Logo

Fastex Պրեմիեր լիգա. 2-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:21 / 09.08.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում օգոստոսի 9-ին կմեկնարկի 2-րդ տուրը: «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» և «Նոա» - ԲԿՄԱ հանդիպումները հետաձգվել են:

FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Արարատ» - «Վան»

Օգոստոսի 9, ժամը՝ 17:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

18 խաղ, «Արարատը» հաղթել է 10 անգամ, «Վանը»՝ 4, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 20-19

«Արարատ»՝ 6-րդ տեղ (1 միավոր), «Վան»՝ 7-րդ տեղ (1 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Արարատը» «Գանձասարի» հետ մեկնարկային տուրի հանդիպումն ավարտեց ոչ-ոքի (1-1), թեև լավ հնարավորություն ուներ հաղթելու: Սակայն Մամադու Դումբիան չկարողացավ դիպուկ իրացնել 11մ հարվածը: Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում արարատցիները մեկնարկել էին հաղթանակով՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Ալաշկերտի» դարպասը:

2. Ամբողջովին կազմը փոփոխած և մարզչական նոր շտաբով առաջնությանը ներկայացած «Վանը» հաջող մեկնարկեց՝ Չարենցավանում գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումն «Արարատ-Արմենիայի» հետ: Արդյունքը բնավ էլ անսպասելի չէր, քանի որ նորաստեղծ թիմում հանդես են գալիս մի քանի փորձառու ֆուտբոլիստներ՝ Հրայր Մկոյանը, Դենիս Դեդեչկոն, Գոռ Մանուկյանը, Բենիկ Հովհաննիսյանը և Խամես Սանթոսը:

3. Թեև մրցակիցների ընդհանուր դիմակայությունում «Արարատի» առավելությունը զգալի է, սակայն նախորդ առաջնությունում «Վանն» առաջին երկու խաղերում էլ հաղթել էր խոշոր հաշվով (3-0, 4-0)՝ սեփական դարպասը պահելով անառիկ: Եվ միայն 3-րդ շրջանի խաղում «Արարատին» հաջողվեց մրցակցին պարտության մատնել 2-1 հաշվով: Իսկ մինչև այդ կայացած 4 հանդիպումներում արարատցիները 3 անընդմեջ հաղթանակ էին տոնել, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Ուրոշ Նենադովիչ, Սերժ Դեբլե, Կասիմ Հաջի - 2-ական գոլ:

«Վան»՝ Մոմո Տուրե - 3 գոլ:

«Ուրարտու» - «Գանձասար»

Օգոստոսի 9, ժամը՝ 19:30, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

3 խաղ, որոնցում հաղթել է «Ուրարտուն», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-1

«Ուրարտու»՝ 3-րդ տեղ (1 միավոր), «Գանձասար»՝ 5-րդ տեղ (1 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Ուրարտուն» 2-րդ մրցաշրջանն անընդմեջ առաջնությունը սկսեց ոչ-ոքիով: ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում մրցակիցները մեկական գնդակ փոխանակեցին: Դա Հայաստանի առաջնություններում մրցակիցների միջև կայացած հանդիպումներում առաջին ոչ-ոքին էր: Նախորդ առաջնությունում էլ «Ուրարտուն» գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցել «Փյունիկի» հետ անցկացրած մեկնարկային խաղում:

Օրերս «Ուրարտուից» հեռացել է ռուս կիսապաշտպան Մաքսիմ Պալիենկոն:

2. «Գանձասարն» էլ առաջնության մեկնարկում մեկ միավոր վաստակեց՝ 1-1 հաշվով ավարտելով հանդիպումն «Արարատի» հետ: Հոգեբանական առումով դա շատ կարևոր էր գանձասարցիների համար, որոնք նախորդ առաջնությունում մեկնարկել էին 4 անընդմեջ պարտությամբ և միայն 5-րդ խաղում էին առաջին միավորը վաստակել՝ ոչ-ոքի (2-2) խաղալով «Ալաշկերտի» հետ:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության 3 հանդիպումներում էլ հաղթել է «Ուրարտուն», ընդ որում միայն 3-րդ շրջանի խաղում է «Գանձասարը» գրավել մրցակցի դարպասը: Այդ խաղում «Ուրարտուն» 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ, իսկ հաղթական գոլը Վլադիսլավ Յակովլևը խփեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին:

Դիմակայության լավագույն ռմբարկուն

«Ուրարտու»՝ Կարեն Մելքոնյան - 3 գոլ:

«Շիրակ» - «Փյունիկ»

Օգոստոսի 11, ժամը՝ 20:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

102 խաղ, «Շիրակը» հաղթել է 29 անգամ, «Փյունիկը»՝ 58, գրանցվել է 15 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 103-169

«Շիրակ»՝ 10-րդ տեղ (0 միավոր), «Փյունիկ»՝ 2-րդ տեղ (3 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Շիրակը» շատ անհաջող մեկնարկեց Fastex Պրեմիեր լիգայի 34-րդ առաջնությունում՝ Աբովյանում «Նոայի» հետ խաղում 4 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: Դա Հայաստանի առաջնություններում անցկացրած 893 հանդիպումներում «Շիրակի» 300-րդ պարտությունն էր:

2. «Փյունիկն» առաջնության մեկնարկային տուրում Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ անցկացրած իր վերջին խաղում 2-1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»: Մելիքյանը Հայաստանում մարզչական գործունեությունը սկսել էր հենց «Ալաշկերտում» 2020թ. օգոստոսին: 2020/21թթ. առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո Մելիքյանը գլխավորեց «Փյունիկը»: Նրա օրոք փյունիկցիները 2 անգամ չեմպիոն են հռչակվել, նույնքան անգամ էլ դարձել են արծաթե մրցանակակիր:

«Փյունիկից» հեռացել է նաև Սոլոմոն Իմե Ուդոն:

3. Առաջնության 2-րդ շրջանում «Փյունիկի» նկատմամբ նվազագույն հաշվով տարած հաղթանակով «Շիրակն» ընդհատել էր չեմպիոնի հետ մրցավեճում առանց հաղթանակների 11 խաղերի շարքը (2 ոչ-ոքի, 9 պարտություն): Նախորդ հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Շիրակը» տարել էր 2020թ. դեկտեմբերի 12-ին՝ երկու անպատասխան գնդակ ուղարկելով Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը:

Իսկ ահա 3-րդ շրջանի խաղում փյունիկցիները սեփական դաշտում 6-1 ջախջախիչ հաշվով պարտության մատնեցին գյումրեցիներին: Այդ խաղում երկու հաճելի հոբելյան նշեց Վարազդատ Հարոյանը: «Փյունիկի» ավագը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 500-րդ խաղն անցկացրեց, իսկ Fastex Պրեմիեր լիգայում 150-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Արթուր Պետրոսյան - 8 գոլ:

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 11 գոլ:

fastnews-ads-banner