Logo

Աջլի՞կ, թե՞ ձախլիկ. Անգլիայից անհետացած ու Իսպանիայում վերածնված Գրինվուդի բացառիկ տաղանդը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
09:22 / 06.03.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» Մեյսոն Գրինվուդին վարձավճարով զիջեց «Խետաֆեին». սա չափազանց մեղմ ձևակերպում է իրականության համեմատ: Գրինվուդի համբավն Անգլիայում հավասարվեց զրոյի, երբ նա մեղադրվեց սեռական բռնության մեջ, ու «Մանչեսթեր Յունայթեդը» իր ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկին պարզապես վտարեց թիմից: Երկար ամիսներ խաղային պրակտիկա չունեցող անգլիացին էլ խաղաժամանակ է ստանում իսպանական միջակ ակումբ համարվող «Խետաֆեում», որը միակն էր, որ բաց ձեռքերով ընդունեց ֆուտբոլիստին այնպիսի իրավիճակում, երբ բոլորը մերժում էին նրան:

Սկանդալային այդ պատմությունից հետո, կարծես, թե՛ «Յունայթեդի», թե՛ Գրինվուդի ծրագիրն աշխատում է: 22-ամյա վինգերը, որի կարիերայի մեծ մասը դեռ առջևում է, Լա լիգայում ամենատարբերվող ֆուտբոլիստներից է դարձել: Նա ցուցադրում է հաճելի և արդյունավետ ֆուտբոլ: Գրինվուդը «Խետաֆեի» կազմում ամենաշատ և հաջողված անցումներ կատարած ֆուտբոլիստն է (ու լավագույններից մեկը Լա լիգայում), ստեղծում է բազմաթիվ գոլային պահեր. նրա կատարած փոխանցումներից 21-ի դեպքում թիմակիցները գրոհն ավարտել են հարվածով: Նա նաև «Խետաֆեի» կազմում ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստն է՝ 41:

Եվ այստեղ գալիս է մի շատ հետաքրքիր և իսկապես առանձնացող վիճակագրություն, ինչը ցույց է տալիս, որ Գրինվուդը հրաշալի է խաղում երկու ոտքով էլ. 41 հարվածից 27-ը նա կատարել է աջ ոտքով, 24-ը՝ ձախով: Նույնիսկ անկյունայինները նա իրացնում երկու ոտքով՝ կախված եզրից: «Սևիլիայի» դեմ խաղում նա 11-մետրանոցն իրացրեց աջով, բայց իր լավագույն գոլն այս մրցաշրջանում Գրինվուդը խփել է ձախով («Ալմերիայի» դեմ)։

«Գրինվուդն իմ ճանաչած լավագույն հարված ունեցող ֆուտբոլիստն է։ Հնարավոր չէ կանխատեսել, թե նա երբ ու որ ոտքով կհարվածի, երբ հայտնվում է տուգանային հրապարակում»,- այս մասին դեռ 2020-ին զգուշացնում էր Ֆիլ Ֆոդենը՝ նրա թիմակիցն Անգլիայի երիտասարդական հավաքականում։

«Եթե պաշտպանը համարձակ խաղա, Գրինվուդը գնդակը կանցկացնի նրա ոտքերի արանքով, եթե փորձի զգույշ գործել, ապա Մեյսոնը միևնույն է կգտնի շրջանցելու կամ հարված կատարելու տարբերակ, նրա դեմ պաշտպանվելն իսկական դժոխք է»,- նշում է Օլե Գունար Սուլշերը՝ նրա նախկին մարզիչը ՄՅՈւ-ում:

Գրինվուդը պատանեկան տարիներից զարգացնում է իր խաղում այդ հմտությունը: Նրա նախկին թիմակից Տեո Ռիչարդսոնը The Telegraph-ին տված հարցազրույցում չի թաքցնում իր զարմանքն այս հարցում. «Երբեք չէի կարող պատկերացնել, որ կարելի է միևնույն խաղի ժամանակ 11-մետրանոցն իրացնել ձախ ոտքով, տուգանայինը՝ աջով»:

Գրինվուդի համար բեկումնային ստացվեց երիտասարդական մակարդակում «Մանչեսթեր Սիթիի» դեմ մրցավեճը. «Այդ խաղի ընթացքում չէի կարողանում գոլ խփել, ոչինչ չէր ստացվում: Հուսահատությունից փոխեցի եզրս, ու փորձեցի հարվածել նաև աջ ոտքով, ու դրանից հետո արդեն ամեն ինչ փոխվեց»,- խոստովանում է դեռևս «Յունայթեդին» պատկանող ֆուտբոլիստը:

Գրինվուդի հարվածներն աջ ոտքով

Mapa de disparos de Greenwood con la pierna diestra.

