Բռնցքամարտը մտել է փոփոխությունների դարաշրջան: Այդ առումով կարևոր էր WBC-ի 62-րդ կոնվենցիան, որի ժամանակ որոշումներ կայացվեցին և քննարկվեցին բռնցքամարտի ներկայի ու ապագայի վերաբերյալ սկզբունքային հարցեր: Կոնվենցիային մասնակցում էր Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհուրդը՝ Լևոն Ավետիսյանի գլխավորութամբ:
Fast News-ը զրուցել է Ավետիսյանի հետ, որը կարևոր տեղեկություն է հայտնել հայ բռնցքամարտիկների նոր կարգավիճակի վերաբերյալ, ինչպես նաև խոսել է բռնցքամարտի տեսլականի մասին:
- Պարո՛ն Ավետիսյան, ի՞նչ որոշումներ կայացվեցին Համբուրգում:
- WBC-ի նախագահ Մաուրիցիո Սուլեյմանի հրավերով այնտեղ էի ՀՊԲ խորհրդի գլխավոր քարտուղար Խաչատուր Խաչատրյանի ու խորհրդի անդամ Համլետ Շահբեկյանի հետ: Մեծ նիստի ընթացքում պարգևատրվեցին բազմաթիվ մասնակիցներ, որոնք ներդրում էին ունեցել WBC-ի զարգացմանը: Հաջորդ օրը կայացավ գալա ընթրիքը, որին մասնակցում էին հանրահայտ բռնցքամարտիկներ՝ Լենոքս Լյուիսը, Թերենս Քրոուֆորդը, ինչպես նաև IBF ու WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Ամենակարևորը քաշային կարգերում վարկանիշների քննարկումն էր: Մենք ունենք աշխարհի գործող չեմպիոն Նոել Միքայելյան: Նա խնդիրներ ունի իր պրոմոութեր Դոն Քինգի հետ, դրանց պատճառով չի կարողանում մենամարտել արդեն մեկ տարի, գործն էլ հասել է դատարան: Քանի որ խնդիր կար չեմպիոնական գոտու պաշտպանության վերաբերյալ, մենք սպասում էինք WBC-ի որոշմանը: Քանի որ նախկին չեմպիոն Բադու Ջեկը չէր կարողացել մենամարտել, նույն հնարավորությունը տրվեց նաև Նոելին: Այսպիսով՝ Միքայելյանը կմնա չեմպիոն և կկոչվի «չեմպիոն արձակուրդի մեջ»: Իսկ Ջեկը կմենամարտի թեկնածուի հետ, նրանց հաղթողի հետ կմրցի արդեն Նոելը: Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի աշխարհի գործող չեմպիոն ունենալ:
- Ի՞նչ որոշումներ կայացվեցին կիսամիջին քաշային կարգի վարկանիշների վերաբերյալ:
- Մինչև 67կգ քաշային կարգում կան բազմաթիվ հայեր, որոնց մի մասը ներկայացնում է Հայաստանը, մյուսը՝ Ռուսաստանը և Ուկրաինան: Վարկանիշում հայերից ամենաբարձր տեղում հաստատվեց Դավիթ Ավանեսյանը, որը 5 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, WBA-ի վարկածով էլ՝ աշխարհի չեմպիոն: Իհարկե, Դավիթի նվաճումների մասին երկար կարող ենք խոսել, նա այն բռնցքամարտիկն է, որը հաղթել է Շեյն Մոզլիին:
Նույն քաշային կարգում է Գոռ Երիցյանը, որը թոփ-15-ում է, Արամ Ամիրխանյանը, որը Հայաստանի բռնցքամարտիկ է, բայց գրանցված է որպես Ռուսաստանի ներկայացուցիչ, ինչը մենք շուտով կուղղենք: Նաև նշեմ Կարեն Չուխաջյանին, որը ներկայացնում է Ուկրաինան և դարձել է WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն է: WBC-ն իր վարկանիշի առաջին ծանր քաշային կարգում 4-րդ վարկանիշով նշեց Արսեն Գուլամիրյանին:
- Հավանաբար երկար նիստեր են եղել...
- 14-15 ժամ: Այս վարկանիշային կոմիտեներում շատ բարդ պայքար է, յուրաքանչյուրը ներկայացնում է իր բռնցքամարտիկներին: Հայաստանի համար լավ իրավիճակ է: Բոլոր վարկանիշային ցանկերը նայելիս տեսնում ենք հայերի, բայց նրանց մեծ մասը ներկայացնում են այլ երկրներ: Ցավում եմ, որ այդպես է, բայց Հայաստանի Պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհուրդն ամեն ինչ անելու է, որ նրանք վերադառնան ու ներկայացնեն Հայաստանը:
- Դուք հանդիպել էիք նաև WBC-ի նախագահ Մաուրիցիո Սուլեյմանին: Ի՞նչ քննարկումներ եղան:
- Նա շատ հետաքրքրված է հայկական բռնցքամարտով, որովհետև մեր դպրոցն առանձնահատուկ տեղ է գրավում աշխարհում: Հանդիսատեսի շրջանում հայ բռնցքամարտիկները պահանջարկ ունեն:
- Հայկական բռնցքամարտում ի՞նչ տեղաշարժեր են սպասում:
- Ծրագրերը և հավակնությունները մեծ են: Հայաստանում արդեն 2-3 պրոմոութերական ընկերություններ կան, և փետրվարի 20-ից արդեն բռնցքամարտի մեծ շոու կկազմակերպեն Հայաստանում: Մասնակցելու են նաև հայ բռնցքամարտիկներ: Անուններ չեմ ուզում տալ, որովհետև բանակցային փուլում ենք: Նաև շոու կունենանք այս տարվա հունվարին, ըստ երևույթին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
- Փետրվարին կայանալիք բռնցքամարտի երեկոն նո՞ւյնպես կկայանա մարզահամերգային համալիրում:
- Տեղը դեռ հստակ չէ, մենք դիտարկում ենք նաև շքեղության գործոնը, քանի որ հնարավոր է՝ մենամարտեն Դավիթ Ավանեսյանի կամ Արսեն Գուլամիրյանի պես անվանի բռնցքամարտիկներ:
- Բռնցքամարտում կարծես թվայնացման, հասանելիության խնդիր կա: Համբուրգում դրա վերաբերյալ քննարկում եղե՞լ է:
- Շատ երկար հանդիպում եղավ BoxRec-ի հիմնադիր Մարինա Շեփարդի հետ: BoxRec-ը տվյալների բազա է, որտեղ գրանցվում է յուրաքանչյուր մենամարտ, եթե այն օրինական մենամարտի կարգավիճակ ունի: Երկար բանակցություններից հետո Մարինա Շեփարդը ՀՊԲ խորհրդին գրանցեց որպես ամենաբարձր կարգավիճակ ունեցող ներկայացուցիչ: Անձամբ ինձ գրանցեց որպես կոմիսիոներ, ինչը հնարավորություն կտա Հայաստանում անցկացնելու բոլոր տեսակի բռնցքամարտի միջոցառումներ, այդ թվում՝ աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար:
- Միջազգային մակարդակով քանի՞ նմանատիպ խոշոր մենամարտ կարող է անցկացվել Հայաստանում:
- Միջազգային մակարդակով՝ 2-3, իսկ տեղական՝ ևս 3-4: Բայց այդ միջազգային մրցաշարերում մեր բռնցքամարտիկներին պետք է մասնակցելու շանս տանք: Մեր օրերում պրոֆեսիոնալ բռնցքամարտը փոխում է իր լոկացիան: Նախկինում Միացյալ Նահանգներն էր մենամարտերի հիմնական վայրը, այժմ գլխավորը դարձել է Սաուդյան Արաբիան, երկրորդը՝ Արաբական Միացյալ Էմիրությունները: Վերջերս կայացավ Թայսոն Ֆյուրի – Ալեքսանդր Ուսիկ մենամարտը, որի undercard-ում հնչեղ անուններ էին: Ես հավաստիացնում եմ՝ մենք ունենք պոտենցիալ՝ նման մակարդակի undercard-ում հայ ներկայացուցիչներն ունենալու համար:
Փետրվարին էլ կկայանա Բիվոլ – Բետերբիև ռևանշը, որը նույնպես ուժեղ undercard ունի: Պետք է ամեն ինչ անենք՝ նման միջոցառումներին մասնակցելու համար: Վստահ եմ՝ եթե Նոել Միքայելյանի պրոմոութերի հետ խնդիրները լուծված լինեին, փետրվարյան այդ երեկոյի գլխավոր մենամարտերից մեկը լինելու էր մերը: Մեր հավակնությունները շատ մեծ են: Սաուդյան Արաբիայի միջոցառումներին մոտենալը մեզ ավելի հարմար է, քան ԱՄՆ-ի:
- Դավիթ Ավանեսյանի մենամարտը Ջերոն Էնիսի դեմ հենց ԱՄՆ-ում էր...
- Այո՛, մենամարտ էր՝ աշխարհի չեմպիոնի կոչման համար: Մրցավարն անհասկանալիորեն կանգնեցրեց մենամարտը՝ մտածելով, թե Դավիթը ծնոտի կոտրվածք ունի: Հետո, երբ մոտեցավ Դավիթին՝ մտածելով, թե հոնքն է բացվել, Դավիթը հասկացնում էր, որ դա բնածին է. ոսկորն ավելի դուրս է, քան մյուսների պարագայում: Բայց մենամարտն արդեն ավարտվել էր, ոչինչ հնարավոր չէր փոխել:
- ԱՄՆ-ն այդ առումով անհաջող է դառնում մեզ համար: Այնտեղ ունեցանք կարիերայի առաջին պարտություն:
- Այո՛, Արսեն Գուլամիրյանն այնտեղ պարտվեց Խիլբերտո Ռամիրեսին: Այդ օրն Արսենի մենամարտը պարզապես չստացվեց: Մասնագետները նշում էին, որ այլ 10 մենամարտից 10-ում Արսենը կհաղթեր Ռամիրեսին, բայց այդ օրը Ռամիրեսը հաղթեց և դարձավ WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն: Հուսով եմ՝ 2025-ին Գուլամիրյանը կվերադառնա մեծ ռինգ: Մենք ամեն ինչ կանենք՝ ռևանշի հնարավորություն ստանալու համար:
- Նշեցիք, որ ամեն ինչ անելու եք, որ այլ երկրների հայերը սկսեն ներկայացնել Հայաստանը: Դա որքա՞ն ֆինանսական միջոցներ է ենթադրում:
- Դա այնքան գումարով չէ պայմանավորված, որքան ճկուն մարտավարությամբ: Պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը, որ մենամարտում է տվյալ երկրից: Դավիթ Ավանեսյանի դեպքում գիտեինք, որ Ռուսաստանն է ներկայացնում, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, բայց հաղթանակներից հետո Հայաստանի դրոշն էր բարձրացնում: Երբ հասկացանք խնդիրը, անմիջապես քաղաքացիության հարցը լուծեցինք: Նույնը նաև Նոել Միքայելյանի, Արսեն Գուլամիրյանի պարագայում:
- Մենք նաև ունենք բազմաթիվ բռնցքամարտիկներ, որոնք մասնակցում են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, բայց պրոֆեսիոնալ չեն համարվում: Սպասո՞ւմ եք, որ նրանք ավելի հաճախ կանցնեն պրոֆեսիոնալ ռինգ, ինչպես, օրինակ, Ավանեսյանը, Բաչկովը:
- Անցումը պետք է սահուն լինի: Սիրողական բռնցքամարտը, որն ավելի հաճախ անվանում ենք օլիմպիական, լիովին տարբերվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտից: Այդպիսի օրինակ են ֆուտբոլն ու ֆուտզալը: Լավ է, որ այժմ պրոֆեսիոնալ ու սիրողական բռնցքամարտի ասոցիացիաները մարզիկներին տվել են մինչև 14 մենամարտ անցկացնելու համաձայնություն, այնուհետև անցնելու պրոֆեսիոնալ մակարդակ: Իրականում ես կարծում եմ, որ սիրողական բռնցքամարտի տեմպն ավելի բարձր է, այն ավելի բարդ է: Հիմա մեր բռնցքամարտիկները մասնակցում են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, Աստված տա՝ հաջողություններ լինեն նաև Օլիմպիական խաղերում, բայց նույն Լատինական Ամերիկայի բռնցքամարտիկները միանգամից սկսում են պրոֆեսիոնալ ռինգից: Եվ դրանից հետո, երբ մեր մարզիկները 25-26 տարեկանում որոշում են պրոֆեսիոնալ դառնալ, այնտեղ հանդիպում են նույն լատինամերիկացիներին, որոնք այդ մակարդակում արդեն 20 մենամարտ են անցկացրել, իսկ մեր մարտիկները՝ 0: Դրանից բացի, նրանք նաև բարձր վարկանիշային միավորներ են ունենում, իսկ մերոնք՝ ոչ: Դրա համար սիրողական մակարդակում հաջողությունների հասնող մեր բռնցքամարտիկներին պետք հետզհետե ներգրավենք պրոֆեսիոնալ մակարդակ:
Շատ եմ հարգում օլիմպիական մրցաձևը, ես նույնպես այդ մակարդակում եմ բռնցքամարտել, բայց քչերն են Վասիլի Լոմաչենկոյի պես: Նա Օլիմպիական կրկնակի չեմպիոն դառնալուց հետո անմիջապես ուզում էր պրոֆեսիոնալ մակարդակում չեմպիոնական գոտու համար մենամարտել, ինչո՞ւ թույլ չտվեցին, իսկ առաջին մենամարտի անունն էլ «պարտություն» դրեցին, ինչն իրականում այդպես չէր: Տեսնելով այդ ամենը՝ նա ասաց. «Երկրորդ մենամարտը պետք է գոտու համար լինի կամ այլևս չեմ մենամարտի»: Տվեցին հնարավորություն, և նա իր երկրորդ մենամարտով դարձավ աշխարհի չեմպիոն: Այդ պահի դրությամբ նա ուներ մոտավորապես 400 սիրողական մենամարտի փորձ, որոնցից միայն մեկն էր պարտվել: Նրան օրինակ եմ բերում՝ որպես բացառություն, մյուսներին հարկավոր է օլիմպիական բռնցքամարտին զուգահեռ վարկանիշ հավաքել նաև պրոֆեսիոնալ ռինգում:
- Բայց արդյոք Հայաստանում կա՞ նման հիերարխիայի գիտակցություն, որ եթե բռնցքամարտիկը սկսել է սիրողական բռնցքամարտում, նրա հաջորդ քայլը պետք է լինի պրոֆեսիոնալ մակարդակ տեղափոխությունը:
- Ստիպողաբար չէ. մարզիկն ինքը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է գնալ այդ դժվար ճանապարհով: Իմ կարծիքով՝ բռնցքամարտն ամենաբարդ մարզաձևն է աշխարհում: Մեկ մենամարտին պատրաստվելը 3-4 ամիս է պահանջում, կտրվում ես հարազատներից, ընտանիքից, ամեն ինչից: Բռնցքամարտն ապրելակերպ է: Շատ կարևոր է նաև, որ բռնցքամարտիկն ունենա ճիշտ մարզիչ, մենեջեր, պրոմոութեր: Մեր խորհրդի ամենակարևոր առաքելությունը հայ մարզիկներին զերծ պահելն է սխալ պայմանագրերից, վատ մենեջերներից ու պրոմոութերներից: Բռնցքամարտի աշխարհում դա անխուսափելի հատում է:
- Եթե աշխարհում պրոֆեսիոնալ բռնցքամարտով են ճանաչում մարզաձևը, Հայաստանում շատերն անտեղյակ են օլիմպիական ու պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբերություններին: Մարդիկ կարծում են՝ սիրողականում աշխարհի չեմպիոն դարձած բռնցքամարտիկն ուժեղագույնն է աշխարհում:
- Ցավոք, այդպես չէ: Այդուհանդերձ սիրողական բռնցքամարտի բազան օգնում է պրոֆեսիոնալ մակարդակում մենամարտել: Դա շատ կարևոր փորձ է: Մեզ մոտ օլիմպիական բռնցքամարտի մրցաշարեր ավելի հաճախ են անցկացվում, իսկ նույն Լատինական Ամերիկայում՝ պրոֆեսիոնալ:
- Ըստ Ձեզ՝ որքա՞ն ժամանակ է հարկավոր անցկացնել սիրողական բռնցքամարտում, որ հետո սահուն անցում լինի պրոֆեսիոնալ մակարդակ:
- Պրոֆեսիոնալում թույլատրվում է հանդես գալ 18 տարեկանից: Բայց ես ոչ թե կոնկրետ ժամանակահատված կառանձնացնեի, այլ մենամարտերի քանակ: Սիրողականին զուգահեռ բռնցքամարտիկը նաև 7-8 մենամարտ պետք է անցկացնի պրոֆեսիոնալ մակարդակում, որպեսզի հիմնովին դառնա պրոֆեսիոնալ: Այդպես նա հետաքրքիր կլինի նաև պրոմոութերական ընկերությունների համար:
- Ակնհայտ է, որ պրոֆեսիոնալ ռինգը նաև մեծ ճանաչում է բերում:
- Այո՛, ես բոլորին հարց եմ տալիս, թե քանի բռնցքամարտիկի անուն գիտեն: Բոլորը սկսում են նշել՝ Մայք Թայսոն, Մոհամեդ Ալի, Ֆլոյդ Մեյվեզեր, մեր բռնցքամարտիկներին՝ Վիկ Դարչինյան, Արթուր Աբրահամ... Բռնցքամարտին ավելի շատ հետևողները նշում են Քրոուֆորդ, Սպենս: Ես ասում եմ՝ ոչ մի սիրողական բռնցքամարտիկի անուն չտվեցիք, միայն պրոֆեսիոնալներ են:
Մեր պետությունն էլ միայն աջակցում է սիրողական բռնցքամարտին, բայց երբ նրանց անուններ ես հարցնում, պրոֆեսիոնալների են նշում: Որ հիմա էլ Ձեզ հարցնեմ, թե որ բռնցքամարտիկներն են առաջինը գալիս ձեր մտքին, բացի իմ թվարկածներից, ո՞ւմ կնշեք:
- Ռոյ Ջոնս, Լենոք Լյուիս, Սաուլ Ալվարես, Մենի Պակյաո...
- Տեսնո՞ւմ եք՝ նրանք էլ են պրոֆեսիոնալներ: Բացառությամբ Ռոյ Ջոնսից, որը մասնակցել է Սեուլի 1988-ի Օլիմպիական խաղերին: Այն ժամանակ խայտառակ մրցավարության պատճառով ոսկե մեդալը նրան չտվեցին: Ցավոք, բռնցքամարտն այդպիսին է: Վերջերս Ուսիկ – Ֆյուրի ռևանշն էր, Թայսոնն ասում էր, որ առնվազն երեք ռաունդ հաղթել է:
- Իսկ Դուք ի՞նչ եք կարծում:
- Ես էլ կարծում եմ՝ Ֆյուրին հաղթեց 3 ռաունդի առավելությամբ:
- Ճի՞շտ է, որ Ռոյ Ջոնսը Ձեր սիրելի բռնցքամարտիկն է:
- Սիրելիներից մեկը:
- Իսկ ժամանակակիցների՞ց, եթե հայերին չհաշվենք:
- Թերենս Քրոուֆորդը. 10 տարի առաջ էլ նրա պես չի եղել, 10 տարի հետո էլ չի լինի: Ինձ համար մեծագույն բռնցքամարտիկ է նաև Վասիլի Լոմաչենկոն, որը շաբաթներ առաջ հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Բռնցքամարտի համար դա մեծ կորուստ է:
Հայաստանն էլ պակաս բռնցքամարտիկներ չի ունեցել: Ի վերջո մենք Վարազդատ թագավորի ու Վլադիմիր Ենգիբարյանի ժառանգներն ենք: