Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանն օգոստոսի 4-ին բուժզննում է անցել և պայմանագիր ստորագրել իսրայելական «Բնեյ Սախնին» ակումբի հետ, հաղորդում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Ակումբը 11 օր առաջ էր հայտարարել, որ մեկ տարվա պայմանագիր է կնքել 29-ամյա ֆուտբոլիստի հետ: Մելիքսեթյանի տեղեկություններով` Միրանյանը երկու օր առաջ է մեկնել Իսրայել, իսկ այսօր պաշտոնապես դարձել «Բնեյ Սախնինի» ֆուտբոլիստ: Հայ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել այս ակումբին:
Միրանյանի ծառայություններով հետաքրքրված են եղել նաև ռուսական «Սոչին» և հունական «Պանետոլիկոսը»: Հետագայում «Սոչին» քայլեր չի ձեռնարկել, իսկ «Պանետոլիկոսի» առաջարկը չի գոհացրել Միրանյանին:
Հայաստանի հավաքականում 16 խաղ անցկացրած և մեկ գոլ խփած Միրանյանի նախորդ թիմը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժն» էր:


