Ֆուտբոլի 2026 թ. աշխարհի առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի վիճակահանության ժամանակ Հայաստանի ազգային հավաքականը լինելու է չորրորդ զամբյուղում։
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են վիճակահանության բոլոր զամբյուղները։ Առաջին զամբյուղում հայտնվել են Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի 8 մասնակիցները և ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձր դիրք զբաղեցնող ևս չորս հավաքականներ։
Վիճակահանության ժամանակ ձևավորվելու է 12 խումբ` կազմված 4 և 5 հավաքականներից։ Խմբերի հաղթողները դուրս են գալու աշխարհի առաջնության խմբային փուլ։ Երկրորդ տեղը գրաված հավաքականները և Ազգերի լիգայի լավագույն չորս թիմերը պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում, վիճարկելու են ևս չորս ուղեգիր։
Ռուսաստանի ազգային հավաքականը որակազրկման պատճառով չի մասնակցելու ընտրական փուլին և չի կարող նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր։
ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Հանդիպումները կայանալու են 2025 թ. մարտի 21-ից 2026 թ. մարտի 31-ը։
Վիճակահանության զամբյուղները.
Առաջին զամբյուղ. Ֆրանսիա, Իսպանիա, Անգլիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Բելգիա, Իտալիա, Գերմանիա, Խորվաթիա, Շվեյցարիա, Դանիա, Ավստրիա։
Երկրորդ զամբյուղ. Ուկրաինա, Շվեդիա, Թուրքիա, Ուելս, Հունգարիա, Սերբիա, Լեհաստան, Ռումինիա, Հունաստան, Սլովակիա, Չեխիա, Նորվեգիա։
Երրորդ զամբյուղ. Շոտլանդիա, Սլովենիա, Իռլանդիա, Ալբանիա, Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան, Ֆինլանդիա, Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Չեռնոգորիա, Բոսնիա և Հերցեգովինա, Իսրայել։
Չորրորդ զամբյուղ. Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, Բելառուս, Կոսովո, Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Էստոնիա, Կիպրոս, Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Լիտվա։
Հինգերորդ զամբյուղ. Մոլդովա, Մալթա, Անդորրա, Ջիբրալթար, Լիխտենշտեյն, Սան Մարինո։