Գրինվուդի հարվածները ձախ ոտքով

Mapa de disparos de Greenwood con la zurda.

Անգլիացու այս տաղանդը «Խետաֆեի» նման հակագրոհային ֆուտբոլ ցուցադրող թիմին տալիս է տակտիկական բազմաթիվ լուծումներ: Խոսե Բորդալասի թիմը պաշտպանությունից կտրուկ անցնում է հարձակման՝ այնտեղ թողնելով Գրինվուդին, որն անընդհատ փոխում է եզրը: Եթե ձախից է առաջանում, վերադասավորում է մարմինն ու հարվածում է աջով, եթե աջ եզրից՝ ապա ձախով և փնտրում է դարպասի հեռավոր անկյունը: 

Սանտի Կասորլայի օրինակը

Գրինվուդը, այնուամենայնիվ, առաջին ֆուտբոլիստը չէ, որը նույն հաջողությամբ խաղում է երկու ոտքով: Գլխավոր օրինակներից է Իսպանիայի հավաքականի և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սանտի Կասորլան: Նույնիսկ Արսեն Վենգերը չէր հասկանում, թե որն է իսպանացու «աշխատանքային» ոտքը: Բայց Կասորլան կարիերայի սկզբում աջլիկ էր ու հետագայում ստիպված սկսեց նույնքան լավ խաղալ նաև ձախով։

«Աջ ծնկիս վնասվածքի պատճառով սկսեցի ավելի շատ օգտագործել ձախ ոտքս ու այն զարգացավ այնպես, որ այլևս հնարավոր չէր հասկանալ, թե որ ոտքով եմ ավելի լավ փոխանցումներ ու հարվածներ կատարում»,- նշում է Կասորլան, բայց նաև ընդգծում, որ դա ամենևին էլ հեշտ գործընթաց չէր. «Թիմային մարզումների ավարտից հետո մնում էի մարզաբազայում ու անդադար հարվածում թույլ ոտքով: Խաղադաշտում այդ առավելությունն ունենալը պահանջում է աշխատանք, նվիրում ու մեծ ջանքեր»:

Arsenal deserve to be top of the Premier League, says match-winner Santi  Cazorla after double sees off Fulham | The Independent | The Independent

Պատմության մեջ եղել են նման այլ խաղացողներ: Պավել Նեդվեդը, Ուսման Դեմբելեն, Դիեգո Ֆորլանը, Անդրեաս Բրեհմեն, Սիմոնե Վերդին... նաև Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Հաջող ադապտացիայի ու արդյունավետ խաղի պտուղները

Գրինվուդն Իսպանիա ժամանելու առաջին իսկ պահից շատ լավ է հարմարվել նոր երկրին, քաղաքին ու թիմին: Պիրենեյան թերակղզում խաղաղություն գտած ֆուտբոլիստը հաճախում է իսպաներենի ինտենսիվ դասընթացների, հանդերձարանում արդեն ունի ընկերներ՝ Խուան Իգլեսիասն ու Սանտի Գարսիան, և այս ներդաշնակությունն արտացոլվում է նաև խաղադաշտում: Starboy մականունը ստացած անգլիացին խփել է 7 գոլ ու կատարել 5 ասիստ՝ այսպիսով ներգրավվածություն ունենալով թիմի խփած գոլերի ավելի քան 30 տոկոսում: 

Գրինվուդի աննկատ, բայց մեծ տեմպերով խաղային աճը, բնականաբար, ազդում է նաև նրա տրանսֆերային արժեքի վրա: Սեպտեմբերի 1-ին այն կազմում էր 5 միլիոն եվրո, իսկ այժմ այդ թիվը քառապատկվել է՝ հասնելով 20 միլիոնի՝ ըստ Footballtransfer-ի տվյալների: 

Greenwood Has No Plan To Return To Man United --Getafe Preside

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր ղեկավար Ջիմ Ռեդքլիֆն էլ արդեն հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո ակումբը պատրաստվում է վաճառել Գրինվուդին: Եզրային հարձակվողը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի հենց Իսպանիայում: Անգլիայում նրան այլևս չեն սիրում, իսկ Լա լիգայում ոչ ոք չի էլ մտածում նախկին պատմությունների մասին: Գրինվուդին ցանկանում են գնել «Բարսելոնան» և «Աթլետիկոն», Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն էլ ուրախ կլինի անգլիացուն տեսնել Իսպանիայի առաջնությունում. «Ես վստահ եմ, որ Գրինվուդն անմեղ է, մի՛ մոռացեք, որ ես մասնագիտությամբ փաստաբան եմ: Նա այստեղից հեռանալու պատճառ չունի ու հուսով եմ, որ կշարունակի խաղալ Լա լիգայում: Այստեղ բոլորը սիրում են նրան»: 

fastnews-ads-banner