Logo

Ալկարասը` Սիների դեմ առաջիկա եզրափակիչի մասին. «Հուսամ` կրկին 5,5 ժամ չեմ անցկացնի կորտում»

00:49 / 12.07.2025Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը խոսել է առաջին համար Յանիկ Սիների դեմ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղում առաջիկա եզրափակիչի մասին, հաղորդում է Punto de Break-ը։

«Կիրակի մեծ օր կլինի, մեծ եզրափակիչ։ Ես իսկապես ոգևորված եմ։ Հուսամ` կրկին 5,5 ժամ չեմ անցկացնի կորտում, բայց եթե ստիպված լինեմ, կանեմ։

Կարծում եմ՝ այն, ինչ ես և Յանիկը հիմա անում ենք, հիանալի է թենիսի համար։ Մենք պայքարում ենք, որ ավելի շատ մարդիկ դիտեն թենիս, որ այն ավելի տարածված դառնա, և բոլոր թենիսիստներն էլ դա անում են։ Ինձ համար հիանալի է Յանիկի հետ խաղալ եզրափակիչներում և խոշոր մրցաշարերի վերջին փուլերում։ Դա հիանալի է առնվազն ինձ համար։ Մենք դեռ շատ երիտասարդ ենք։ Հուսով եմ՝ կկարողանամ շարունակել լավ մակարդակում խաղալ և լինել լավագույն թենիսիստների շարքում առաջիկա 5-10 տարիների ընթացքում:

Յանիկը՝ որպես մեծ չեմպիոն, ամեն օր կատարելագործվում է: Վստահ եմ, որ նա շատ բան սովորեց «Ռոլան Գարոսի» եզրափակիչից և ավելի լավ կխաղա։ Սիները ֆիզիկական և մտավոր առումով ավելի լավը կլինի։ Կիրակի նա պատրաստ կլինի 100%-ով նվիրվելուն ու պայքարելուն»,- ասել է 22-ամյա իսպանացին:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին կայացած «Ռոլան Գարոսի» եզրափակիչում Ալկարասը Սիներին հաղթել էր 5 ժամ 29 րոպե տևած պայքարում` 4-6, 6-7, 6-4, 7-6, 7-6:

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Ալկարասը  չորս սեթում 6-4, 5-7, 6-3, 7-6 հաշվով հաղթել է 5-րդ համար Թեյլոր Ֆրիցին, իսկ Սիները պայքարից դուրս է թողել  «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչին` 6-3, 6-3, 6-4:

Ալկարասը երրորդ տարին անընդմեջ կխաղալու «Ուիմբլդոնի» եզրափակիչում, իսկ 23-ամյա Սիները` առաջին անգամ: Նախորդ երկու տարիներին Ալկարասը եզրափակիչներում հաղթել է Ջոկովիչին:

Ալկարաս - Սիներ եզրափակիչ մրցախաղը կանցկացվի հուլիսի 13-ին, Երևանի ժամանակով 17:00-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ով:

Կարդացեք նաև`

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner