Եվրագավաթների մասնակից հայկական 4 թիմերից 3-ը մրցաշարին կներկայանան նոր գլխավոր մարզիչների գլխավորությամբ: Ընդ որում նրանցից երկուսը՝ «Նոան» գլխավորած խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը և «Արարատ-Արմենիայի» նորանշանակ մարզիչ Տուլիպան իրենց նորամուտն են նշելու հայկական ֆուտբոլում:
Իսկ «Ուրարտուն» կրկին գլխավորած Ռոբերտ Արզումանյանը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը Եվրագավաթներում նշել էր 2021թ. հուլիսի 8-ին: Այդ օրն «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջել էր Սլովենիայի «Մարիբորին»: Պատասխան խաղում էլ «Ուրարտուն» կրկին պարտվել էր նույն հաշվով:
1994թ. մինչ օրս Եվրագավաթներին մասնակցած հայկական ակումբներն ընդհանուր առմամբ գլխավորել են 52 մարզիչներ: Եղիշե Մելիքյանը մի քանի ցուցանիշներով ռեկորդակիր է մարզիչների մեջ: Նրա գլխավորած թիմերը Եվրագավաթներում բոլորից շատ՝ 29 խաղ են անցկացրել և առավել հաճախ՝ 11 անգամ հաղթել են մրցակիցներին: Փորձառու մարզչին հաջողվել է 6 անգամ հաղթահարել մրցակիցների արգելքը:
Ինչպես հայտնի է, Եղիշե Մելիքյանը Հայաստանում մարզչական գործունեությունը սկսել է «Ալաշկերտում», որի գլխավոր մարզչի պաշտոնում էլ նշել է նորամուտը Եվրագավաթներում: Այն հաջող չէր Մելիքյանի համար: 2020թ. օգոստոսի 27-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվեց Հս. Մակեդոնիայի «Ռենովային» ու դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով դիմակայությունը մեկ խաղից էր:
Իսկ ահա «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում Մելիքյանի նորամուտը Եվրագավաթներում շատ հաջող է ստացվել: Նրա գլխավորությամբ փյունիկցիները 2022/23թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հաղթահարել են ռումինական «Կլուժի» արգելքը: Առաջին խաղում սեփական դաշտում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի, հյուրընկալվելիս մրցակիցները 2-ական գնդակ էին փոխանակել, իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում 4-3 հաշվով հաղթել էր «Փյունիկը»:
Եվրագավաթների այդ խաղարկությունում Եղիշե Մելիքյանը մարզիչների մեջ ևս մեկ ինքնատիպ նվաճման հասավ՝ դառնալով միակը, որի գլխավորած թիմը հանդես է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում: Այդ փուլի ուղեգիրը «Փյունիկը» նվաճել էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ երկխաղյա դիմակայությունում հաղթելու շնորհիվ՝ 0-1, 4-1:
Եվրագավաթների նախորդ խաղարկությունում յուրօրինակ ռեկորդ սահմանեց «Նոայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան: Պորտուգալացի մասնագետը Եվրագավաթներում նորամուտը 3 անընդմեջ հաղթանակով նշած միակ մարզիչն է: Նրա գլխավորությամբ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում հաղթել էր «Շկենդիային» (2-0, 2-1) և Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին» (7-0): Էլ ավելի տպավորիչ էր Մոտայի մեկ այլ ռեկորդային ցուցանիշը: Նրա սաներին հաջողվեց հաջորդաբար պայքարից դուրս մղել իր բոլոր 4 մրցակիցներին:
Եվրագավաթներին մասնակցած հայկական ակումբների 52 մարզիչներից միայն 12-ին է հաջողվել նորամուտը հաղթանակով նշել: FastNews-ը ներկայացնում է նրանց ցանկը:
Մարզիչներ |
Մրցակիցը |
Հաշիվը |
Թվական |
1. Խորեն Հովհաննիսյան |
ՀԻԿ Ֆինլանդիա |
3-1 |
1996/97 |
2. Սամվել Պետրոսյան |
ԱԵԿ Կիպրոս |
1-0 |
1996/97 |
3. Օսկար Լոպես |
«Տամպերե» Ֆինլանդիա |
4-0 |
2002/03 |
4. Միխայ Ստոյկիցա |
«Ռեյկյավիկ» Իսլանդիա |
1-0 |
2003/04 |
5. Վարդան Մինասյան |
«Պոբեդա» Մակեդոնիա |
3-1 |
2004/05 |
6. Նիկոլայ Կիսելյով |
«Ամերի» Վրաստան |
1-0 |
2006/07 |
7. Վարդան Բիչախչյան |
«Ռուդար» Չեռնոգորիա |
1-0 |
2012/13 |
8. Աբրահամ Խաշմանյան |
«Սենթ Ջոնսթոն» Շոտլանդիա |
1-0 |
2015/16 |
9. Անդրեյ Տալալաև |
«Վարդար» Մակեդոնիա |
1-0 |
2018/19 |
10. Գրիգորի Միխայլուկ |
«ԿուՊՍ» Ֆինլանդիա |
1-0 |
2021/22 |
11. Կարեն Բարսեղյան |
«Համրուն Սպարտանս» |
1-0 |
2022/23 |
12. Ռուի Մոտա |
«Շկենդիա» Մակեդոնիա |
2-0 |
2024/25 |