Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի առաջին մեդալը։
Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։ 19-ամյա ծանրորդը պոկում վարժությունից հետո 12-րդն էր, իսկ հրում վարժությունում սահմանեց երիտասարդների համաշխարհային ռեկորդ և նվաճեց փոքր արծաթե մեդալ։
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Հյոն Կանգը, որը գրանցեց երկամարտի 226 կգ (100+126) արդյունքը։
Հիշեցնենք, որ մրցումային երկրորդ օրը Հայաստանից փոքր բրոնզե մեդալ էր նվաճել Գառնիկ Չոլակյանը (61 կգ), որը պոկում վարժությունում բարձրացրել էր 130 կգ։ B խմբում հանդես եկած 22-ամյա ծանրորդը երկամարտի 280 կգ (130+150) արդյունքով գրավել էր 7-րդ տեղը։
ԱԱ-ում Հայաստանը ներկայացնող ծանրորդներից մրցահարթակ դուրս կգան նաև Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ):