5 հանդիպումներով մեկնարկեց Fastex Պրեմիեր լիգայի 34-րդ առաջնությունը:
FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով.
1. Դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տարան, 3 խաղ ավարտվեց ոչ-ոքի: 5 հանդիպումներում խփվեց 11 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,2 գոլ): Fastex Պրեմիեր լիգայի 34-րդ առաջնության առաջին գոլի հեղինակը գանձասարցի Լյուկ Մերիլն էր, որը 34-րդ րոպեին գրավեց արարատցի Պողոս Այվազյանի պաշտպանած դարպասը:

Առաջին 11մ հարվածն էլ նշանակվեց «Գանձասարի» դարպասին, սակայն արարատցի Մամադու Դումբիայի հարվածը շատ բարձր ստացվեց:
2. Հայաստանի չեմպիոն «Նոան» «Շիրակի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակով մեկնարկեց Fastex Պրեմիեր լիգայի 34-րդ առաջնությունում: Դա «Նոայի» հոբելյանական՝ 100-րդ հաղթանակն էր Հայաստանի առաջնություններում անցկացրած 219 հանդիպումներում: Այդ հաղթանակներում իրենց ներդրումն են ունեցել թիմը գլխավորած 13 մարզիչներից 11-ը: Fastex Պրեմիեր լիգայում «Նոան» առավել շատ հաղթանակներ է տոնել Ռուի Մոտայի գլխավորությամբ՝ 24:
Վերջին 6 առաջնություններում գործող չեմպիոններն ընդամենը 2 անգամ են հաղթանակով մեկնարկել: Նախորդ անգամ 2023/24թթ. առաջնության մեկնարկում հաղթել էր «Ուրարտուն»՝ 2-1 հաշվով պարտության մատնելով ԲԿՄԱ-ին:
3. «Շիրակը» Հայաստանի առաջնություններում անցկացրած 893 հանդիպումներում 300-րդ պարտությունը կրեց: «Նոայի» հետ առաջնության վերջին 4 խաղերում էլ շիրակցիները պարտվել են, որից 3-ում՝ խոշոր հաշվով:
4. Հայաստանի առաջնություններում ԲԿՄԱ-ի և «Ուրարտուի» միջև կայացած հանդիպումներում առաջին ոչ-ոքին գրանցվեց: Մինչև այդ 13 խաղում հաղթել էր «Ուրարտուն», 2 անգամ հաջողությունն ուղեկցել էր բանակայիններին:
5. «Փյունիկը» վերջին 3 առաջնություններում 2-րդ անգամ հաղթանակով մեկնարկեց: Հետաքրքիր է, որ 2023/24թթ. առաջնության մեկնարկային տուրում փյունիկցիները հաղթել էին հենց «Ալաշկերտին»՝ մրցակցի դարպասը խփելով 2 անպատասխան գնդակ: Իսկ նախորդ առաջնությունը «Փյունիկը» սկսել էր «Ուրարտուի» հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիով:
6. Նարդին Մուլահուսեյնովիչը գոլով նշեց նորամուտը Fastex Պրեմիեր լիգայում «Նոայում»:
7. Հրայր Մկոյանը նորամուտը նշեց «Վանում», որը նրա ֆուտբոլային հարուստ կարիերայում հայկական 8-րդ ակումբն է: Ընթացիկ առաջնության ամենատարեց ու ամենափորձառու ֆուտբոլիստը 19-րդ մրցաշրջանն է անցկացնում Հայաստանում:

Մկոյանը դարձավ Fastex Պրեմիեր լիգայում չարենցավանյան թիմի կազմում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը՝ թիմի կազմում նորամուտը նշելով 38 տարեկան 336 օրականում: «Վանի» ավագը գերազանցեց թիմի նախկին դարպասապահ Նիկոլայ Ցիգանի ռեկորդային ցուցանիշը: Նա իր վերջին խաղը «Վանում» անցկացրել է 37 տարեկան 118 օրականում:
8. Նախկինում «Արարատում» և «Նոայում» հանդես եկած Դենիս Դեդեչկոն էլ գերազանցեց Նիկոլայ Ցիգանի ռեկորդային ցուցանիշը՝ դառնալով Fastex Պրեմիեր լիգայում «Վանում» խաղացած ամենատարեց լեգեոնականը: Նա թիմի կազմում նորամուտը նշեց 38 տարեկան 33 օրականում:

9. Ջուլիեն Բատիոնոն ոչ միայն բացեց գոլերի հաշիվն «Ալաշկերտում», այլև դարձավ ինքնագոլի հեղինակ, որն առաջինն էր մեկնարկած առաջնությունում: Նախորդ առաջնությունում Բատիոնոն «Վանի» կազմում 2 գոլ էր խփել:
10. «Արարատ-Արմենիայում» Հայաստանի առաջնություններում նորամուտը նշած Միսակ Հակոբյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց:


