Fastex Պրեմիեր լիգայում նոյեմբերի 20-ին կմեկնարկի 17-րդ տուրը:
FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Ուրարտու» - «Շիրակ»
Նոյեմբերի 20, ժամը՝ 17:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
92 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 42 անգամ, «Շիրակը»՝ 25, գրանցվել է 25 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 148-84
1-ին շրջան. 14.09.2024 «Շիրակ» - «Ուրարտու»՝ 0-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Իվան Իգնատև 16՛, 0-2՝ Օլեգ Պոլյակով 79՛:
«Ուրարտու»՝ 1-ին տեղ (32 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (18 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Միջազգային դադարից առաջ կայացած Fastex Պրեմիեր լիգայի նախորդ տուրն անհաջող էր «Ուրարտուի» համար, որը Չարենցավանում 1-3 հաշվով պարտվեց «Վանին»: Դա առաջնության վերջին 3 խաղերում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի 2-րդ պարտությունն էր: Չնայած միավորների զգալի կորստին, «Ուրարտուն» դեռ պահպանում է առաջատարի իր դիրքը:
2. Իսկ ահա «Շիրակը» հյուրընկալվելիս մեկ միավոր վաստակեց՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով «Վեստ Արմենիայի» հետ հանդիպումը: Առաջնության վերջին 3 խաղերում շիրակցիներն անպարտելի են՝ վաստակելով 5 միավոր: «Շիրակը» կարող է Fastex Պրեմիեր լիգայում 400-րդ հաղթանակը տոնել, եթե պարտության մատնի մրցակցին:
3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 13 հանդիպումներն անցել են «Ուրարտուի» առավելությամբ, որը տարել է 8 հաղթանակ, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի՝ միակ պարտությունը կրելով այս տարվա մարտի 2-ին Գյումրիում կայացած խաղում (0-1):
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Ժիրար Մարգարյանն «Ուրարտուի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Արսեն Բալաբեկյան - 8-ական գոլ:
«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան - 8 գոլ:
«Նոա» - «Արարատ»
Նոյեմբերի 20, ժամը՝ 18:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
24 խաղ, «Նոան» հաղթել է 9 անգամ, «Արարատը»՝ 6, գրանցվել է 9 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 29-27
1-ին շրջան. 15.09.2024 «Արարատ» - «Նոա»՝ 2-1 (0-0)
Գոլերը՝ 0-1՝ Հելդեր Ֆեռեյրա 47՛, 1-1՝ Իլարիոն Գուռ 78՛, 2-1՝ Մուսա Կանտե 90+1՛:
«Նոա»՝ 4-րդ տեղ (25 միավոր), «Արարատ»՝ 7-րդ տեղ (14 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Նոան» Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի: Նախորդ տուրում Ռուի Մոտայի գլխավորած թիմն առաջնությունում 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Ալաշկերտի» դարպասը, որին առաջին շրջանում հաղթել էր 6-0 հաշվով: Ընթացիկ առաջնությունում Հայաստանի փոխչեմպիոնը խոշոր հաշվով 4-րդ հաղթանակը տոնեց:
2. «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել 7 անընդմեջ պարտությունների շարքը՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Արարատ-Արմենիայի» հետ: Իսկ ահա գոլային երաշտը թիմում շարունակվեց՝ հասնելով 385 րոպեի: Առաջնության վերջին 4 խաղերում արարատցիները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Էլ ավելի տխուր է «Արարատի» վերջին 8 խաղերի վիճակագրությունը: Տիգրան Եսայանի գլխավորած թիմն այդ խաղերից միայն մեկում է գոլ խփել՝ երկու անգամ գրավելով «Արարատ-Արմենիայի» դարպասը:
3. Առաջնության առաջին շրջանում տարած հաղթանակով «Արարատն» ընդհատել էր «Նոայի» հետ հանդիպումներում կրած 4 անընդմեջ պարտությունների շարքը: Նախորդ հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատը» տարել էր 2022/23թթ. առաջնության 4-րդ շրջանում Կասիմ Հաջիի խփած միակ գոլի շնորհիվ:
4. Դարպասն անառիկ պահելու դեպքում 21-ամյա Տիագո Գոմեսը 2024թ. օրացուցային տարում Հայաստանի առաջնության հանդիպումներում 10-րդ «չոր» խաղը կանցկացնի ու կգերազանցի Անատոլի Այվազովի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում հանդես եկած այլազգի դարպասապահներից առավել հաճախ՝ 9 անգամ դարպասն անառիկ է պահել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Արտյոմ Սիմոնյան, Արթուր Միրանյան - 3-ական գոլ:
«Արարատ»՝ Էդգար Մալաքյան - 4 գոլ:
«Արարատն» այս խաղում կազմի լուրջ կորուստներ կունենա: Հանդիպմանը չեն մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Սանդրո Տրեմուլեն և 5-րդ զգուշացումը ստացած Գոռ Մալաքյանը:
«Փյունիկ» - «Վեստ Արմենիա»
Նոյեմբերի 21, ժամը՝ 17:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
5 խաղ, որոնցում հաղթել է «Փյունիկը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 15-5
1-ին շրջան. 13.09.2024 «Վեստ Արմենիա» - «Փյունիկ»՝ 1-3 (0-2)
Գոլերը՝ 0-1՝ Ագդոն Մենեզես 4՛, 0-2՝ Յուսուֆ Օտուբանջո 38՛, 1-2՝ Արթուր Դանիելյան 65՛, 1-3՝ Սերժ Դեբլե 87՛:
«Փյունիկ»՝ 2-րդ տեղ (31 միավոր), «Վեստ Արմենիա»՝ 8-րդ տեղ (14 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.«Փյունիկը» երկշաբաթյա ընդմիջումից հետո կրկին խաղադաշտ դուրս կգա: Նոյեմբերի 7-ին «Գանձասարի» հետ անցկացրած վերջին խաղում փյունիկցիներն աչքի ընկան արդյունավետությամբ՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
Հայաստանի գործող չեմպիոնը 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, ինչը լավագույն արդյունքն է մասնակից թիմերի մեջ: Վերջին 3 խաղերում Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասն անառիկ է մնացել:
2. «Վեստ Արմենիան» նախորդ տուրում տնային խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ: Վերջին երկու խաղերում Պատրիկ Պապյանի գլխավորած թիմը գոլ չի խփել՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր:
3. «Փյունիկը» Fastex Պրեմիեր լիգայի այն 3 թիմերից մեկն է (մյուս թիմերն են «Արարատն» ու «Նոան»), որի հետ հանդիպումներում «Վեստ Արմենիան» դեռ միավոր չի վաստակել: Ընդ որում փյունիկցիները 5 խաղերից երկուսում հաղթել են խոշոր հաշվով:
4. «Գանձասարի» հետ նախորդ տուրի հանդիպումը հիշարժան էր Յուսուֆ Օտուբանջոյի համար: Հեթ-տրիկ ձևակերպելով, նիգերիացի հարձակվողը պատմական նվաճման հասավ՝ 76 գնդակով դառնալով Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը: Նա գերազանցեց բրազիլացի Մարկոս Պիզելիի ցուցանիշը, որի օգտին 75 գոլ էր գրանցված:
Եթե Օտուբանջոյին հաջողվի գրավել «Վեստ Արմենիայի» դարպասը, ապա «Փյունիկի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գոլը կխփի:
5. Արտակ Գրիգորյանն էլ «Գանձասարի» հետ խաղում բացել էր գոլերի հաշիվը «Փյունիկում»՝ դառնալով ընթացիկ առաջնությունում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ 37 տարեկան 19 օրական: Գրիգորյանն ընդգրկվել էր «Փյունիկի» կազմում Հայաստանի առաջնություններում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում: Ցանկը գլխավորում է Սարգիս Հովսեփյանը (39 տարեկան 281 օրական), որին հաջորդում է Խորեն Հովհաննիսյանը (38 տարեկան 154 օրական):
6. «Գանձասարի» հետ խաղում ևս մեկ հետաքրքիր իրադարձություն էր տեղի ունեցել: Ժիրայր Աշիկյանն իր ծննդյան 16-ամյակի օրը նորամուտն էր նշել «Փյունիկի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում: Խորհրդանշական էր, որ նա փոխարինել էր թիմի ամենատարեց ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանին ու նրանից ստացել էր ավագի թևկապը:
7. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արամ Քոչարյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Փյունիկ»՝ Յուսուֆ Օտուբանջո - 6 գոլ:
«Վեստ Արմենիա»՝ Զախար Տարասենկո - 2 գոլ:
«Արարատ-Արմենիա» - «Գանձասար»
Նոյեմբերի 21, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
1 խաղ, որում հաղթել է «Արարատ-Արմենիան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-0
1-ին շրջան. 14.09.2024 «Գանձասար» - «Արարատ-Արմենիա»՝ 0-3 (0-2)
Գոլերը՝ 0-1՝ Ալեքսիս Ռոդրիգես 16՛, 0-2՝ Արմեն Համբարձումյան 32՛, 0-3՝ Էրիկ Օկանսի 63՛:
11-րդ րոպեին Սարգիս Շահինյանը չիրացրեց 11մ հարվածը (Դանիլո Կուչերը հետ մղեց գնդակը): 45+9-րդ րոպեին Բերտրան Մանին չիրացրեց 11մ հարվածը (հորիզոնական ձողին):
«Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (31 միավոր), «Գանձասար»՝ 11-րդ տեղ (2 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.«Արարատ-Արմենիան» նախորդ տուրում կարող էր ստանձնել առաջնության առաջատարի դերը, սակայն «Արարատի» հետ մրցավեճում երկու թանկարժեք միավոր կորցրեց՝ բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքիով: Եվ դա այն դեպքում, որ արարատցիների հետ առաջնության նախորդ բոլոր 13 խաղերում էլ հաղթել էր:
«Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ խաղադաշտից հեռացավ առանց գոլի: Մինչև այդ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը միայն «Նոայի» հետ խաղում գոլ չէր խփել՝ պարտվելով նվազագույն հաշվով:
2. «Գանձասարը» բավական ժամանակ է ունեցել այս հանդիպմանը նախապատրաստվելու համար, քանի որ ԲԿՄԱ-ի հետ նախորդ տուրի խաղը հետաձգվել էր: Նոյեմբերի 7-ին «Փյունիկի» հետ կայացած վերջին խաղում կապանցիները 5 անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը՝ կրելով խոշոր հաշվով 4-րդ պարտությունը:
3. Եթե Տենտոն Յենեին հաջողվի գրավել «Գանձասարի» դարպասը, ապա 34 գնդակով կդառնա Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն: Նա կգերազանցի Մաիլսոն Լիմայի ռեկորդային ցուցանիշը:
Իսկ ահա բոլոր մրցաշարերում «Արարատ-Արմենիայում» խփած գոլերի քանակով (41) Մաիլսոն Լիման դեռ գերազանցում է Տենտոնին, որի հաշվին առայժմ 35 գոլ է գրանցված:
4. Մաիլսոն Լիմայի մեկ այլ ռեկորդային ցուցանիշը կարող է գերազանցել Ալվին Թերան, եթե մասնակցի հանդիպմանը: Դա կլինի Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» կազմում 103-րդ խաղը: Թերան կդառնա թիմում բոլորից շատ խաղ անցկացրած լեգեոնականը:
5-րդ դեղին քարտի պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ժոաո Կեյրուշը:
«Վան» - ԲԿՄԱ
Նոյեմբերի 22, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
13 խաղ, «Վանը» հաղթել է 3 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 5, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 14-22
1-ին շրջան. 13.09.2024 ԲԿՄԱ - «Վան»՝ 0-1 (0-1)
Գոլը՝ 0-1՝ Մոմո Տուրե 31՛:
«Վան»՝ 5-րդ տեղ (23 միավոր), ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (13 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Առաջնությունում կրած 4 անընդմեջ պարտություններից հետո «Վանը» կրկին սկսել է հաջող ելույթներ ունենալ: Նախորդ տուրում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը «Ուրարտուի» նկատմամբ 3-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց՝ ռևանշի հասնելով առաջին շրջանում նույնպիսի արդյունքով մրցակցից կրած պարտության դիմաց: Մինչև այդ էլ «Վանը» 4 անպատասխան գնդակ էր խփել «Արարատի» դարպասը:
2. ԲԿՄԱ-ն 16-օրյա դադարից հետո կրկին խաղադաշտ դուրս կգա: «Գանձասարի» հետ նախորդ տուրի հանդիպումը հետաձգվել էր, իսկ նոյեմբերի 6-ին «Ուրարտուի» հետ անցկացրած խաղում բանակայինները 2-4 հաշվով պարտվել էին: Դա ԲԿՄԱ-ի 4-րդ անընդմեջ պարտությունն էր:
3. Առաջնության առաջին շրջանում նվազագույն հաշվով տարած հաղթանակով «Վանն» ընդհատել էր ԲԿՄԱ-ի հետ հանդիպումներում առանց հաղթանակների 6 խաղերի շարքը, որի ընթացքում 4 անընդմեջ պարտություն էր կրել: Իսկ նախորդ հաղթանակը ԲԿՄԱ-ի նկատմամբ «Վանը» տարել էր 2022թ. հոկտեմբերի 15-ին (3-0):
4. Նախորդ երկու խաղերում Մոմո Տուրեն խաղադաշտից չէր հեռացել առանց գոլի՝ 3 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Եթե Տուրեն ԲԿՄԱ-ին էլ գոլ խփի, ապա 14 գնդակով կդառնա Հայաստանի առաջնություններում «Վանի» պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Էդգար Մովսեսյանի ռեկորդային ցուցանիշը:
Տուրեն ընթացիկ առաջնությունում իր գոլերի թիվը կհասցնի 9-ի և կկրկնի Էդգար Մովսեսյանի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը, որը սահմանել էր 2022/23թթ. առաջնությունում:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 3 գոլ:
ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան - 4 գոլ