Logo

«Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն, Կուչերի տարիքային ռեկորդը. Fastex Պրեմիեր լիգայի 18-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:10 / 29.11.2024Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպումներից հետո «Ուրարտուն» կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին երկու հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, երկու խաղ էլ ավարտվեց ոչ-ոքի: Դաշտի տերերից միակ հաղթանակը տոնեց «Շիրակը»: Առաջնությունում կայացած 85 հանդիպումներից 34-ում հաղթել են դաշտի տերերը, 39-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 12 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 5 հանդիպումներում խփվեց 13 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,6 գոլ): Առաջնության 85 հանդիպումներում գրանցվել է 255 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3 գոլ):

2. «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել 479 րոպե տևած գոլային երաշտը, երբ 5-րդ րոպեին Իլարիոն Գուռը գրավեց ԲԿՄԱ-ի դարպասը: Մինչև այդ վերջին անգամ արարատցիները խփած գոլի բերկրանքը վայելել էին հոկտեմբերի 18-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած առաջին շրջանի խաղում, որում պարտվել էին 2-3 հաշվով: Գոլի հեղինակ էր դարձել Մուսա Կանտեն՝ 65-րդ րոպեին հստակ իրացնելով 11մ հարվածը: Նախորդ 9 հանդիպումներում դա միակ խաղն էր, որում «Արարատը» գոլ էր խփել:

Իսկ ահա առանց հաղթանակների խաղերի թիվը հասավ 10-ի: Վերջին հաղթանակը գրանցվել է սեպտեմբերի 15-ին «Նոայի» նկատմամբ՝ 2-1:

3. «Փյունիկը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ Գյումրիում նվազագույն հաշվով զիջելով «Շիրակին», որի հետ կայացած առաջնության նախորդ 11 հանդիպումներում տոնել էր 9 հաղթանակ, 2 խաղ ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Շիրակը» տարել էր 2020թ. դեկտեմբերի 12-ին՝ երկու անպատասխան գնդակ ուղարկելով Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը:

4. «Վեստ Արմենիայի» դարպասը Օլավալե Ֆառայոլայի խփած գոլը Fastex Պրեմիեր լիգայում «Վանի» հոբելյանական՝ 150-րդ գնդակն էր: Գոլերի հաշիվը «Վանը» բացել է 2020թ. օգոստոսի 15-ին Fastex Պրեմիեր լիգայում «Գանձասարի» հետ անցկացրած իր առաջին խաղում: «Վանի» առաջին գոլի հեղինակը Ուիլֆրեդ Կուասի Էզան է:

5. Տենտոն Յենեն գրավելով «Ալաշկերտի» դարպասը, ոչ միայն իր թիմին փրկեց պարտությունից, այլև 34 գոլով դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն: Նա գերազանցեց Մաիլսոն Լիմայի ռեկորդային ցուցանիշը: Այդ գոլը նաև ակումբային բոլոր մրցաշարերում հայաստանյան կարիերայում Տենտոնի հոբելյանական՝ 40-րդ գնդակն էր:

Տենտոնը կարող էր նաև հաղթանակ պարգևել «Արարատ-Արմենիային», սակայն չկարողացավ հաղթող դուրս գալ Գոռ Մանուկյանի հետ մենամարտում, որը հետ մղեց 11մ հարվածը: Նիգերիացի ֆուտբոլիստը Հայաստանի առաջնություններում անվրեպ էր իրացրել նախորդ բոլոր 11մ 5 հարվածները:

6. Իվան Իգնատևն ընթացիկ առաջնությունում 3-րդ դուբլը ձևակերպեց և 12 գնդակով գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը՝ շրջանցելով Յուսուֆ Օտուբանջոյին: Ռուս հարձակվողը գերազանցեց նախորդ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու Թեմուր Ջիկիայի արդյունքը, որը 11 գոլ էր խփել:

Իգնատևի ցուցանիշը լավագույնն է «Ուրարտուի» պատմության մեջ վերջին 13 առաջնություններում: Վերջին անգամ թիմի ռմբարկուներից ավելի բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել Բրունո Կորեան՝ 2011թ. առաջնությունում խփելով 16 գոլ: Իսկ ռեկորդը պատկանում է Արա Հակոբյանին, որը 2003թ. առաջնությունում 45 գոլ է խփել:

7. «Արարատ-Արմենիայի» ավագ Արմեն Համբարձումյանը թիմի կազմում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 200-րդ խաղն անցկացրեց: Նա դարձավ նման ցուցանիշ գրանցած «Արարատ-Արմենիայի» առաջին ֆուտբոլիստը:

8. «Վեստ Արմենիայի» կիսապաշտպան Արամ Քոչարյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց:

9. «Արարատ-Արմենիայի» 27-ամյա դարպասապահ Դանիլո Կուչերը մինչև 40-րդ րոպեին Սարգիս Մեթոյանից գոլ բաց թողնելը, հասցրեց գերազանցել Անդրիա Դրագոևիչի տարիքային ռեկորդը: Դրա համար Կուչերն «Ալաշկերտի» հետ խաղում պետք է առնվազը 39 րոպե գոլ բաց չթողներ: Ընդհանուր առմամբ ուկրաինացի դարպասապահը դարպասը 380 րոպե շարունակ անառիկ է պահել:

Իսկ Անդրիա Դրագոևիչն այդ տարիքում 2018թ. «Փյունիկի» դարպասը 379 րոպե շարունակ անառիկ էր պահել, ինչը լավագույն ցուցանիշն էր 27-ամյա այլազգի դարպասապահների մեջ:

10. Անտոն Բրատկովը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Նա դարձավ Հայաստանի առաջնություններում 100 խաղի սահմանագիծը հատած ուկրաինացի առաջին ֆուտբոլիստը

fastnews-ads-banner