Logo

Ալեքսանդր սկանդինավցին. Գլխավոր տրանսֆերային ռումբի դրական ու բացասական կողմերը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
17:30 / 03.09.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Եվրոպայում տրանսֆերային պատուհանի փակման հետ ավարտվեցին նաև ֆուտբոլիստների վերադասավորումները: Բոլոր թիմերն այժմ վերջնական տեսքի են եկել՝ նվազագույնը մինչև 2026 թվականի հունվար: Ամառային այս պատուհանը շատ հանգիստ կարելի է համեմատել հոլիվուդյան ֆիլմի դասական սցենարի հետ. նախերգանք, դրամա, նորից դրամա, մի քիչ էլ դրամա, հարաբերական հանգիստ ու ամենավերջում կուլմինացիան՝ Ալեքսանդր Իսակի տեղափոխությունը «Լիվերպուլ»: Տարվա գլխավոր գործարքը պայթուցիկ էր բոլոր իմաստներով՝ հնչեղություն, երկար ու ձիգ սագա և, վերջապես, փող, անհավանական մեծ փող՝ 150 միլիոն եվրո: 

Տրանսֆերային պատուհանի ավարտից հետո հստակ կարող ենք ասել, որ Պրեմիեր լիգայում գոլն ունենալու է մեկ ընդհանուր լեզու՝ սկանդինավերեն: Գլխավոր ռմբարկուի, և ինչու ոչ՝ չեմպիոնության հարցում որոշիչ է լինելու Հոլանդի, Դյոկերեշի ու Իսակի արդյունավետությունը: Վիկինգային այս դիմակայության մեջ առավել մեծ ճնշման է ենթարկվելու Ալեքսանդր Իսակը, որի տրանսֆերը ռեկորդային է բրիտանական ֆուտբոլում:

FastNews-ը 2 հարց է բարձրաձայնում այս տրանսֆերի վերաբերյալ՝ ի՞նչ կտա Իսակը «Լիվերպուլին», և ինչո՞ւ է ռիսկային այդքան շատ վճարել շվեդ հարձակվողի համար: 

Ի՞նչ կտա Իսակը «Լիվերպուլին»

Ավելին է, քան պարզապես թոփ հարձակվող

Աֆրիկան չենք բացահայտի, եթե ընդգծենք, որ Իսակը բարձրակարգ կենտրոնական հարձակվող է ու լավագույններից մեկն աշխարհում: Պարզապես ֆիքսենք, որ նախորդ 2 մրցաշրջաններում ԱՊԼ-ում խփած 44 գոլով նա զիջում է միայն Էռլինգ Հոլանդին (49) և Մոհամեդ Սալահին (47), իսկ եթե չհաշվենք 11-մետրանոցները, ապա Իսակը երկրորդն է՝ (35) զիջելով միայն Հոլանդին 4 գոլով: Իսկ հիմա անցնենք առաջ: 

Իսակին այսքան թանկարժեք են դարձնում նրա՝ գոլ խփելուն զուգահեռ խաղային բազմաթիվ այլ որակներ, որոնց այժմ հերթականությամբ կանդրադառնանք: 25-ամյա հարձակվողն ասիստների քանակով չի փայլում (ընդամենը 8՝ վերջին երկու տարիներին), բայց անարդար կլինի, եթե այդ վիճակագրությունը ստվեր գցի նրա կրեատիվ լինելու ընկալման վրա: Ի՞նչ է ասիստը. այն թիմակցի համար ստեղծած պահ է, որն իրացվում է: Իսակը գոլային պահեր շատ է ստեղծում: Միայն նախորդ մրցաշրջանում ԱՊԼ-ում նա 27 գոլային պահ է ստեղծել, չնայած կատարել է ընդամենը 2 ասիստ: Անարդարությունը հասկանալու համար դիտարկենք նրա արդեն նախկին թիմակից Ջեյքոբ Մըրֆիի վիճակագրությունը. ստեղծած 12 պահ, բայց 6 գոլային փոխանցում: Իսակի ստեղծագործ միտքն ու խաղադաշտը տեսնելու ունակությունը տարեցտարի զարգանում են. 2024/25 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում նա 50 պահ է ստեղծել՝ գրանցելով իր կարիերայի լավագույն արդյունքը:

Իսակին տակտիկապես ճկուն են դարձնում նրա արագությունն ու տեխնիկան: Այս որակները նրան թույլ են տալիս անհրաժեշտության դեպքում խաղալ հարձակման ձախ եզրում: ԱՊԼ պատմության մեջ ամենատպավորիչ անցումներից մեկը կատարել է հենց Իսակը՝ «Էվերթոնի» դեմ 2023/24 մրցաշրջանի խաղում:

Նման բարձր հասակ ունենալով հանդերձ այսպիսի նուրբ ու չքնաղ գործողությունները, «14» համարի խաղաշապիկը («Նյուքասլում») և թե՛ ձախ եզրում, թե՛ կենտրոնում փայլելու ունակությունները նրան շատ են նմանեցնում Թիերի Անրիին: Ի դեպ, «Նյուքասլում» իր առաջին մրցաշրջանում Իսակը խաղերի 24%-ում տեղ է զբաղեցրել ձախ եզրում, ինչը Սլոթին թույլ կտա առանձին խաղերում կամ խաղերի ընթացքում փոխել Իսակի ու Էկիտիկեի դիրքերը:

Isak position minutes 22-23

Իսակը նաև մեծ ներգրավվածություն ունի թիմի խաղում, գրոհների կառուցման փուլերում, և դա նրա առավելությունն է թե՛ Հոլանդի, թե՛ Դյոկերեշի նկատմամբ: 2024/25 մրցաշրջանում կենտրոնական հարձակվողների շրջանում նա գնդակին ամենաշատ հպում ունեցած ֆուտբոլիստն է (խաղում՝ միջինը 36): Մինչ մյուսները վրան են խփում մրցակցի տուգանային հրապարակում ու սպասում գնդակների, Իսակը երբեք չի կտրվում խաղից:

Այդուհանդերձ, նրա խնդիրը «Էնֆիլդ» գոլեր բերելն է

Անգլիայի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի հաղթող լինելու համար պետք է ֆուտբոլիստ, որն իր գոլերով կառաջնորդի թիմին: «Ռեալն» ունի Մբապե, «Բարսելոնան»՝ Լևանդովսկի, «Մանչեսթեր Սիթին»՝ Հոլանդ, իսկ «Բավարիան»՝ Քեյն: Իսակը եկել է «Լիվերպուլ» նշված ֆուտբոլիստների դերը ստանձնելու համար: Կան վիճակագրական տվյալներ, հատկապես՝ նախորդ մրցաշրջանից, որոնք լավատեսությամբ կարող են լցնել «Լիվերպուլի» երկրպագուներին:

Վիճակագրություն #1. Իսակը Ալան Շիրերից հետո «Նյուքասլի» առաջին ֆուտբոլիստն էր, որն ԱՊԼ մեկ մրցաշրջանի ընթացքում 10+ գոլ խփեց տնային ու արտագնա խաղերում:

Վիճակագրություն #2. Իսակը շրջանցեց Ֆրեդի Լյունգբերգին՝ որպես Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած շվեդ ֆուտբոլիստ (48), դարձավ նաև այն եզակիներից, որ ԱՊԼ 8 խաղում անընդմեջ գոլ է խփում՝ միանալով Ռուդ վան Նիստելռոյին, Ջեյմի Վարդիին ու Դանիել Սթարիջին:

Վիճակագրություն #3. Իսակը նաև մեծ խաղերի ֆուտբոլիստ է. միայն նախորդ մրցաշրջանում նա գոլ է խփել «Լիվերպուլի», «Արսենալի», «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտենհեմի», «Ասթոն Վիլայի» ու «Նոթինգհեմի» դեմ խաղերում, ինչը չափազանց կարևոր գործոն է տիտղոսներ նվաճելու հարցում: 

Վիճակագրություն #4. Իսակի՝ պահերի իրացման ցուցանիշն ապշեցնող է. նա գոլի է վերածել կատարած 95 հարվածների ավելի քան 26 տոկոսը: Սա ավելի բարձր ցուցանիշ է, քան Հոլանդինը (21.6) և Սալահինը (21.1):

Վիճակագրություն #5. Իսակը 2024 թվականին խփեց 25 գոլ: Օրացուցային տարում ավելի շատ գոլ խփել է միայն... Դե, իհարկե, Ալան Շիրերը (2002 թվականին՝ 27 գոլ):

Կարևոր է ընդգծել նաև այն հանգամանքը, որ Իսակը կլրացնի «Լիվերպուլի» հարձակման այն բացերը, որ նկատվեցին առաջին տուրերում, և ունի Սալահի, Վիրցի ու Էկիտիկեի խաղին «ձուլվելու» մեծ ներուժ: Ի տարբերություն վերոնշյալ երեքի՝ Իսակն առանց գնդակի փայլուն արագացումներ է անում, դուրս է պրծնում մրցակցի պաշտպանների թիկունքից ու բարձրահասակ է: Բարձրից փոխանցումներին արձագանքում է գերազանց: 

Ինչո՞ւ է Իսակի համար վճարված գումարը ռիսկային

Վնասվածքների հակում

Իսակի վերաբերյալ գլխավոր մտահոգությունն այս ֆուտբոլիստի հաճախակի վնասվածքներն են, ինչի մասին կհաստատեն Իմանոլ Ալգուասիլը, Էդի Հաուն և «ֆենթզի» մենեջերները: 

Շվեդ գոլահարը ստանում է հիմնականում միջին ծանրության մկանային վնասվածքներ, որոնք նրան թույլ չեն տալիս պահպանել լավ մարզավիճակն ու դուրս են թողնում շարքից: 2022/23 մրցաշրջանում Իսակը 1 վնասվածք ստացավ ու բաց թողեց 18 խաղ (107 օր): 2023/24 մրցաշրջանում Իսակը 2 վնասվածք ստացավ, բայց բաց թողեց շատ ավելի քիչ քանակի խաղեր (12): 2024/25 մրցաշրջանում նա 3 տարբեր վնասվածք ստացավ, բայց բաց թողեց 46 օր՝ չմասնակցելով 9 խաղի:

«Լիվերպուլի» բժիշկներն ամեն ինչ պետք է անեն, որ Իսակի վնասվածքները չունենան քրոնիկական բնույթ: Խաղադրույքը չափազանց բարձր է: 

Alexander Isak trains alone as Newcastle insist striker not for sale | The  Standard

Տարիքը

Իսակը ֆուտբոլի պատմության մեջ 3-րդ ամենաթանկարժեք տրանսֆերն է, բայց բարդ է ասել՝ քանի տարվա համար է այս խոշոր ներդրումը:

Շվեդ ֆուտբոլիստը սեպտեմբերի 21-ին կնշի ծննդյան 26-րդ տարեդարձը, կարելի է ասել՝ նրա կարիերայի կեսն անցյալում է: «Լիվերպուլում» հավատացած են, որ Իսակը մոտենում է իր խաղամակարդակի գագաթնակետին, ավելին՝ նա դեռ շատ զարգանալու, աճելու ներուժ ունի: Սակայն թիմին չհարմարվելու պարագայում սպասելու ժամանակն անսահման չի լինելու: 

Պետք չէ մոռանալ նաև, որ Իսակը նման մեծ ակումբում ու, օրինակ, Չեմպիոնների լիգայի որոշիչ փուլերում խաղալու փորձ երբեք չի ունեցել:

Մշտական ճնշումը՝ խաղամակարդակ/արժեք հարաբերակցության համար

«Լիվերպուլը» խփեց մեկ տրանսֆերային պատուհանում ծախսած գումարի բոլոր ռեկորդները (493 միլիոն): 

Նոր ու աստղային դեմքերը ոգևորում են երկրպագուներին, բայց որքան մեծ են սպասելիքները, այնքան մեծ է լինելու ճնշումը, այնքան դաժան ու անողոք են լինելու երկրպագուները, հատկապես տրանսֆերային այս փաթեթի գլխավոր դեմքի՝ Իսակի տրանսֆերի հարցում: Այս տրանսֆերը կատարելով՝ «Լիվերպուլն» ինքն իրեն զրկել է հնարավոր անհաջողության դեպքում բոլոր արդարացումներից ու պատճառաբանություններից: Կա թոփ մարզիչ, կա թոփ կազմ, կա ամառվա գլխավոր տրանսֆերը: 

Չնայած եթե Վոլտեմադեն արժե 85 միլիոն եվրո, ապա նվազագույնը անտրամաբանական կլիներ Իսակի համար 150 միլիոն եվրոյից քիչ վճարելը: Եթե շուկան այս տեմպերով գնա առաջ, գուցե 2-3 տարի անց մտածենք՝ Իսակը լավ էլ մատչելի գնով տեղափոխվեց «Լիվերպուլ»...

fastnews-ads-banner