Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն որոշել է, որ թիմի ֆուտբոլիստներ Դանի Սեբալյոսն ու Էդուարդո Կամավինգան այս ամռանը չեն հեռանա, հաղորդում է Cadena SER-ը:
Բասկ մասնագետը խոչընդոտել է Սեբալյոսի հեռանալը և պատրաստվում է նրան կարևոր դեր տալ թիմում 2025/26 մրցաշրջանում: Ալոնսոն 28-ամյա ֆուտբոլիստին ասել է, որ նրան համարում է «կարևոր ակտիվ» և ցանկանում է, որ նա ապացուցի իր կարողությունները նախամրցաշրջանային պատրաստության ժամանակ, որը սկսվում է օգոստոսի 4-ին:
Ինչ վերաբերում է Էդուարդո Կամավինգային, ապա նա դեռևս 4 տարվա պայմանագիր ունի «Արքայական ակումբի» հետ: Ֆրանսիացու շրջապատն «անհնար» է համարում այս ամռանը նրա՝ ակումբից հեռանալը:
Երկու խաղացողներն էլ հաճախ են վնասվածք ստանում, բայց վճռականորեն սպասում են նոր մրցաշրջանին՝ «Ռեալում» իրենց ժառանգությունն ամրապնդելու համար:
Չնայած Վալդեբեբասի գրասենյակներում ներկայիս դիրքորոշումն այն է, որ Սեբալյոսն ու Կամավինգան չեն հեռանա, այդուհանդերձ ակումբը ոչ մի խաղացողի անփոխարինելի չի համարում:


