Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղում սեփական դաշտում 0-3 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին և մարտի 23-ին Թբիլիսիում կայանալիք պատասխան հանդիպումից առաջ հայտնվեց չափազանց բարդ իրավիճակում:
FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:
1.Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարերում հոբելյանական՝ 25-րդ խաղում 12-րդ պարտությունը կրեց: Մնացած հանդիպումներից 9-ում ՀՀ հավաքականը հաղթել է, 4-ում գրանցվել է ոչ-ոքի, խփել է 35 գոլ, բաց է թողել 43 գնդակ:
2. Հայաստանի հավաքականը տնային հանդիպումներում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ կրկին չգտնելով մրցակցի դարպասի բանալին: Նախորդ խաղերում մեր ֆուտբոլիստներն Ազգերի լիգայի մրցաշարում զիջել էին Հյուսիսային Մակեդոնիայի (0-2) և Ֆարերյան կղզիների (0-1) հավաքականներին: 274 րոպե շարունակ Հայաստանի հավաքականը սեփական դաշտում չի կարողացել գրավել մրցակցի դարպասը:
Վերջին գոլը «Հանրապետական» մարզադաշտում հավաքականը խփել է նախորդ տարվա սեպտեմբերի 7-ին լատվիացիների հետ Ազգերի լիգայի խաղի 86-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի դիպուկ հարվածի շնորհիվ: Այդ խաղում մեր հավաքականը հաղթել էր 4-1 հաշվով:
3. Հայաստանի հավաքականին կրկին չհաջողվեց սեփական դարպասն անառիկ պահել: Վերջին 28 հանդիպումներում մրցակիցներին մշտապես հաջողվել է խոցել Հայաստանի հավաքականի դարպասը՝ ընդհանուր առմամբ խփելով 55 գոլ: Այդ հանդիպումներից միայն 5-ում է հավաքականը հաղթել, 5-ն ավարտել է ոչ-ոքի, 18-ում պարտվել է, խփել է 29 գոլ: Այս ցուցանիշը Հայաստանի հավաքականի պատմության մեջ յուրօրինակ հակառեկորդ է:
Վերջին անգամ հավաքականը գոլ բաց չի թողել 2022թ. հունիսի 4-ին Երևանում Իռլանդիայի հետ Ազգերի լիգայի խաղում (1-0), որտեղ դարպասը պաշտպանում էր Դավիթ Յուրչենկոն:
4. Հայաստանի հավաքականը 3-րդ տարին անընդմեջ մրցաշրջանը պարտությամբ սկսեց: Նախորդ երկու մրցաշրջանների մեկնարկային խաղերում հավաքականը պարտվել էր Թուրքիային՝ 1-2 (ԵԱ) և Կոսովոյին՝ 0-1 (Ը): Վերջին անգամ հավաքականը մրցաշրջանը հաղթանակով է սկսել 2022թ.՝ Երևանում կայացած ընկերական խաղում նվազագույն հաշվով առավելության հասնելով Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ:
5. Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների 8-րդ հանդիպումն ավարտվեց մրցակցից մեր ֆուտբոլիստների կրած 4-րդ պարտությամբ: Ընդ որում՝ Երևանում Հայաստանի հավաքականն առաջին անգամ պարտվեց վրացիներին: Մինչև այդ սեփական դաշտում 2000թ. ապրիլի 26-ին վրացիների հետ կայացած միակ խաղում, որն ընկերական էր, գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
Հայաստանի հավաքականը տարել է 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 8 գոլ, բաց է թողել 17 գնդակ:
6. Վրաստանի հավաքականը ռևանշի հասավ Ազգերի լիգայի 2020/21թթ. մրցաշրջանում Թբիլիսիում Հայաստանից 1-2 հաշվով կրած պարտության համար: Երևանյան հանդիպումն Ազգերի լիգայի մրցաշարերում մրցակիցների 3-րդ մրցավեճն էր: Առաջին խաղում գրանցվել էր մարտական ոչ-ոքի՝ 2-2:
Հայաստանի հավաքականը վրացիներից խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց: Առաջինը գրանցվել էր 1997թ. մարտի 30-ին՝ Թբիլիսիում կայացած ընկերական խաղում, որտեղ մեր հավաքականը Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ պարտվել էր 0-7 հաշվով:
Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով 43 պարտություն է կրել: Նախորդ պարտությունը գրանցվել էր 2022թ. սեպտեմբերի 24-ին՝ Երևանում Ուկրաինայի հավաքականի հետ կայացած Ազգերի լիգայի խաղում՝ 0-5:
7. Տիգրան Բարսեղյանը երկարատև ընդմիջումից հետո կրկին հագավ հավաքականի մարզաշապիկը: Նախորդ խաղը հավաքականում Բարսեղյանն անցկացրել էր 2023թ. հոկտեմբերի 17-ին Ստրումիցայում Հյուսիսային Մակեդոնիայի հետ (1-3):
8. Ջոն վան'տ Սխիպը Հայաստանի ազգային հավաքականը գլխավորած 24-րդ մարզիչն է, 12-րդ այլազգի մասնագետը: Նա Հենկ Վիսմանից հետո Հայաստանի ազգային հավաքականը գլխավորած նիդերլանդցի 2-րդ մարզիչն է: Ջոն վան'տ Սխիպը միացավ այն 13 մարզիչներին, որոնք հավաքականում իրենց նորամուտը պարտությամբ էին նշել:
9. Նիկոլաս Կալուկյանը նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում: Նա դարձավ հավաքականի 260 հանդիպումներում ընդհանուր առմամբ խաղադաշտ դուրս եկած 242-րդ ֆուտբոլիստը:
10. Արտակ Դաշյանն ընդգրկվեց Հայաստանի ազգային հավաքականում մինչև օրս հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Վրաստանի հավաքականի հետ խաղում նա 35 տարեկան 120 օրական էր: Դաշյանը տասնյակից դուրս մղեց Մարկոս Պիզելիին, որն իր վերջին հանդիպումը հավաքականում անցկացրել էր 35 տարեկան 9 օրականում:
Դաշյանն Ազգերի լիգայում հավաքականում խաղացած ամենատարեց 4-րդ ֆուտբոլիստն է: Այս ցուցանիշով նրանից առաջ են Դավիթ Յուրչենկոն (36 տարեկան 184 օրական), Հրայր Մկոյանը (36 տարեկան 25 օրական) և Օգնյեն Չանչարևիչը (35 տարեկան 176 օրական) հետո: