Դերասան Ալեքսանդր Խաչատրյանն ու դերասանուհի Ալիս Կապլանջյանը շուրջ 50 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել են: Այս մասին պատմել է դերասանը «LIFEROOM» հաղորդման շրջանակում:
Ամալյա Հովհաննիսյանի հետ զրույցում նա անկեղծացել է կյանքի նոր փուլի, իր երիտասարդ կողակցի և Հայաստանի հանդեպ սերը նորովի բացահայտելու մասին.
«Բաժանումից հետո մոտ մեկ տարի ես մենակ էի ապրում։ Իհարկե, մի քիչ ծանր է մենակ լինելը։ Չգիտեմ՝ կնոջ համար ինչպես է, բայց հատկապես տղամարդու համար շատ դժվար է։ Բայց կարծում եմ՝ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, որովհետև անընդհատ վիճելն էլ մի կյանք չէ, էլի»,- անկեղծացել է նա:
Նա վստահեցրել է, որ իր երիտասարդ ընտրյալը որևէ կապ չունի իր բաժանման հետ.
«Մեր հարաբերությունները շատ հետո սկսվեցին։ Կարծում եմ՝ գոնե առայժմ մենք լրացնում ենք իրար։ Երկուսս էլ ազատ մարդիկ ենք. այնպես չէ, որ պարտավորություններով ծանրաբեռնված ենք։ Ինքն իր երեխաներին է նվիրված, ես՝ իմ երեխաներին, և մենք բավական համերաշխ ենք։ Եվ հա, մենք իրար հետ։ Շատ կարևոր է կողքիդ ունենալ մի մարդու, որը քեզ հասկանում է, և որին դու ես հասկանում։ Մենք լրացնում ենք իրար»։
Դերասանը պատմել է, որ ներկայումս ամուսնություն չեն պլանավորում, բայց տարիքային տարբերությունը չի խանգարում նրանց հետագայում մտածել այդ մասին:

Ալեքսանդր Խաչատրյանը 1992թ.-ից բնակվում է ԱՄՆ-ում: Նա խոստովանել է, որ հայրենքից հեռու ապրելը դժվար է, մանավանդ երբ ընտանիքի հետ ես.
«Երբ հնարավորություն եղավ կրկին Հայաստան գալու, հասկացա, թե ինչքան եմ կապված իմ երկրի հետ, ինչքան են իմ արմատները հզոր ու ամուր այստեղ։ Գիտեք, մարդն արժևորում է իր ունեցածն այն ժամանակ, երբ կորցնում է: Չէի պատկերացնում, որ այսքան կապված եմ իմ երկրին: Ինձ համար Հայաստանն ամեն ինչ է»,- նշել է Ալեքսանդր Խաչատրյանը:


