Մադրիդի «Ռեալը» կարող է այս ամռանը շահավետ առաջարկ անել՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Ռոդրիի տրանսֆերի համար, հաղորդում է AS-ը։
«Արքայական ակումբը» մտադիր է պայմանագիր կնքել իսպանացու հետ ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին կամ հաջորդ ամռանը՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ նրա պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ։
Եթե «Ռեալը» փորձի ձեռք բերել Ռոդրիին այս ամռանը, տրանսֆերի արժեքը կարող է կազմել ոչ պակաս, քան 100 միլիոն եվրո։ Շահավետ առաջարկը կարող է հետաքրքրել «Մանչեսթեր Սիթիին»՝ պայմանավորված ծնկի վնասվածքից հետո ֆուտբոլիստի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգություններով: Իսկ ահա հաջորդ ամռանը տրանսֆերի արժեքը կարող է նվազել գրեթե կիսով չափ։
29-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է 2019 թվականից: Ռոդրին խաչաձև կապանների վնասվածքի պատճառով գրեթե ամբողջությամբ բաց թողեց 2024/25 մրցաշրջանը: Transfermarkt-ն իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո:


