Մադրիդի «Ռեալի» ավագ Լուկա Մոդրիչն ու ակումբը համաձայնության են եկել, որ ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունից հետո խորվաթ ֆուտբոլիստը կհեռանա «Արքայական ակումբից», հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը:
««Ռեալն» իր երախտագիտությունն ու խոր կապվածությունն է հայտնում մի մարդու, որն արդեն դարձել է մեր ակումբի ու համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկը»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ:
«Ոսկե գնդակի» նախկին դափնեկիրը «Ռեալին» միացել է 2012 թվականին, թիմի կազմում անցկացրել 590 խաղ, խփել 43 գոլ: Նա ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է ակումբի պատմության մեջ:
👏 #GraciasLuka 👏 pic.twitter.com/ku6NIP56t5
— Real Madrid C.F. (@realmadrid) May 22, 2025
«Լուկա Մոդրիչը հավերժ կմնա «Ռեալի» բոլոր երկրպագուների սրտերում՝ որպես եզակի ու օրինակելի ֆուտբոլիստ, որը միշտ ներկայացրել է Մադրիդի «Ռեալի» արժեքները: Նրա ֆուտբոլը գրավել է «Ռեալի» և ամբողջ աշխարհի երկրպագուներին: Նրա ժառանգությունը հավերժական է»,- ասել է «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Լա լիգայի 38-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ» խաղին ակումբը հարգանքի տուրք կմատուցի Լուկա Մոդրիչին: