ ֆուտբոլիստին:
2003թ. «Բանանցում» Արա Հակոբյանը ևս մի քանի տպավորիչ ռեկորդներ գրանցեց: Նա առաջնությունում 9 անգամ մեկ խաղում 3 և ավելի գնդակ խփեց՝ իր օգտին գրանցելով մեկական պենտա-տրիկ և պոկեր, 7 հեթ-տրիկ: Ընդ որում 4 խաղ անընդմեջ Հակոբյանը նվազագույնը 3-ական անգամ խոցել էր մրցակիցների դարպասը («Շիրակ»՝ 4 գոլ, «Արաքս», «Կոտայք», «Լեռնագործ»՝ 3-ական):
Արա Հակոբյանը դարձավ նաև արդյունավետ խաղերի յուրօրինակ շարքի հեղինակ՝ առաջնության 11 անընդմեջ հանդիպումներում (5-15-րդ տուրեր) դաշտից չհեռանալով առանց գոլի, ընդհանուր առմամբ խփելով 24 գնդակ: Այդ մրցաշրջանում Արան մեկ այլ տպավորիչ ցուցանիշ էլ գրանցեց: Առաջնության 5-20-րդ տուրերում նա ընդհանուր առմամբ 37 գոլի հեղինակ դարձավ՝ խաղադաշտից առանց գոլի հեռանալով միայն «Փյունիկի» հետ կայացած 16-րդ տուրի մրցավեճում, որում «Բանանցը» մրցակցին զիջել էր 0-2 հաշվով՝ կրելով այդ ընթացքում իր միակ պարտությունը:
2003թ. օրացուցային տարում պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով (50) Արա Հակոբյանը կրկնեց նախորդ տարում փյունիկցի Արման Քարամյանի ռեկորդային ցուցանիշը:
Արա Հակոբյանը բոլոր հնարավորություններն ուներ ճանաչվելու 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստը, եթե 5 մրցաշրջան չբացակայեր Հայաստանից՝ հանդես գալով արտերկրում:
Ընթացիկ առաջնության մասնակիցներից Յուսուֆ Օտուբանջոն եզրափակում է լավագույն հնգյակը: Նիգերիացի հարձակվողն առաջնության աշնանային հատվածում 11 անգամ գրավելով մրցակիցների դարպասները, 76 գնդակով դարձավ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը՝ գերազանցելով բրազիլացի Մարկոս Պիզելիի ցուցանիշը:
Օտուբանջոն 6-րդ մրցաշրջանն է անցկացնում Հայաստանում՝ 2019/20թթ. առաջնության գարնանային հատվածում նորամուտը նշելով «Արարատ-Արմենիայում»: Այդ տարի նա առաջնության 13 հանդիպումներում 7 գոլ խփեց: Հաջորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի» հարձակվողը 10 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու:
2022/23թթ. մրցաշրջանից «Փյունիկում» հանդես եկող Օտուբանջոն նոր թիմում ավելի արդյունավետ խաղ է ցուցադրում: Այդ տարի նա իր թիմակից Լուկա Յուրիչիչի հետ 17 գնդակով երկրորդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին: Նախորդ առաջնությունում Օտուբանջոն արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց՝ խփելով 21 գնդակ: Սակայն դա բավարար չէր լավագույն ռմբարկուի տիտղոսին 3-րդ անգամ արժանանալու համար, քանի որ Արթուր Միրանյանի հաշվին 23 գոլ էր գրանցված:
Յուսուֆ Օտուբանջոն բոլոր հնարավորություններն ունի դառնալու 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Արամ Հակոբյանի ցուցանիշը գերազանցելու համար նիգերիացուն անհրաժեշտ է 18 գոլ խփել: Կարծում ենք, որ հաջորդ մրցաշրջանում նա կգլխավորի ռմբարկուների ցանկը:
Ընթացիկ առաջնության մյուս մասնակից Արտակ Եդիգարյանը 64 գոլով 11-րդ տեղում է: «Գանձասարում» նրան առայժմ չի հաջողվել գոլ խփել: 49-ական գնդակով 21-րդ դարի ռմբարկուների ցանկում են նաև Արտակ Դաշյանն ու Ջոնել Դեսիրեն: Դաշյանը դեռ չի բացել գոլերի հաշիվը «Նոայում», իսկ Դեսիրեն օրերս է վերադարձել Հայաստան՝ ընդգրկվելով «Վեստ Արմենիայի» կազմում:
FastNews-ը ներկայացնում է 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկը:
Ֆուտբոլիստներ |
Գոլ |
1. Արամ Հակոբյան |
93 |
2. Արտյոմ Ադամյան |
85 |
3. Արա Հակոբյան |
83 |
4. Միհրան Մանասյան |
82 |
5. Յուսուֆ Օտուբանջո |
76 |
6. Մարկոս Պիզելի |
75 |
7. Անդրանիկ Բարիկյան |
72 |
8. Սամվել Մելքոնյան |
67 |
9. Արթուր Քոչարյան |
67 |
10. Նշան Էրզրումյան |
66 |
11. Արտակ Եդիգարյան |
64 |
12. Նարեկ Բեգլարյան |
62 |
13. Լևոն Փաչաջյան |
61 |
14. Նորայր Գյոզալյան |
60 |
15. Գեղամ Հարությունյան |
57 |
16. Արման Քարամյան |
57 |
17. Էդգար Մանուչարյան |
56 |
18. Արսեն Բալաբեկյան |
55 |
19. Գևորգ Ղազարյան |
54 |
20. Արթուր Միրանյան |
51 |
21. Արտակ Դաշյան |
49 |
22. Ջոնել Դեսիրե |
49 |
23. Գալուստ Պետրոսյան |
48 |
24. Արսեն Ավետիսյան |
47 |
25. Տիգրան Դավթյան |
47 |
26. Զավեն Բադոյան |
47 |